Սայաթ-Նովա փողոցի շինարարությունը խանգարում է բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովա 10, 12 հասցեների բնակիչները շարունակում են դժգոհել իրենց բակում նախկին կաթսայատան փոխարեն կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինաշխատանքներից: Երեկ բնակիչների եւ շինաշխատանքներ իրականացնող «Լարկո գրուպ» ընկերության ներկայացուցչի միջեւ վեճ էր տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10 եւ 12 շենքերի բնակիչները դեմ են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից այդ տարածքում բարձրահարկի կառուցմանը՝ պնդելով, որ շինարարությունն ապօրինի է եւ չի համապատասխանում անվտանգության կանոններին:

Բացի այդ, Սայաթ-Նովայի թիվ 10, 12 շենքերի բնակիչները դիմել էին ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ եւ Երեւանի քաղաքապետարան` պնդելով, որ շինարարության պատճառով օդը աղտոտվել է, եւ պահանջել` համապատասխան մասնագետներն ուսումնասիրություն կատարեն ու փորձաքննություն անցկացնեն:

«Ուղղակի վաղ առավոտյան բերում են եւ այդ տեխնիկաները լցնում են առանց այդ էլ նեղ բակում: Դրանց ձայնից չենք կարողանում քնել, հանգստանալ: Աղմուկից բացի, օդն էլ են աղտոտում: Ոչ կարողանում ենք մեր հիվանդներին պահել, ոչ էլ երեխաներին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց բակի բնակիչներից մեկը: Շինաշխատանքների պատճառով ստեղծված աղմուկի շուրջ էլ երեկ բնակիչներից մի քանիսի եւ «Լարկո գրուպ» ընկերության շինարարական մասով պատասխանատու Կարեն Աբգարյանի միջեւ վեճ սկսվեց: Վիճաբանությունն, իհարկե, որոշ ժամանակ անց ավարտվեց:

Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարեն Աբգարյանը պնդում էր. «Հիմա մենք ամբողջ շենքը պատրաստել ենք, միայն խնդիրներ ծագել են ուղիղ յոթ ամիս առաջ եւ հիմա, բայց չգիտես, թե ինչու: Մինչդեռ այս պահին ունենք ընդամենը տասը րոպեի գործ: Այսպես ասած, հիմա սատանայի խայծ է, եկել են ու դժգոհում են: Կամ էլ՝ բզբզում են, բայց ես հանգիստ իմ գործն եմ անում: Պահանջում են, որ հիմա այդ տեխնիկան դուրս բերեմ շենքի բակից: Ես արդեն վեց հարկը կառուցել եմ: Սատանայի խայծ է, էլի, ուզում են, որ կոպտություն թույլ տամ, ափերիցս դուրս գամ»:

«Ժողովուրդ»-ը Կարեն Աբգարյանից հետաքրքրվեց նաեւ, թե երբ է նախատեսված շենքն ավարտին հասցնել. «Ծրագրով նախատեսված է շենքի կառուցումն ավարտել 2015 թվականի հուլիս ամսին, բայց, հավանաբար, մենք այն շահագործման կհանձնենք 2015 թվականի վերջին»: Ասել է թե՝ Սայաթ-Նովայի 10, 12 շենքերի բնակիչները նախատեսվածից երկար պետք է իրենց համար անհարմարություններ կրեն, մինչեւ այս ընկերությունը բարեհաճի ավարտել շինաշխատանքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս