ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն իրականացնում է իր առեւտուրը, սակայն լավ կլիներ, որ Ռուսաստանը չվաճառեր:

-Պարո՛ն նախարար, ինչո՞ւ հենց Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո հայկական կողմը որոշեց ռուսական 102-րդ ռազմաբազային նոր տարածքներ հատկացնել: Խոսքը Գյումրիում ու Երեւանում մեկական ռազմական ավան հատկացնելու եւ «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքում ռուսական կողմի համար վառելիքաքսուքային պահեստ կառուցելու մասին է:
-Ռուսաստանի Դաշնության ռազմական բազայի կատարելագործման աշխատանքների օպտիմալացումը մշտապես եղել է, բայց այն ժամանակահատվածից, երբ ես դարձել եմ պաշտպանության նախարար: Այսինքն՝ 2008 թվականից: Այս ընթացքում տարբեր փոփոխություններ են եղել՝ կառուցվածքային, հաստիքային, եւ այս ամենի արդյունքում ՌԴ ղեկավարությունը եկավ այն եզրակացության, որ ճիշտ կլինի՝ կոմունալ ծախսերը նորմալ իրականացվեն: Բացի դրանից՝ ռազմական բաղադրիչի զարգացումը մշտապես իր մեջ փոփոխություններ է պարունակում: Հատկապես, որ ՌԴ ղեկավարությունը ծրագիր ընդունեց զարգացման ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի օգտագործման ու կատարելագործման ուղղությամբ` մինչեւ 2020թ.: Այդ շրջանակներում նախատեսվեց, որ Երեւանի ավիացիոն ռուսական բազան համալրվի նոր միջոցներով: Իսկ նոր միջոցների համալրման համար տարածք էր պետք: Ուստի այդ հարցում որեւիցե բան Մաքսային միության հետ կապել պետք չէ: Եվ չի բացառվում նաեւ, որ ՄՄ-ին անդամակցության շրջանակներում անվտանգության ապահովման խնդիրների ուղղությամբ ինչ-որ մի բան նաեւ ավելացրած լինեն:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում անգամ Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշումից հետո ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Որքանո՞վ է նման գործելակերպը համահունչ դաշնակցային հարաբերություններին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ եւ առաջիկայում արդեն նաեւ ՄՄ շրջանակներում:
-Ինքն իրականացնում է իր առեւտուրը, որն անում են բոլոր մեծ տերությունները: Եթե Ադրբեջանը Ռուսաստանից չգներ, կգներ ուրիշ տեղից: Իհարկե, մեզ համար լավ կլիներ, որ չվաճառեին, չտային: Բայց եթե համեմատելու լինենք ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ եւ մեզ հետ, Ռուսաստանը մեզ ավելի մեծ քանակությամբ, ավելի մեծ նշանակության աջակցություն է ցուցաբերում:
-Ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ռազմաբազան կներգրավվի ռազմական գործողություններում, մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում: Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ պահանջեց, ինչին ի պատասխան՝ ռուս համանախագահը չբացառեց, որ հնարավոր է՝ խնդիրը թյուրիմացության արդյունքում է ծագել, եւ խոստացավ «զբաղվել այդ հարցով»: Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք նորմալ է ռուսական կողմի արձագանքը: Դա, ի վերջո, թյուրիմացությո՞ւն էր, թե՞ ռուսական կողմի հստակ դիրքորոշումը: 2013թ. ՌԴ կատարած Ձեր այցի ընթացքում այս հարցը հստակեցրի՞ք Ձեր ռուս գործընկերների հետ:
-Դուք ի՞նչ էիք կարծում՝ Ադրբեջանի ղեկավարությունը կամ Ադրբեջանի տարբեր կազմակերպություններ, վերլուծական կենտրոններ, այս ամենը լսելով, հանգիստ պետք է նստեի՞ն: Ես բազմիցս նշել ու նշում եմ, որ Ադրբեջանի հետ մենք որեւէ խնդիր չունենք, մենք նրանց ծնկի կբերենք, ու եթե հարկ լինի, նաեւ կանխարգելիչ հարվածով, առանց որեւէ մեկի աջակցության, մեզ համագործակցությունը հարկավոր է այլ նպատակով, գլոբալ անվտանգության միջավայրի համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՉԻ ՃԱՆԱՉԵԼ

