Մշակվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին հայտնում են, որ ՀՀ կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: ՀՀ զինված ուժերում զինծառայողների ռազմական կրթությունը կազմակերպվում և իրականացվում է ընթացիկ իրավական ակտերի` ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների հիման վրա: Ընդհանուր հայեցակարգային մոտեցման բացակայության պայմաններում ՀՀ կրթական համակարգի բաղադրիչը կազմող ռազմակրթական համակարգը զարգանում է նվազ տեմպերով, ինչը դժվարություններ է առաջացնում ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների կադրային ճկուն քաղաքականության ու նրանց որակավորման գործընթացում: Պաշտպանական բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության համակարգի զարգացումը հանդիսանում է գերակա խնդիր: Ըստ այդմ` միասնական հայեցակարգային մոտեցումների իրավական ամրագրումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել զինծառայողների ռազմական գիտելիքների հմտություններին տիրապետող և բարձր որակավորում ունեցող կադրերի առաջխաղացումը: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով նախատեսվում է երաշխավորել յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ քաղաքացիական ԲՈՒՀ-երի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Նախատեսվում է նաև կարճաժամկետ և երակարաժամկետ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական/ենթասպայական/կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի գործընթացին համահունչ:




Լրահոս