Եվրոպայի ռազմականացման գաղափարը, որը կառուցվում է Մոսկվայի հետ առճակատման հիմքի վրա, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը։
Պեսկովի խոսքով՝ Եվրոպան կենտրոնացած է Եվրամիությունը ռազմաքաղաքական բլոկի վերածելու ծրագրերի վրա։
«Նրանք պաշտպանության և անվտանգության ոլորտում իրենց ինքնությունը կառուցում են առճակատման հիմքի վրա։ Սա փակուղային ճանապարհ է. ինչպես ցույց է տալիս պատմությունը, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,– ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը ռազմավարական մակարդակում ձեռնարկում է անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հրապարակել էր M51.3 բալիստիկ հրթիռի փորձնական արձակման տեսանյութը՝ հայտարարելով, որ Փարիզը փորձարկման միջոցով «բարձրաձայն և հստակ ուղերձ» է հղել։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքը Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստման նշաններ չի տեսնում, սակայն եվրոպական երկրներին անհրաժեշտ է պատրաստ լինել հնարավոր երկարատև «հիբրիդային սպառնալիքներին»։
Անի Վարդանյան



























