ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՉ ԹԵ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՍՐԲԱԶԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»
 

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Այդ առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Մեր զրուցակիցը 1992-1994թթ. «Ազատագրական բանակ» ջոկատի (հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան) «Իքս» դասակի կազմում մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նա 1992թ. օգոստոսին սպարապետ Վազգեն Սարգսյանի զորակոչով ընդգրկվել է մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում:

-Ինչպիսի՞ն էր հայոց բանակը կազմավորումից անմիջապես հետո եւ ինչպիսի՞ն է այսօր։
-Կարծում եմ՝ բանակն առանձնապես որակական փոփոխություններ չի կրել եւ, փառք Աստծո, ավելի զարգացել եւ ամրապնդվել է։ Բայց կուզենայի, որ Լեոնիդ Ազգալդյանի եւ Գարեգին Նժդեհի բանակ լիներ՝ ավելի գաղափարական հենքով եւ ավելի ոգեղեն։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեզանից յուրաքանչյուրը 18-ը լրանալուն զուգահեռ պետք է զորակոչվի հայկական բանակ, սակայն Հայաստանի իշխանությունները եւ բանակի ղեկավարությունը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի յուրաքանչյուր հայ զինվոր՝ թեկուզ զորակոչված, բանակում իրեն հոգեբանորեն զգա որպես կամավորագրված. միայն նման զինվորն է հրաշագործում կռվի դաշտում։ Եվ պետք է նաեւ անել ամեն ինչ, որպեսզի հայ բանակի սպան լինի ասպետ։ Միայն նման բանակը կարող է անպարտելի լինել։
-Այդ ուղղությամբ քայլեր արվե՞լ են, ի՞նչ բացթողումներ են եղել այս տարիներին։
-Բացթողումները, կարծում եմ, շարունակական են, եւ պետք է անընդհատ բանակի գաղափարական թեւը հզորացնել, որը հաստատ կաղում է։ Բանակն այն չէ, ինչ երազում էր Լեոնիդ Ազգալդյանը կամ Մոնթե Մելքոնյանը, բանակն այն չէ, ինչպիսին կուզենար տեսնել Գարեգին Նժդեհը։ Նժդեհյան բանակում գիտակցական, այլ ոչ թե վախով պայմանավորված կարգապահություն էր, իսկ այդպիսին լինելու համար յուրաքանչյուր հայ սպա տասն անգամ ավելի պատրաստված եւ գաղափարական զինվոր պետք է լինի։ Այո՛, զինվոր։ Տասն անգամ ավելի ոգեղեն, ավելի նվիրյալ, տասն անգամ ավելի գաղափարական մարտիկ, նախեւառաջ իր ազգի զինվորը լինի եւ սեփական զինվորից պահանջի նույն զգացողություններն ու նվիրումը։ Ես միշտ ասում եմ՝ շատ ավելի մեծ պատիվ է սեփական բանակում զինվոր, քան օտար բանակում մարշալ լինելը։
-Ազերիների հերթական դիվերսիայի հետեւանքով հերոսաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Արդյոք դա չի փաստում, որ չնայած բոլոր դժվարություններին՝ այսօր, այնուամենայնիվ, կա այդ ոգին։
-Հունվարի դեպքերը եւ Արմենի հերոսությունը մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ պատերազմը դեռ ավարտված չէ, եւ Հայաստանը գտնվում է կենդանի խրամատում։ Այսինքն՝ մեր հայրենիքը մի կենդանի խրամատ է երկու թուրքալեզու, թուրքաբարո, թուրքակրոն պետությունների, ազգերի միջեւ, եւ չի կարելի մտնել թմբիրի մեջ։ Պետք է հասկանանք, որ եթե նույնիսկ մեր միջեւ խաղաղության դաշնագիր կնքված լիներ, ոսոխը, որ անգամ Սեւանա լճում ոտքերը լվանալու նկրտումներ ուներ, երբեք չի հաշտվելու Արցախն իր տարածքում չլինելու լուծման հետ։ Արմեն Հովհաննիսյանը ցույց տվեց, որ երբեք հայ ազգի մեջ հերոսների խնդիր, պակաս չի եղել, եւ որ հայի պարտություններն սկսվել են ավելի շատ անհամախմբվածությունից, ու մի հոգին կարող է շատ բան փոխել երկրում։ Մի հոգու հերոսությունը, հերոսացումը կարող է համախմբել մի ամբողջ ազգի, եւ հակառակը, մի հոգու դասալքությունը կարող է դասալքել եւ բարոյալքել ամբողջ ազգը, ամբողջ բանակը։ Իրականում նա հերոսացել է եւ իրական ազգային հերոս է, ով ցույց տվեց նահատակվելու իսկական ճանապարհը, այսինքն՝ կարողացավ ավելի վեր դասել իր երկիրը, ազգը, քան սեփական կյանքը։ Կարծում եմ՝ եկել է այն ժամանակը, երբ հայի մեջ պետք է վերածնվի ասպետականությունը, ազնվականությունը, որի համար սեփական կյանքը շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան սեփական արժանապատվությունը, տվյալ դեպքում՝ նաեւ իր երկրի անվտանգությունն ու երկրի արժանապատվությունը։ Արմեն Հովհաննիսյանը ցույց տվեց, որ, բանակ զորակոչված լինելով հանդերձ, հոգեբանությամբ եղել է կամավորագրված զինվոր, որի համար հայրենիքի պաշտպանությունը ոչ թե Սահմանադրությամբ ամրագրված պարտականություն է, այլ հոգու կանչ եւ, ամենակարեւորը, սրբազան իրավունք, ինչպես եւ պետք է լինի յուրաքանչյուր հայի համար։

