«ԻՍԿ ԵՐԲ ՉԵՆ ԽԱԲԵԼ, ՈՐ ՀԻՄԱ ԷԼ ՉԽԱԲԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ սահմանին բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը: Սակայն այս անգամ եւս ՀՀ իշխանությունները գաղտնի են պահել այդ հանգամանքը: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին բացահայտվեց, որ 2011թ-ից սկսած` գազի գինը հինգ անգամ (ոչ թե հնգակի) սահմանին բարձրացել էր, սակայն հայրենի իշխանությունը դա թաքցրել էր, ինչի արդյուքնում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք, որը հատուցվեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս հայկական բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Եվ ահա` կրկին իրավիճակը կրկնվում է:

Սակայն այս անգամ գազը թանկացել է արդեն 2013թ. Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ»-ի մինչեւ կնքված գազային պայմանագրից հետո: Մինչդեռ, ՀՀ իշխանությունները պայմանագրի կնքման նախօրեին վստահեցնում էին, որ առաջիկա հինգ տարիներին ռուսական գազի գինը չի բարձրանա:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հայրենի կառավարության անդամներից պարզել, թե ինչպես են վերաբերվում այդ հարցին եւ ինչու են կրկին գազի թանկացման փաստը թաքցնում: Մեզ տրված պատասխաններից, սակայն, ակնհայտ դարձավ, որ կառավարությանն այս իրավիճակը ընդհանրապես չի անհանգստացնում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ
-Պարոն Ճշմարիտյան, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձյալ բարձրացել է: Եվ դարձյալ` ՀՀ իշխանությունները դա գաղտնի են պահել, Դուք տեղյա՞կ եք, թե ինչու:
-Իսկ դուք որտեղի՞ց գիտեք:
-ՀՀ մաքսային ծառայությունից ստացված պաշտոնական տեղեկություններն են փաստում այդ մասին:
-Ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել ու չեմ կարող այս պահի դրությամբ որեւէ հստակ բան ասել: Եթե անհրաժեշտ է` կարող եմ ուսումնասիրել եւ ասել:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
-Պարոն Աշոտյան, տեղյա՞կ եք, որ սահմանին բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը:
-Առավոտյան եմ ժամանել Հայաստան, որեւէ բանից տեղեկություն չունեմ, զբաղված եմ իմ նախարարության աշխատանքներով:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ
-Պարոն Տերտերյան, սահմանին բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը, ինչը ՀՀ իշխանությունները գաղտնի են պահել: Տեղյա՞կ եք:
-Ես չեմ պատրաստվում այդ հարցի շուրջ փողոցում խոսել:

«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է նաեւ ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարոն Արսենյան, գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը տեղյա՞կ է, որ սահմանին բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը:
-Ոչ, ես տեղեկացել եմ այդ մասին ձեր հրապարակած տեղեկությունից: Ու, բնականաբար, կհետաքրքրվենք, հարցումով կիմամանք, թե իրականում ինչ է տեղի ունենում:
-Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ ՀՀ իշխանությունները կրկին հանրությունից թաքցրել են գազի թանկացման փաստը:
-Բայց այդ խաբելը ոչ առաջին եւ ոչ էլ վերջին անգամ է, իսկ երբ չեն խաբել, որ հիմա էլ չխաբեն: Չխաբելն է զարմանալու, իսկ խաբելն արդեն զարմանալու չէ: Արդեն նշեցի, որ այդ հարցը բարձրացնելու ենք ու տեսնելու ենք, թե այդ ի՞նչ նորություններ են, ի՞նչ է կատարվում իրականում:
-Իսկ գազի հանձնաժողովի գործունեությունն ի՞նչ փուլում է:
-Հանձնաժողովը հասել է հաղորդում ներկայացնելու փուլին, կներկայացնենք` կիմանաք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարոն Մինասյան, սահմանին դարձյալ բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը, սակայն իշխանությունները դա գաղտնի են պահել ժողովրդից: Գազի հանձնաժողովը տեղյա՞կ է այդ ամենից:
-Հանձնաժողովն այդպիսի հարց չի քննարկել ու ես ինֆորմացիա չունեմ:
-Այսինքն՝ տեղյակ չե՞ք, որ գազը թանկացել է:
-Չունեմ ինֆորմացիա:
-Փաստորեն` իշխանությունները կրկին խաբել են…
-Ես կասեի, որ իշխանությունները երբեք չեն խաբել ժողովրդին:
-Իսկապե՞ս: Բայց 2011-ից սկսած իշխանություններն անընդմեջ ասում էին, թե գազի թանկացում չկա, մինչդեռ տարեվերջին ստիպված եղան խոստովանել, որ անցած տարիներին գազի սակագինը մի քանի անգամ փոփոխվել է, ինչի արդյունքում կուտակվել էր 300 մլն դոլարի պարտք:
-Տեսնում ես, սիրելիս, դու սխալվում ես, որովհետեւ հենց հանձնաժողովն ավարտի իր աշխատանքները ու զեկույցը հրապարակի, այն ժամանակ կարծում եմ՝ դուք ձեր տեսակետը կփոխեք:
-ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «..գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ Դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն բարձրանալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին»: Փաստորեն, այս դեպքում էլ Ս. Սարգսյանի հաշվարկներն անհիմն դուրս եկան:
-Իսկ ով է ասում, որ նման բան է պարզվում, դո՞ւք եք այդ եզրակացությանը եկել:
-ՀՀ մաքսային ծառայությունից ստացված պաշտոնական տվյալներն են դա փաստում:
-Ես ստիպված եմ երկրորդ անգամ ասել. երբ որ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները, հրապարակում կլինի, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս