ՀՀԿ-Ի ՀՈՒՅՍԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ իշխանություններն ամենատարբեր ամբիոններից հայտարարեն ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իրենց ցանկությունների մասին, ակնհայտ է, որ այդ ամենն արվում է միջազգային հանրությանը սիրաշահելու համար:
ՀՀԿ գրասենյակում երեկ` երեկոյան, տեղի է ունեցել նախընտրական դեռեւս գոյություն չունեցող շտաբի մեծ նիստ: Մինչ այդ, ՀՀԿ-ում յուրօրինակ աժիոտաժ էր. այնտեղ էին ե՛ւ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ մարզային ծրագրերի համակարգող, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հովիկ Աբրահամյանն ու Դավիթ Հարությունյանն աշխատում էին ինչ-որ փաստաթղթի վրա, ակտիվ ելումուտ էին անում: Իսկ երեկոյան նիստն արդեն բավական լայն կազմ է ունեցել. ՀՀԿ-ական պատգամավորներ, նախարարներ, մարզպետեր, որոշ քաղաքապետեր: Դավիթ Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում թեեւ հաստատեց, որ ՀՀԿ-ում իրենց աշխատանքային խորհրդակցությունն են անցկացրել, սակայն չմանրամասնեց քննարկված հարցերի բովանդակությունը: «Բազմաթիվ հարցեր, բայց ոչ բոլորն են հրապարակման ենթակա, դրա համար էլ ես չեմ հրապարակի»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ն մշտապես հայտարարում է, որ բաց կառույց է, մինչդեռ հիմա թաքցնում են քննարկված հարցերը, պարոն Հարությունյանը հակադարձեց. «ՀՀԿ-ն, իհարկե, բաց կառույց է, բայց ես չեմ բացահայտելու, որովհետեւ բաց չեմ»: Դավիթ Հարությունյանը հարկ համարեց միայն հերքել այն լուրերը, թե իրեն է վստահված ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմելը: «Նման բան չկա: Լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:
«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկվա նիստում հիմնականում քննարկվել է մարզերում ՀՀԿ շտաբի պետերի ու պատասխանատուների հարցը: Շատ հավանական է, որ ՀՀԿ շտաբի ղեկավարները լինեն կա՛մ անձամբ մարզպետերը, եթե այդ մարզի ղեկավարը ՀՀԿ-ական է, կա՛մ թաղային հեղինակություն համարվող, կրիմինալ անցյալով հայտնի քաղաքապետերը: Այլ կերպ ասած` ընտրական գործընթացների համակարգումն, ըստ էության, կրկին վստահվելու է իշխանության նույն այն ներկայացուցիչներին, որոնք տարիներ ի վեր ընտրությունները կեղծելու մեծ փորձ են ձեռք բերել: Ուշագրավն այն է, որ թեեւ ՀՀԿ-ն որոշել է նոր դեմքերով ներկայանալ հանրությանը, բայց դա վերաբերելու է միայն ՀՀԿ համամասնական ցուցակին: Այսինքն` Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, կապահովի, որ ՀՀԿ ցուցակում տեղ գտնեն երիտկարիերիստները: Փոխարենը ՀՀԿ շտաբների ղեկավարումը կրկին կվստահվի ընտրակեղծարարության մեջ թրծված անձանց ու, բնականաբար, թաղային հեղինակություններին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բնական համարեց, որ մարզերում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարեն մարզպետերը կամ քաղաքապետերը: «Ենթադրվում է, որ այդպես կլինի»,-ասաց Սահակյանը: Ինչ վերաբերում է երեկվա նիստին, ըստ Սահակյանի` քննարկվել են տարբեր, այդ թվում` տարածքներում ՀՀԿ շտաբի պատասխանատուների խնդիրը: «Որպեսզի երբ ԸՕ նախատեսված ժամկետում արդեն պաշտոնապես բացվեն նախընտրական շտաբները, պրոբլեմներ չունենանք, այս կամ այն խնդրի հետեւից չընկնենք»,-ասաց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս