ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԸՆՏՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲԱՂՆԻՔ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքում հունիսի 8-ին սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ական Հովհաննես Երանոսյանը եւ գործող անկուսակցական գյուղապետ Ալիկ Եղիազարյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Տրետուքում որոշակի նախընտրական լարվածություն կա: Այս եւ այլ հանգամանքներ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց ունեցավ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, քանի՞ տարվա գյուղապետ եք:
-Չորս տարի է: Ցանկանում եմ նորից ընտրվել որպես գյուղապետ:
-Այս ընթացքում ի՞նչ եք արել գյուղի համար:
-Շատ բաներ եմ արել, հեռախոսով չեմ կարող ասել: Մի քանի ժամ է պետք դրա համար, որ թվարկեմ:
-Մի երկու օրինակ կարո՞ղ եք բերել:
-Գյուղի ջրի հարցն ենք լուծել. ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին խողովակներն ենք վերանորոգել: Շատ բաներ կան՝ մեկը մեկից կարեւոր են, այս պահին կոնկրետ չեմ հիշում:
-Իսկ ի՞նչ կիսատ ծրագրեր կան, որոնք պետք է ընտրվելուց հետո իրականացնեք:
-Մանկապարտեզ եւ բաղնիք նորոգելու ծրագրեր կան, որոնք պետք է իրականացնենք: Բուժկետ պետք է կառուցենք:
-Իսկ բաղնիքից օգտվելը վճարովի՞ է լինելու:
-Ոչ: Յուրաքանչյուր գյուղացի կարող է ազատ օգտվել բաղնիքից:
-Բայց օգտվող կլին՞ի:
-Մեր գյուղում չկան այնպիսի տներ, որոնք ունեն համապատասխան կոմունալ հարմարություններ: Դրա համար էլ որոշել ենք այն կառուցել: Դրա անհրաժեշտությունը կա:
-Իսկ լարվածություն կա՞ գյուղում:
-Ոչ մի լարվածություն չկա։ Ամեն ինչ նորմալէ: Նման բան չկա:
-Մեր տեղեկություններով՝ Ձեզ սատարում է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:
-Ամենակարեւորը ժողովրդի աջակցությունն է:
-Իմ հարցին չպատասխանեցիք:
-Ոչ հա եմ ասում, ոչ էլ՝ չէ: Հետեւությունը դուք արեք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս