ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան միգրացիայի պատճառով բախվել է լուրջ խնդիրների, և կոչ է արել ֆրանսիական իշխանություններին փակել սահմանները ու վերականգնել վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։
«Ֆրանսիան այրվում է։ Բոլորովին այլ աշխարհից եկող մարդկանց միգրացիան, սրտերում ատելություն ունեցող մարդկանց հոսքը, կործանել է երբեմնի մեծ երկիրը։ Փակեք սահմանները և վերցրեք իրավիճակը վերահսկողության տակ, քանի դեռ շատ ուշ չէ», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ֆրանսիայում անկարգությունները ուղեկցում են զանգվածային բողոքի ակցիաներին, որոնք վերջին շաբաթներին ընդգրկել են երկրի մի շարք քաղաքներ։ Ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և շենքերի ու խանութների վնասմամբ։
Իշխանությունները հայտնել են բազմաթիվ ձերբակալությունների և տուժած իրավապահների մասին։ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան պետք է դիմի ֆրանսիացիներին՝ իրավիճակի սրման ֆոնին։


























