Դժվար է պատկերացնել, որ Ծառուկյանի հայտարարությունը հոխորտանք էր՝ ՀՀԿ-ի հասցեին. Հովիկ Աբրահամյան. panorama.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես է մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ նշելով, որ Էդուարդ Շարմազանովի հայտարարություննուղղված չի եղել որևէ այլ կուսակցության, հատկապես ԲՀԿ-ի դեմ:

Ի պատասխան հարցադրման՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցության կողմից արձագանք կլինի Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, Հովիկ Աբրահամյանը նշել է. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որևէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որևէ երանգ չի պարունակել և վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը:

Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»: 




Լրահոս