ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրազենի կիրառմամբ միջադեպերի հետևանքով 201 մարդ վիրավորվել է, առնվազն 76-ը՝ զոհվել։ Այս մասին հայտնում են վերլուծական տվյալների վրա հիմնված հրապարակումները։
Միջադեպերը գրանցվել են երկրի տարբեր նահանգներում։ Հրաձգությունների մի մասը տեղի է ունեցել Հելոուինի տոնակատարությունների, երեկույթների, համալսարանների հարակից տարածքների և մարդաշատ վայրերի մոտ։
Տեխաս նահանգի Դալաս քաղաքում տեղի ունեցած մի քանի հրաձգությունների հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած երկու միջադեպերի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։
Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում համալսարանի հարակից տարածքում հրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Իլինոյս նահանգի Բլումինգթոն քաղաքում զոհվել է 19-ամյա մի կին, ևս 7 մարդ վիրավորվել է։
Կրակոցներ են գրանցվել նաև Արկանզաս, Ֆլորիդա, Միսիսիպի, Ինդիանա և այլ նահանգներում։
Հրաձգություններից մի քանիսը տեղի են ունեցել դեռևս հոկտեմբերի 30-ին։ Կալիֆոռնիայի Ֆեյրֆիլդ քաղաքում Հելոուինի հագուստների խանութում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է հղի 31-ամյա կին, ևս 6 մարդ վիրավորվել է։ Միչիգան նահանգում նույն ցանցի մեկ այլ խանութում 21-ամյա տղամարդ է զոհվել։
Հրաձգությունների մի շարք դեպքերի հանգամանքները դեռևս պարզվում են, իսկ որոշ միջադեպերով իրավապահները ձերբակալություններ են իրականացրել։
Անի Վարդանյան