 

 

 

 

ՄԵԾ ՊՈԵՏ ՎԻՍՈՑԿԻՆ

Այսօր երգիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան Վլադիմիր Վիսոցկու՝ խորհրդային ժամանակաշրջանի ամենահակասական կուռքերից մեկի ծննդյան օրն է։ Նա ստեղծել է բազմաթիվ դերեր ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում, բայց ժամանակակիցների մեջ մնաց ու ապրեց որպես մեծ պոետ։ Գրել ու կատարել է 700-ից ավելի երգեր, որոնցից շատերը խախտում էին խորհրդային գրաքննության բոլոր սահմանները եւ արգելված էին։ Նա, մեղմ ասած, չսիրված էր իշխանությունների կողմից, բայց դեռեւս կենդանության oրոք համաժողովրդական սեր ու ճանաչում էր վայելում։ Կինոյում խաղացել է մոտ երեսուն դեր, ամենահայտնին ու սիրվածը Ժիգլովի դերն է` «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում, բայց եղավ ու մնաց Տագանկայի դերասան, որտեղ խաղաց իր առաջատար թատերական դերերը: Նրա երգերով մեծացավ մի ամբողջ սերունդ, ու այսօր էլ նրա խոսքն արդիական է:

Վլադիմիր Վիսոցկին մահացավ 1980թ. հուլիսի 25-ին 42 տարեկան հասակում, երբ Մոսկվայում ընթանում էին օլիմպիական խաղերը։ Այսպես կոչված, սառը պատերազմի տարիներն էին, ԱՄՆ-ը ու եվրոպական շատ երկրներ բոյկոտել էին օլիմպիական խաղերը, իսկ Վիսոցկու մահվան մասին տեղեկությունը կարող էր ավելի «փչացնել» այդ մարզական միջոցառումից տպավորությունը… Փոքրիկ մահախոսականը կորավ սպորտային ռեկորդների ազդագրերի արանքում, իսկ այդ հաղորդագրության համար «Երեկոյան Մոսկվա» թերթի խմբագիրը զրկվեց պաշտոնից: Եվ, չնայած դրան, Վիսոցկուն վերջին հրաժեշտը տալու համար մեծ թվով մարդիկ էին հավաքվել, թաղման օրը բաց պատուհաններից հնչում էին նրա երգերը:
Պատմում են, որ Վիսոցկու ամենասիրած ուտեստը հայկական թփով տոլման է եղել, շատ է սիրել նաեւ հայկական կոնյակ, կարմիր գինի: Վիսոցկուն հարազատ մոր պես սիրել եւ պահել է նրա խորթ մայրը` ծագումով հայ Ժենյա Մարտիրոսովը: Ի դեպ, դա միակ հայկական հետքը չէ Վիսոցկու կյանքում։ Նրան «հայտնաբերել» է մտերիմ ընկերը` Լեւոն Քոչարյանը՝ հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանի որդին, որն ընկերական հավաքույթներում ձայնագրել էր դեռեւս անհայտ Վիսոցկու երգերն ու տարածել մտերիմների շրջանում: Վիսոցկու մտերիմ ընկերներից էր նաեւ գրականագետ Դավիթ Կարապետյանը: Վիսոցկու մահվանից ուղիղ 10 տարի անց՝ 1990թ. հուլիսի 25-ին, Երեւանը հրաժեշտ տվեց Սերգեյ Փարաջանովին, ում հետ բազմաթիվ շփումներ էր ունեցել Վիսոցկին: Նրա մեկ այլ մտերիմ բարեկամը` Լեոնիդ Ենգիբարյանը, եւս մահացել է հուլիսի 25-ին` 1972թ.: Վիսոցկին սքանչելի մի բանաստեղծություն է նվիրել նրան: Ահա մի քառատող դրանից.
Չարը հեռացրեց հանճարն այս բարի,
Ու խինդն է հիմա մեր մեջ վարարում…
Իսկ ինքն անհամար տրտում պահերի
Ցավատանջ բեռն է իր ներսում կրում:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ՝ ԵՐԳԻՉ

Ռուսական ճանաչված դերասան, շոումեն, ազգությամբ հայ Միխայիլ Գալուստյանը որոշել է ուժերը փորձել որպես երգիչ: Նա Սոչիի մասին երգ է ձայնագրել: Տեքստի հեղինակը Կատյա Գորդոնն է: «Միշայի հետ մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերուհին: Նա իմացել էր, որ Գալուստյանը ցանկանում է ուժերը փորձել որպես երգիչ, լրջորեն: Եվ նրան խորհուրդ է տվել ինձ հետ աշխատել՝ որպես Գրիգորի Լեփսի, Անի Լորակի եւ այլոց երգերի հեղինակ: Մենք հանդիպեցինք եւ որոշեցինք քննարկել համագործակցության տարբերակները: Եվ հենց այդ ժամանակ էլ Սոչիի մասին երգ ձայնագրելու գաղափարն առաջացավ: Նա փորձեց ինձ փոխանցել քաղաքից իր հիշողություններն ու զգացողությունները: Տեքստը մեկ օրվա ընթացքում գրեցի, եւ Միշային այն դուր եկավ»,-նշել է երգի հեղինակը:

 

ՋՈԼԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ

Հոլիվուդյան 38-ամյա աստղ Անջելինա Ջոլին որոշել է պլաստիկ վիրահատության դիմել: Շատերի համար գեղեցկության մարմնավորում համարվող Ջոլին կարծում է, որ իր ձեռքերն այնքան էլ գեղագիտական տեսք չունեն խիստ արտահայտված երակների պատճառով: Դերասանուհին պատրաստվում է Բրեդ Փիթի հետ առաջիկա հարսանիքին եւ ցանկանում է հեռացնել ձեռքերի երակները: Զույգին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Անջելինան միշտ բարդույթավորվել է ձեռքերի չափազանց նկատելի երակների պատճառով: Ասում են՝ ապագա հարսնացուն առանց թեւքերի ճերմակ զգեստ է ընտրել եւ վախենում է, որ ձեռքերը սարսափելի տեսք կունենան: Նշենք, որ Անջելինան եւ Բրեդը պատրաստվում են ամուսնանալ այս ամռանը:




Լրահոս