Հոկտեմբերի 31-ը արևմտյան տոներից մեկն է՝ Հելոուինը: Հայաստանում այս տոնը առաջին անգամ չէ, ինչ նշվում է: Քաղաքի կենտրոնում կարելի է տեսնել զանազան կերպարանափոխված մարդկանց, սարսափելի զարդարված սրճարաններ և խանութներ: Այս տարվա թեմատիկ երեկույթներից էին՝ Aki Fest-ի Անիմե Հելոուին-ը, բուսաբանական այգում կազմակերպված միջոցառումը, տարբեր փողոցներում և սրճարաններում կայացած երեկույթները։ Սակայն հոկտեմբերի 31-ին փողոցներում կարելի էր հանդիպել նաև քաղաքացիների, ովքեր ցույց էին կազմակերպել ընդդեմ Հելոուինի՝ պաստառներով և քրիստոնեական խոսքերով՝ անվանելով տոնը սատանիստական ու անընդունելի:
Հելոուինը սկիզբ է առել Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում, որի հիմքում ընկած են Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթները։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև այլ երկրներում:
Հելոուինի գլխավոր խորհրդանիշը դատարկ, փորագրված դդումն է, որի մեջ մոմ է վառվում: Այն կոչվում է Ջեքի լապտեր: Ըստ հին Իռլանդական ավանդության՝ Ջեք անունով խորամանակ մի դարբին կարողանում է խաբել Սատանային և մահից հետո խուսափել դժոխք ընկնելուց: Մեղսավոր լինելու պատճառով նրան չեն ընդունում նաև դրախտում: Նա դատապարտվում է հավերժ թափառելու երկրով մեկ, իսկ խավարը լուսավորելու համար փորված գետնախնձորի կամ շաղգամի մեջ մի կտոր շիկացած ածուխ է դնում: Ավելի ուշ գետնախնձորն ու շաղգամը փոխարինվում են ավելի էջան ու մատչելի դդումով:
Հին կելտերը հավատում էին, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ողջերի և մեռյալների միջև սահմանը ջնջվում է: Սարսափելի կերպարանքներով մարդիկ և դեկորացիան վախեցնում էին չար հոգիներին, վանում բացասականն ու թողնում միայն դրականը:
Քաղցրավենիք խնդրելու սովորույթը առաջացել է 16-րդ դարում։ Միջնադարում, երբ եկեղեցին նոյեմբերի 1-ը հռչակեց Բոլոր Սրբերի օր, առաջացավ մի նոր սովորույթ՝ աղքատ մարդիկ և երեխաները շրջում էին տնետուն, աղոթում տանտերերի մահացած հարազատների համար և փոխարենը ստանում քաղցրավենիք:
Արդյունքում պարզվում է՝ տոնը այդքան էլ սատանիստական չէ և նույնիսկ ունի բարի նպատակներ՝ հիշել մահացածներին և աղոթել նրանց համար: Բոլոր տոների հիմքում ընկած է հինն ու հեթանոսությունը, գերբնական ուժերի հավատն ու վախը, սակայն կարևոր է, թե ինչպես ենք ընկալում այն հիմա:
Վիկտորյա Բուդաղյան
























































































