Հոգեգալստյան տոնին ականատես են եղել նաև հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ը հայ առաքելական եկեղեցին նշում է հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի է ունեցել Սուրբ Հարությունից հետո հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչային այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաև Միջագետքը, Հրեաստանը և Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը: Հետևաբար` այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: 




Լրահոս