ԱՆՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհաքաղաքական նոր խմորումների այս ընթացքում կտրուկ մեծացել է Ղարաբաղում ստատուս քվոն որեւէ կերպ փոփոխելու գերտերությունների վճռականությունը: Եվ սկսած Ջ. Ուորլիքի հրապարակած վեց կետերից` ավարտված Հայաստանի առջեւ Եվրասիական տնտեսական միության անդամների կողմից Աստանայում առաջադրված պահանջով, ընթանում է Ղարաբաղն առեւտրի առարկա դարձնելու մի գլոբալ պրոցես, որին դիմագրավելու` Հայաստանի Հանրապետության ներուժը օրեցօր պակասում է:
Ստատուս քվոյի անընդունելիության եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ռեալ քայլերի ակնկալիքի մասին երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը: Նա, հիշեցնենք, մինչ այդ՝ Բաքվում հանդիպել էր Ի. Ալիեւի հետ, իսկ երեկ Երեւանում առանձնազրույց ունեցավ նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան հետ:
Թե ինչպիսի արդյունք կունենա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` առաջիկա հանդիպումը, դժվար է ասել: Սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի` վերջին շրջանում հնչեցրած մի քանի հայտարարությունները, եւ առաջին հերթին` օրերս Ծաղկաձորում Նազարբաեւի առաջադրած պայմանին տրված պատասխանը, բավականին մտահոգիչ միտումներ են ուրվագծվում: Ընդ որում` ոչ միայն արտաքին, այլեւ ներքին, այդ թվում եւ` ներղարաբաղյան քաղաքական զարգացումների առումով:
Ծաղկաձորյան իր հայտարարությունում Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր մի ձեւակերպում արեց, որին մամուլը, կարծեք թե, շատ մեծ ուշադրություն չդարձրեց: Փաստարկելով Ղարաբաղով Մաքսային միություն մտնելու անհնարինությունը` Ս. Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: Դժվար է ասել, թե ում պատկերացումների մասին էր խոսում Սարգսյանը` ամբողջ ՀՀԿ-ի, թե անձամբ իր, սակայն երեկ ԵԱՀԿ-ի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո ԼՂՀ արտգործնախարարի իմպերատիվ հայտարարությունը, թե` «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի դրվելու», ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը ցույց տվեցին, որ Ղարաբաղի մասին Սերժ Սարգսյանի պատկերացումները ոչ բոլորն են կիսում:
Մասնավորապես Ռ. Քոչարյանի խոսնակը հստակ փոխանցեց, որ «Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է կազմում» եւ «որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը»:
Գուցե մեծ լավատեսություն է, սակայն, կարծես թե, Սերժ Սարգսյանն «իր պատկերացումները» կյանքի կոչելու հարցում առաջիկայում լուրջ խնդիրներ է ունենալու:




Լրահոս