ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարում Արմեն Հովհաննիսյանն է

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն այսօր՝ ժամը 14:00-ին, Երեւանի «Եռաբլուր» պանթեոնում: Նրա մարմնի վրա 10-12 վնասվածքի տեղ կա՝ պարանոցին, թեւի տակ եւ մեջքին: Նա կես ժամ միայնակ դիմադրել է թշնամուն ու տասը հոգու կյանք փրկել:
Նշենք, որ ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի՝ երեկ Գյումրիում կազմակերպվել է մոմավառություն: Իսկ հայ հաքերները երեկ կոտրել են ադրբեջանական շուրջ 13 կայք եւ տեղադրել Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել, թե հասարակության որ անդամներն ունեն հաշմանդամության թոշակ ստանալու իրավունք:
Լիդա Պետրոսյան
(52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության թոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) կողմից հաշմանդամ ճանաչված անձին՝
ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով՝ անկախ ապահովագրական ստաժից,
բ) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետեւյալ ապահովագրական ստաժը՝
տարիքային խումբը-ապահովագրական ստաժը
մինչեւ 23` 2 տարի,
23-26` 3 տարի,
26-30` 4 տարի,
30 եւ ավելի` 5 տարի:
Հաշմանդամ երեխաներին եւ
երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորս էլ գիտենք, թե հաշմանդամության որեւէ կարգ ունեցող քաղաքացիներին հատկացվող թոշակն ինչ ծիծաղելի թիվ է կազմում: Խմբագրություն դիմողներն իրենց դժգոհություններն են հայտնում, որ այդ մի քանի կոպեկ գումարն ընդամենը ողորմություն է նման կարգավիճակ ունեցողների համար:

 
ՀԱՐՑ. Եթե անձը համատեղությամբ աշխատում է երկու տեղ, ապա նրա արձակուրդի համար վճարումն ինչպե՞ս է կատարվում երկու պաշտոնների համար:
Ալբերտ Թորոսյան
(37 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քանի որ նույն գործատուի դեպքում հիմնական եւ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերով փաստացի կարգավորվում են տարբեր աշխատանքային հարաբերություններ, ապա կարող ենք ասել, որ տվյալ դեպքում եւս ամենամյա արձակուրդը երկու տարբեր պաշտոնների համար պետք է աշխատողին տրամադրվի միաժամանակ՝ յուրաքանչյուր պաշտոնի համար օրենքով սահմանված ամենամյա արձակուրդի տեւողությամբ:
Օրինակ, եթե հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողի վաստակած ամենամյա արձակուրդի տեւողությունը 30 աշխատանքային օր է, իսկ համատեղությամբ աշխատանքային պայմանագրով՝ 24 աշխատանքային օր, ապա 1-ին պաշտոնի համար աշխատողին պետք է տրամադրվի 30 աշխատանքային օր արձակուրդ, իսկ 2-րդ պաշտոնի համար՝ համապատասխանաբար 24 աշխատանքային օր:
Այսինքն՝ 24 աշխատանքային օրն ավարտվելուց հետո աշխատողը պարտավոր է վերադառնալ համատեղությամբ աշխատանքին, եթե նա մնացած 6 աշխատանքային օրերի համար չի վերցրել չվճարվող արձակուրդ:
Իսկ ինչ վերաբերում է ամենամյա արձակուրդի վճարմանը, ապա դա պետք է իրականացվի ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով, յուրաքանչյուր պաշտոնի համար առանձին-առանձին:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր հայրենակիցները նման խնդիրների առաջ չեն հայտնվի, եթե նախքան աշխատանքի անցնելը փոքր-ինչ ծանոթանան իրենց աշխատանքային իրավունքներին: Թեպետ, երկրում առկա համատարած գործազրկության ֆոնին սեփական աշխատանքային իրավունքներին հետամուտ լինելն անթույլատրելի «ճոխություն է»:

 

 

ՀԱՐՑ. Մենք ընտանիքում բնակվում ենք 3 հոգով՝ ես, կինս եւ աղջիկս: Ես ու կինս աշխատում ենք եւ ամսական ունենում մոտ 300.000 դրամի եկամուտ: Աղջիկս փոքր է եւ հաճախում է մանկապարտեզ: Երիտասարդ ընտանիք ենք եւ ցանկանում ենք որեւէ բանկից վարկ վերցնել մեր բնակարանը վերանորոգելու համար: Մեզ տեղեկացնում են, որ վարկային պատմությունն անհուսալի է, եւ ոչ ոք հաշվի չի առնում մեր կայուն եկամուտները: Խնդրում եմ ասել, թե ինչ կարող եմ անել այս դեպքում:
Տիգրան Հարությունյան
(34 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկի տրամադրման մերժման հիմքերը սահմանվում են յուրաքանչյուր բանկի ներքին կանոններով: Սակայն պետք է նշել, որ բանկի կողմից հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում բանկը պետք է նշի մերժման հիմքը: Ինչ վերաբերում է Ձեր վարկի դասակարգմանը որպես անհուսալի, ապա նշենք, որ այն դեպքում, երբ վարկային պայմանագրով վարկի մարման ուշացումներ են արձանագրվում, ապա տվյալ վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում եւ վարկային բյուրոյում որպես ուշացված: Հետագայում այլ վարկի համար դիմելիս բանկը նախապես հարցում է կատարում վարկային ռեգիստր քաղաքացու վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով: Բանկը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու անունով վարկը դասակարգված է, իրավունք ունի մերժել վարկ տրամադրելը:
Ֆինանսական համակարգի
հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե անձը նախկինում ինչ-ինչ հանգամանքների բերումով ձեռք է բերել վարկային անհուսալի պատմություն, ապա նա ողջ կյանքում զրկվելու է բանկերից վարկ ստանալու հնարավորությունից: Համաձայնե՛ք, որ մեր երկրում գործող գրեթե ոչ մի համակարգ չի զարգանում եւ չի կարողանում աշխատել հօգուտ շարքային քաղաքացիների:




Լրահոս