«ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱԼԻԵՎԻ ԱՐԱԾԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել է, որ Աստանայում Սերժ Սարգսյանի պահվածքը լիովին հասկանալի էր. «Ինչ է, հելներ ծեծե՞ր Նազարբաեւին»,- տարակուսել է ՆԺԿ առաջնորդը: Ա. Կարապետյանը հավելել է, թե ինքը տեղյակ է եղել, որ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւն իրեն լավ չի պահելու. «Չգիտեի նամակ է գրելու, թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է»:

«Ես հասկանում եմ Նազարբաեւի փոխհարաբերություններն Ալիեւի հետ: Քաղաքականապես հիմարություն էր Ալիեւի արածը, որովհետեւ իր մեջ քննարկման նյութ չէր պարունակում: Սերժ Սարգսյանի ասածը ճիշտ էր: Ո՞վ է ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղի հետ միասին էինք անդամակցելու: Օրենսդրորեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մեջ չի մտնում: Նազարբաեւն էլ, եթե հասկանար նամակի իսկական էությունը, չէր կարդա այդ նամակը»,-հայտարարել է կուսակցության ղեկավարը:
Արամ Կարապետյանը նշել է, որ իր համար զարմանալի էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը Ն. Նազարբաեւի հայտարարությանը, քանի որ Պուտինը գիտեր եւ կարող էր այդ սկանդալը թույլ չտալ, բայց թույլ տվեց: Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ, ըստ ՆԺԿ ղեկավարի, այն է, որ այսօր Հայաստանում ներքաղաքական զարգացումներ չկան. «Երբ ես մի քանի տարի առաջ առաջարկում էի գնալ եւ ԵՏՄ-ի հիմնադիր լինել, որ այսօր նազարբաեւները չխոսեին նման կերպ, մեր իշխանությունները դեգերում էին Եվրոպայում: Մենք մնում ենք Մաքսային միության մեծ ջատագովը` չնայած բոլոր այն փորձերին եւ խլրտումներին, որոնք կատարվում են Հայաստանում»:
Անդրադառնալով ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, Արամ Կարապետյանը նշել է. «Մեր կարեւոր խնդիրն է հիմա ՌԴ եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայի նման չօգտագործվելը: Ես համաձայն եմ ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարների հետ, որ հետո Ադրբեջանին վաճառված այդ զենքը մեզ է մնալու»:
Ա. Կարապետյանն անդրադարձել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեմային` ասելով.«Ամեն օր 2008 թիվը հիշելով ման կգան՝ էս արեցինք, էս եղավ, բայց Ռոբերտ Քոչարյանի կառավարումը վերջացել էր 10 մարդու գնդակահարմամբ: Հիմա գնդակահարվողը գնդակահարողի հետ միասին ասում են, թե այդ տարիները լավ են եղել: Բա որ լավ էին, ինչի՞ եղավ, հո գիժ չէ՞ր էս ժողովուրդը: 2008 թիվը որ նայում ենք, ի՞նչ էր, շինարարություն չէ՞ր: Վիճակը փոխվել է, աշխարհում ճգնաժամ է սկսվել, մարդկային ռեսուրսը Հայաստանում պակասել է, սակագնային քաղաքականությունը փոխվել է: Մեկը չի՞ ասում՝ այ Ռոբերտ Քոչարյան ջա՛ն, դու է՛ս օրվա մասին խոսիր: Կարո՞ղ է, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմադիր է եղել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս