Համալսարանի ռեկտորը մեղադրվում է կաշառակերության և փաստաթղթերի կեղծման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում տեղի կունենա «Լևոն Օրբելու անվան համալսարանի» ռեկտոր Վարդան Զոհրաբյանի գործով առաջին դատական նիստը: Նշենք, որ նա մեղադրվում է կաշառք վերցնելու և փաստաթղթերի կեղծման մեջ, իսկ նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լևոն Օրբելու անվան համալսարանի» ռեկտոր, օժտված լինելով կարգադրիչ և կառավարչական լիազորություններով, համալսարանի հեռակա իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհի Ռուզաննա Սայադյանի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել է և 2013 թվականի օգոստոսի 30-ին Ռուզաննա Սայրադյանի մայր Ալմազ Սայրադյանից ստացել է 250.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք:

Վարդան Զոհրաբյանը նաև 2013 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կեղծել է իրավունք վերապահող վկայական հանդիսացող, Ռուզաննա Սեյրանի Սայրադյանի անվամբ լրացված «Լևոն Օրբելու անվան համալսարանի» թիվ 000333 դիպլոմը, Լիանա Ժորայի Մոսոյանի անվամբ լրացված թիվ 000348 դիպլոմը և Աշոտ Վարազդատի Մուրադյանի անվամբ լրացված թիվ 000347 դիպլոմը՝ դրանք հիշյալ անձանց իրացնելու նպատակով:

Հետաքրքիր է, որ ապրիլի 11-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստին կայացրած որոշմամբ՝ դադարեցվել է Աբովյանի «Լևոն Օրբելու անվան» համալսարանի գործունեությունը: Ավելի ուշ ԿԳՆ-ից լրատվության միջոցներին՝ համալսարանի փակման պատճառների վերաբերյալ մի քանի մանրամասներ էին ներկայացրել: Ըստ այդմ՝ բուհի լիցենզիան կասեցվել է, քանի որ խախտված են եղել կառավարության որոշմամբ հաստատած կարգի 7-8 պահանջներից 5-ը:

Օրինակ՝ ըստ օրենքի՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ կոչում, իսկ 50 տոկոսը պետք է լինեն տվյալ ուսումնական հաստատության հիմնական հաստիքային աշխատողներ: Սակայն պարզվել է, որ պրոֆեսորադասախոսական կազմ բուհն ընդհանրապես չունի, և արձանագրված է, որ 2013թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ բոլոր աշխատակիցներն ազատված են աշխատանքից, իսկ որպես պատճառ աշխատանքային գրքույկներում նշված է՝ դասաժամերի ավարտելը:

Բացի այս հանգամանքից՝ հաստատությունը չի ունեցել սեփական մարզադահլիճ, իսկ Աբովյանի կրթահամալիրի հետ կնքած պայմանագիրը ոչ օրինական էր: Նշենք, որ բուհի ռեկտոր Վարդան Զոհրաբյանը համարում է, որ ԿԳ նախարարի որոշումը քաղաքական հիմք ունի: Նա կարծում է, թե հակառակ դեպքում իրենց միայն նախազգուշացում կտային:

Հավելենք, որ օրենքի համաձայն` բուհը կարող է գործել միայն մեկ տարի անց և այն էլ միայն այն դեպքում, եթե այդ ընթացքում բավարարի լիցենզավորման բոլոր պահանջներին:




Լրահոս