ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծես թե մտել է նախընտրական քարոզարշավի մեջ, եւ առաջին հայացքից տպավորություն է ստեղծում, թե վերջապես սկսել է մտածել ծիծաղելի ցածր աշխատավարձով աշխատող պետծառայողների մասին:
Պետական քարոզչությունն ակտիվորեն հայտարարում է, թե  կիրառում է սոցիալական փաթեթ, որն իրենից ներկայացնում  է 132.000 դրամ տարեկան ոչ ուղղակի գումարային օգնություն, ինչից  52 հազարը պարտադիր կերպով գնում է առողջության ապահովագրությանը: Արդեն իսկ պարզ է, որ  սոցիալական փաթեթի այս մասի ներդրմամբ նախ եւ առաջ հարստանալու են իշխանության ամենավերին օղակներում գտնվող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող ապահովագրական ընկերությունները:  
Եթե հարցը դիտարկենք այլ տեսանկյունից, ապա ստացվում է հետեւյալ պատկերը. 132 հազարից հանում ենք 52 հազար ապահովագրական ծախսը, մնում է 80 հազար դրամ, որի վրա էլ կիրառվում է 20 տոկոսանոց հարկում, այսինքն` հանգստի կամ այլ ծախսերի համար պետությունն ուղղակի կերպով տալիս է 64 հազար դրամ տարեկան գումար: Ստացվում է, որ գործ ունենք հերթական պոպուլիզմի հետ:  Ժողովրդի ականջին կրակում են մեկ թիվ, բայց իրականում այն բոլորովին ուրիշ թիվ է` 116 հազար: Այսինքն` չկարողանալով բարձրացնել պետական ոլորտի աշխատավարձերը` պետությունը ձեւացնում է, թե առաջարկում է այլընտրանք,  իսկ ամսական 10 հազարից  էլ պակաս գումարի մասին խոսել է տալիս ողջ պետական քարոզչամեքենային: Սա այն դեպքում, երբ փաթեթից օգտվում են ոչ բոլոր պետական աշխատողները: Ու եթե այս ամենի հետ հաշվի ենք առնում նաեւ այն մարդկանց ցուցակները, որոնք չեն օգտվի այդ փաթեթից, ստացվում է, որ գործ ունենք պետական հերթական մեծածավալ մեքենայության հետ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս