Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել ընդունել ընտրությունների արդյունքները և փոխզիջում գտնել՝ նոր ընտրությունների անցկացումը կանխելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։
«Ընտրություններն ավարտվել են, ընտրությունների արդյունքներն արձանագրված փաստ են, դա իրականություն է», — հայտարարել է Հերցոգը Իսրայելի առաջին նախագահ Խայիմ Վեյցմանի հիշատակին նվիրված պետական արարողության ժամանակ։
Չորեքշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նոամ Սոլբերգը Հերցոգին կհանձնի քվեարկության պաշտոնական արդյունքները։ Դրանից հետո նախագահը խորհրդակցություններ կսկսի կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք կառաջարկեն վարչապետի պաշտոնի թեկնածու և կքննարկեն կոալիցիայի հնարավոր ձևավորումը։
Հերցոգը հայտարարել է, որ իր նստավայրը բաց կլինի բոլոր կուսակցությունների և խմբակցությունների համար։ Նա քաղաքական գործիչներին կոչ է արել փնտրել «ստեղծագործական լուծումներ», որոնք թույլ կտան խուսափել նոր քվեարկությունից։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուները բնականորեն և կանխատեսելիորեն բարձրանում են ծառերի ամենաբարձր ճյուղերը», — ասել է Իսրայելի նախագահը։
Ըստ նրա, ընտրություններից հետո եկել է «ծառերից իջնելու և իրականությանն առերեսվելու» ժամանակը։
Հերցոգը հավելել է, որ առաջիկա խորհրդակցությունների ընթացքում իր նստավայրը կփորձի «աստիճաններ դնել», որը կօգնի կուսակցությունների առաջնորդներին «կշռադատված և զգուշավոր կերպով» իրականություն վերադառնալ։



























