Armenian text to speach

Սիբիրում ժանտախտի տարածման լուրերը խուճապ են առաջացրել․ իշխանությունները հերքում են բռնկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին լուրերը խուճապ են առաջացրել։ Խոսակցությունները տարածվել են այն բանից հետո, երբ տարածաշրջանի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակից Դարյա Շիպիլովան մահացել է հիվանդանոցում։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 25-ին լաբորատորիայում աշխատելու ժամանակ Շիպիլովան կոտրել է ժանտախտի հարուցիչը՝ Yersinia pestis-ը պարունակող փորձանոթ։ Մի քանի օր անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է Շելեխովի հիվանդանոց։ Բուժումը չի հաջողվել, և նա մահացել է հոկտեմբերի 2-ին։

Միջադեպից հետո շուրջ 200 մարդ գտնվել է բժշկական հսկողության տակ։ Տեղի մի շարք բուժհաստատություններում կարանտինային միջոցառումներ են իրականացվել, իսկ Շելեխովի ալյումինի գործարանում դիմակ կրելը պարտադիր է դարձել։ Բնակիչները նաև փողոցներում նկատել են պաշտպանիչ հանդերձանքով մարդկանց։

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, սակայն, հայտարարել է, որ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակը կայուն է։

Գերատեսչության տվյալներով՝ մահացած կնոջ մոտ ախտորոշվել է «անհայտ ծագման թոքաբորբ», իսկ հիվանդից վերցված նմուշների հետագա հետազոտությունները չեն հայտնաբերել նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ։

Ռոսպոտրեբնադզորը նաև հայտնել է, որ հակաժանտախտային ինստիտուտում ախտածին միկրոօրգանիզմների հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել, իսկ վերջին 10 օրվա ընթացքում հաստատության աշխատակիցներից ոչ ոք վարակիչ հիվանդության կապակցությամբ բժշկական օգնության չի դիմել։

Իշխանությունների կողմից առաջին ժամերին տեղեկատվության ոչ հստակ ներկայացումը, սակայն, սոցիալական ցանցերում ավելի է խորացրել ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ մտահոգությունները։

Անի Վարդանյան




Լրահոս