Երեկ Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Լիլի» հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակել է ռեստորանային համալիրի տիրոջ` Գրիգոր Խաչատրյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: «Ժողովուրդ»-ն Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանից պարզեց, որ սպանված Գրիգորն ապրում էր Այնթապ գյուղում եւ ուներ երկու դուստր, մեկ որդի. «Իր ռեստորանային համալիրը դստեր անունով էր կոչել՝ Լիլի: Շատ նորմալ տղա էր: Տեղյակ եմ, որ դստրերից մեկին ամուսնացրել է եւ ուղարկել ԱՄՆ: Նույնիսկ լսել էի, որ ինքն էլ է ուզում գնալ Ամերիկա»: Գյուղապետի խոսքով՝ դեպքից հետո Գրիգորի գիտակցությունը տեղն է եղել, եւ փորձել է իր անձնական մեքենայով ինքնուրույն հասնել հիվանդանոց, սակայն կորցրել է գիտակցությունը եւ չի կարողացել տեղ հասնել. «Նույնիսկ նրան օգնության հասած մարդիկ հարցրել են, թե ճանաչում ես՝ քեզ ով կրակեց, նա ասել է, թե չի ճանաչում»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածների հատկանիշներով:

 

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում երեկ ամուսինները միմյանց սպանել են: Պաշտոնապես հայտնի դարձավ, որ ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, թե իր եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը` 48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են իրար: Ավելի ուշ հայտնաբերվել են ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպքից մի քանի օր առաջ տեղի է ունեցել մահացած ամուսինների որդու հարսանյաց հանդեսը: Պարզեցինք նաեւ, որ կնոջ մարմնի որովայնի շրջանում դանակի մի քանի հարված կա, իսկ ամուսնու պարանոցն է կտրված:

 

 

 

 
ԲԼԹ

«Հայաստանի Ազգային բանակը կայացման նույն ճանապարհն է անցել, ինչ ՀՀ-ն: Այն իր գոյության առաջին իսկ օրվանից լավագույն որակներ է դրսեւորել…»:

Արթուր Բաղդասարյան «Առավոտ»
Հերթական բաժակաճառն ԱԽՔ-ի կողմից: Պոպուլիզմի արվեստում արժանի մրցակից չունեցող այս գործչի մոտ ամենալավը միշտ ստացվել է գեղեցիկ խոսքեր շռայլելը, ամպագոռգոռ մտքեր արտաբերելը, որոնք ավելի շատ խնջույքի սեղանի շուրջ ասվող բաժակաճառեր են հիշեցնում: Իսկ ինչ վերաբերում է խոսքը գործ դառնալուն, էական ոչինչ չենք կարող նշել: Նույնը բանակի հարցում. մինչ օրս ի՞նչ է արել Ա. Բաղդասարյանը՝ որպես ԱԽՔ, բանակի համար, որ այսքան դժգոհություններ չհնչեն, որ չլինեն անառողջ ու ոչ կանոնադրական փոխհարաբերություններ, որ խաղաղ պայմաններում զոհեր չտանք: Խոսելը շատ քիչ է:

 
«Մեկ էլ բռնել տալ, կլավուզնիկություն, ստորություն: Ուրիշ մեթոդ մենք չենք տեսել իրանից: Ա՛յ, որ ջահել վախտը մեզ տեսնում էր փախնում էր, գոնե էդ հիշի, ոչ թե հելնի շառով տա»:

Վարդան Ղուկասյան 1in.am
Փաստորեն, Գյումրու նախկին «աստվածավախ» քաղաքապետը, որի ընտանիքի անդամների անունները մշտապես հայտնվում են քրեական պատմությունների կիզակետում, խոստովանում է, որ խուլիգանության նկատմամբ հակումներն իր մոտ դրսեւորվել են դեռ երիտասարդ տարիքից, եւ նույնիսկ Սամվել Բալասանյանն իրեն տեսնելիս փախչում էր: Ուրեմն որպես խուլիգան բավականին սարսափազդու է եղել, որ մարդիկ փախել են, հետեւաբար, նրա տղան էլ շատ հանգիստ կարող էր հարձակվել Բալասանյանի տան վրա եւ իրեն նման ձեւով պահեր: Հետաքրքիր է, թե ինչն է շառ. նաեւ անցած տարվա ընթացքում Սպարտակի հնչեցրած կրակոցնե՞րը:

 
«Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգեւ է եւ պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զորացնելու կամքը»:

Նավասարդ Կճոյան «Առավոտ»
Ինչպե՞ս են զորացնում այդ հայրենիքը, որպես հոգեւորական՝ իշխանության անբաժան կցորդը լինելո՞վ, օֆշորային գոտում ընկերություններ ստեղծելո՞վ, բենթլիներ նվեր ստանալով եւ բանակի օրվա առթիվ շնորհավորանքներ գրելո՞վ: Իսկ այդ բանակի համար շնորհավորողների ու ամպագոռգոռ խոսքեր շռայլողների մեծ մասը ոչինչ էլ իրականում չի արել: Օրինակ՝ նույն Նավասարդ Կճոյանը կարող էր, ասենք, վաճառել իր տխրահռչակ «Բենթլի»-ն, որն իբրեւ թե նվեր էր ստացել, եւ որն իբրեւ թե իրեն այդքան էլ պետք չէր, քանի որ ինքը «համեստ» կենսակերպ ունեցող հոգեւորական է: Բայց չարեց, հետեւաբար…

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս