Նապոլեոն Ազիզյան, գողեր, մարզադպրոց…. «Բանդայի» գործով ամբաստանյալները ցուցմունք են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է հայտնի «Բանդայի» գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արթուր Մանուկյանի հարցաքննությամբ:

Նախագահողի հարցին՝ ինչ բնույթի ցուցմունք է տվել նախաքննության ժամանակ, ամբաստանյալը պատասխանեց, որ չի ընդունում 22-ին տված ցուցմունքը, քանի որ ինքը բերման է ենթարկվել 23-ին:

Մեղադրող Խաչատրյանը հայտնեց, որ առկա են էական հակասություններ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում: Մեղադրողն ընթերցեց նախաքննական ցուցմունքը, որում, մասնավորապես, ասվում էր, որ ինքն առողջական խնդիրներ չունի:

«Ես ունեի ծանոթ աղջիկ, որը հղիացել էր: Հղիությունն ընդհատելու համար գումար էր պետք: Իմ ծանոթ աղջկա հետ հիվանդանոց գնալուց հետո մի քանի անգամ գնացել էինք Այգեստան փողոց` բժշկի տուն, քանի որ աղջկա մոտ արյունահոսություն էր: Տուն գնալուց նկատելի էր, որ այն լավ կահավորված էր, կլիներ նաև ոսկի: Բժշկից բացի՝ ապրում էր նաև կինն ու դուստրը` 11 տարեկան:

Մինչ այդ մշտապես բնակվել եմ Մոսկվայում, Հայաստան էի եկել հարազատներիս տեսնելու: Հետո բնակվել եմ Գյումրիի հյուրանոցներիս մեկը: Հետո որոշեցի գտնել ընկերոջս` Գուգոյին, ու ասել հարուստ բժշկի մասին, որպեսզի գողություն անեինք, ու կարողանայի հասնել ՌԴ: Ես տեղյակ էի, որ Գուգոն երկար տարիներ ազատազրկված է եղել տարբեր հանցանքների համար: Գուգոն եկավ իր «Ե» մակնիշի Մերսեդես մեքենայով:

Նա համաձայնեց հարձակվել այս տան վրա: Հաջորդ օրը բազմիցս շրջել ենք բժշկի տան մոտակայքով ու զննել ենք տեղանքը: Սույն թվականի սեպտեմբերի 21-ին հսկել եմ բժշկի տունը: Մինչ ուշ երեկո մնալուց հետո զանգել եմ Գուգոյին, ու նա եկավ: Հետո մեզ մոտեցան անծանոթ երկու հոգի, որոնցից մեկի անունը Սամվել էր` սպիտակ կեպկայով, մոտ քառասուն տարեկան: Գուգոյի ձեռքին կար մուգ մեծ պայուսակ: Պայուսակից հանեցի բանվորական ձեռնոցները, տեսա նաև «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ: Հետ գնալիս ճանապարհը փակեց գազել տիպի մեքենա, և մենք հասկացանք, որ ոստիկաններն են: Ես փախել եմ ու չեմ տեսել` որ կողմ գնաց Գուգոն»,- ասվում է Արթուր Մանուկյանի նախաքննական ցուցմունքում:

Դատարանը գտավ, որ հակասություններ չկային: Իսկ պաշտպանի հարցին, թե գիտի Երևանն ինչ թաղամասեր ունի, ամբաստանյալը պատասխանեց, որ ինքը չգիտի Երևանի թաղամասերի անունները:

«Ես տեղյակ չեմ ու չեմ ճանաչում Դինանյանների ընտանիքին: Մանավանդ էն դեպքում, որ իրանք էկան դատարան ու ասեցին, որ ոչ մեկիս չեն ճանաչում: Ցուցմունքում էլ ասվում էր, թե ես գնացել եմ իրանց տուն: Գուրգենի մեքենայի համարն էլ չեմ հիշում»,- պատասխանեց ամբաստանյալը:

«Նախորդ ցուցմունքում ասացիք, որ ծեծվել եք, և դա ապացուցվել է նաև փորձաքննությամբ: Ինչո՞ւ նաև նախաքննությամբ չեք ասել»,- հարցրեց պաշտպանը, ինչին ամբաստանյալը պատասխանեց, որ բողոք չի ներկայացրել, քանի որ որոշել է դատարանին հայտնել:

«Ընդհանրապես, հանցագործություն անելու գաղափար ինձ մոտ չի առաջացել: Զենքի վրա հայտնաբերել էին աջ ձեռքիս բութ մատի մատնահետքը այն դեպքում, երբ ես ձախլիկ եմ: Իմ մոտ չի եղել այդ ատրճանակը»,- շարունակելով խոսքը՝ ասաց Արթուր Մանուկյանը:

Պաշտպանական կողմի հարցին, թե հրապարակված ցուցմունքում նշվել է Սամվել անունով մարդ, ճանաչում է արդյոք նա այդ մարդուն, ամբաստանյալն ասաց, որ չի ճանաչում, և դա կազմակերպված փաստ է նախաքննական մարմնի կողմից:

Պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին, թե ովքեր են ներկա եղել ցուցմունք տալու ժամանակ, Մանուկյանը պատասխանեց, որ դա ընդհանրապես իր ցուցմունքը չէ:

«Իմ դեմն ընդհամենը թղթեր դնելով` ասում էին՝ դու մեղավոր չես, հետո պարզվեց, որ մեղավոր չեմ, բայց պիտի գնամ բանտ: Պասպորտս իրանց մոտ ա էղել, կարային տեսնեն` ամուսնացած եմ, թե  չէ: Ու նույնիսկ ճիշտ հասցես չեն գրել»,- պատասխանեց ամբաստանայլը:

Պաշտպան Արսենյանի հարցին, թե նա իսկապես մի քանի օր մնացել է Գյումրիում, ամբաստանյալ Մանուկյանը պատասխանեց, որ կան բաներ, որոնք հանցագործությունը չի վկայում, իրեն հարցրել են:

«Էն որ ես Գյումրիում եմ եղել, դրա պատասխանը ստացել են մի ժամ ծեծվելուցս հետո»,- ասաց նա, իսկ այն հարցին, թե իսկապես Գուգոյին ճանաչել է, Մանուկյանն ասաց, որ ուղղակի ծանոթներ լինելով` նրան հանդիպել է:

Ապա Արսենյանը հարցրեց, թե որն էր նպատակը Փարաքար գնալու և ճամպրուկը տանելու, պատասխանեց, որ պետք է հետո գնար Մոսկվա:

Հաջորդ հարցը այն էր` ոսկյա զարդեր տեսե՞լ է Գուգոյի մոտ, Մանուկյանը չհիշեց:

«Մինչև Գուգոյի հետ տանից դուրս գալը Դուք բնակարանում եք եղել, և ուրիշ ովքե՞ր են եղել»,- հնչեց պաշտպանի հարցը:

Մանուկյանն ասաց, որ եղել է Դավիթ Գալստյանը և ցույց տվեց իր մոտ նստած ամբաստանյալին, ապա ասաց, որ վերջինս վատառողջ էր:

Արսենյանի հարցին, թե տեղյակ պահել են` ուր են գնալու, ամբաստանյալնա ասաց. «Պիտի տեղյա՞կ պահեինք, որ գնում ենք վթարի ենթարկվենք: Գնացել էինք դիսկոտեկա, մեր ժամանակն էինք անցկացնում»,- պատասխանեց ամբաստանյալը:

Արսենյանը հարցրեց` ինչ ձեռնոցի մասին էր խոսքը, ամբաստանյալի պաշտպանն առարկեց հարցին` ասելով, թե իր պաշտպանյալը չի ասել, որ դիմակ կամ ձեռնոց է տեսել: Սակայն դատարանը չընդունեց առարկությունը` պատճառաբանելով, որ դա նախաննությանն է վերաբերում: Այնուամենայնիվ, մեղադրյալը չպատասխանեց հարցին:

Մեղադրողը հարց հնչեցրեց, թե ինչն էր խանգարում քննիչին նշել, թե իրականում Դավիթ Գալստյանն է եղել, մանավանդ այն դեպքում, որ ինքը չի հերքել, որ ճանաչում է Գալստյանին: Խաչատրյանը հնչեցրեց այս հարցը, քանի որ ամբաստանյալը հայտնել էր, թե քննիչն է կազմել իր ցուցմունքը:

«Դա ուղղակի օղակ է, որով էս կազմողներն այնպես են արել, որ մեկս մյուսի հետ կապ ունենք: Էտ դեպքում ինչո՞ւ քննիչը առերեսում չարեց իմ ու Դավիթի հետ»,- ասաց ամբաստանյալը:

Ապա մեղադրողը հարց հնչեցրեց, թե ինչպես ամբաստանյալը կնկարագրի Դավիթ Գալստանին, ինչը զարմացրեց Մանուկյանին, ապա պատասխանեց՝ մոտ 2 մետր հասակով տղամարդ:

Արթուր Մանուկյանն ասաց, որ դատախազը հարցեր է տալիս, որոնք վերաբերում են քննիչին, իսկ նախագահողը պարզաբանեց, որ հարցերը հնչում են՝ իմանալու համար, թե իսկապես քննիչները նրանից ցուցմունք են կորզել:

Մեսրոպ Մակյանը նկատեց, որ ամբաստանյալն իրեն հակասում է, քանի մի տեղ նշել է, թե ինքը չի ստորագրել ցուցմունքի տակ, ապա՝ նշել, որ իր ցուցմունքն է, և ինքը ստորագրել է:

«Ինձ ասացին, որ քո վրա գործ ա բացվում, սրա տակ ստորագրի, որ կարենաս տուն գնաս, ստորագրեցի ու տարան բանտ»,- պատասխանեց ամբաստանայլը:

Ամբաստանյալին ցույց տրվեց ցուցմունքը, որտեղ ինքը ճանաչեց իր ստորագրությունը և նշեց, որ կիսաբաց վիճակում է իրեն տրվել թուղթը, և ինքն առանց ընթերցելու ստորագրել է:

Դատարանի հարցին, թե որքանով էր նա համոզված, որ իր սպիները կմնան այնքան ժամանակ, որ ինքը կարողանար նիստերի դահլիճում ապացուցել այն, որ իրեն ծեծի են ենթարկել, ամբաստանյալը հայտնեց, որ ինքն այդ ժամանակ վախեցել է:

Պաշտպանը հայտնեց, որ պատճենի մեջ չկա` ամբաստանյալն ինչում է կասկածվում, ինչին մեղադրողը պատասխանեց, որ հնարավոր է պատճենելու ժամանակ չի երևացել:

Պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն արեց, թե ամբաստանյալ Արթուր Մանուկյանն իր ցուցմունքում ասաց, որ ինքը ստորագրել է, որից հետո միայն քննիչները գրել են ցուցմունքը, փաստում է այն, որ վերջին նախաքննական ցուցմունքը արժանահավատ է: «Ներկայացված պատճենի մեջ նույնիսկ նրա իրավունքների ու պարտականությունների մասին նշված չէ, ուստի՝ այդ ցուցմունքը չի կարող արժանահավատ լինել»,- ասաց Ոսկանյանը: Նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև մյուս պաշտպանը:

Մեղադրողը ասաց, որ պաշտպանի նշածը, թե դա հետագայում է գրվել, դա ենթադրություն է: Մեղադրողն ասաց, որ դա լուսապատճե է, ինչը նշանակում է, որ կամ դիտավորյալ է հանվել կամ անզգուշությամբ:

Մանուկյանը լուսապատճեի մասով ասաց, որ տողերն այդ ժամանակ չեն կորչում:

Հաջորդը ցուցմունք տվեց ամբաստանյալ Սամվել Դավթյանը:

«Ազատվել եմ 2011 թվականի հունվարի 11-ին: Զբաղմունք ունեի, մեքենա էր վարում: Դավիթ Գալստյանին ճանաչել եմ էն ժամանակ, երբ պետք է մեքենայով տեղափոխեի մի տեղ: Հետո գնացի էն բնակարան, որտեղ իմացա, որ Գուրգենը վթարի է ենթարկվել: Գնացի վթարի տեղը, ու ձերբակալվեցինք: Քանի որ մեղադրողն ասում է, որ մենք դատված ենք, փորձված ենք, ասեմ, որ վթարի տեղը երևում է, որ անսարքություններ կան: Էնտեղ էլ իջել էինք մեր ընկերոջը տեսնեինք, ծանոթին:

Բերման ենթարկեցին վարչություն` մասկեքով, մի քառասուն հոգով: Խուզարկություն էին անում, ու զգացի, որ ինչ որ բան են գցում: Որ զգացի գրպանս բան են գցում, հանեցի գցեցի մի կողմ: Ասում ա` սա դեղն ա, դու դատված ես, պիտի իմանաս: Ես երբեք չեմ տեսել քննիչն ովա, մյուսն ովա: Միշտ եղել են 30-40 հոգի: Ես սարսափից ելնելով` չհասկացա` ինչ ա կատարվում: Երևի Հայաստան երկրում ինչքան ոստիկան կար, վրովս անցան: Մականունս էլ դրել էին «գրուզ դվեսծի»: Տենց հանձնվեցինք սև մարդկանց: Էղել է, որ ես տկլոր եմ հելել քնիցս, բարադի վիճակ էր: Հետո հասկացա, որ պետք ա կամ կյանքս լինի կամ ինքս ինձ զրպարտեմ: Հետո պաշտպան նշանակեցին, որ եսիմ ով էր: Ու պարտադիր շեշտվում էր անուններ տուր` Քյարամ Ամոյան, Արտուշ Հակոբյան, Դավիթ Գալստյան, լիքը անուններ»,- պատմեց ամբաստանյալը:

Դավթյանի պաշտպանի հարցին, թե մինչև նրա ձերբակալման գործողություն կատարելը ինչքան ժամանակ է ճանաչել Դավիթին, պատասխանեց, որ սեպտեմբերի սկզբներից:

Նիստը շարունակվում է:




Լրահոս