ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ, որ իրենք ստիպված են ժամերով հերթ կանգնել Երեւանի փոստային բաժանմունքների մոտ՝ թոշակ ստանալու համար: Ահազանգած քաղաքացիների խոսքով՝ այս երկու օրերին երեւանյան փոստային բաժանմունքներում մեծ թվով հերթեր էին, եւ թոշակառուները ստիպված ժամերով սպասում են իրենց թոշակին:

Քաղաքացի Էմմա Խնկոյանը «Ժողովուրդ»-ին վրդովված ներկայացրեց, որԿենտրոն վարչական շրջանի 10-րդ փոստային բաժանմունքում ինքը ստիպված մի քանի ժամ սպասել է իր թոշակին.«Եթե ժամը 13.00-ից հետո ներկայանայինք, ապա չէինք ստանալու, ցուցակները չէին լինելու: Էս ի՞նչ ռեպրեսիաներ են, չեմ հասկանում: Ցավով եմ ասում, բայց Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին նման բան չկար: Հակառակը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին, առանց որեւէ քաշքշուկի թոշակները բաժանում էին»:
Իսկ մեկ այլ քաղաքացու պնդմամբ՝ նման հերթեր գոյացել են նաեւ նախորդ ամսին: Պատահել է, որ թոշակ ստացող տարեց մարդիկ հինգ անգամ գնացել ու եկել են. «Գոնե մի հայտարարություն գրեն փակցնեն պատին, որ այսինչ փողոցի այս շենքի բնակիչներին սպասարկում է այսինչ աշխատակիցը: Առավոտյան 10.00-ից ծերերը փոստային բաժանմունքներում սպասում են: Ախր մարդիկ էլ կան, ովքեր սկրելոտիկ հիվանդություն ունեն». վրվովված ասաց «Ժողովուրդ»-ի զրուցակիցը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանի հետ, ով ասաց. «Այնպես չէ, որ դիտմամբ մեկը նման իրավիճակ է ստեղծում: Խնդիր չկա, ուղղակի բոլորն էլ ցանկանում են՝ ինչքան հնարավոր է շուտ ստանան իրենց թոշակը: Մենք թեժ գիծ ունենք, որտեղ նույնպես զանգել են ու տեղեկացրել, որ հերթեր կան»: Զրույցի ավարտին Շահբեկյանը տեղեկացրեց, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի 2014թ.մայիս ամսվա դիմումների համաձայն՝ նպաստի վճարումը կիրականացվի 2014թ.հունիսի 5-ից:
Իսկ «Հայփոստ» ՓԲԸ մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը խնդրի առնչությաբ ասաց հետեւյալը. «Կենսաթոշակների բաշխման առաջին էտապը, առաջին ժամերին միշտ էլ նույն խնդիրն է: Այնպես որ, օրվա երկրոդ կեսին այն կթեթեւանա: Դա կապված է թոշակառուների մեծ հոսքի հետ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս