ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏՎՅԱԼՆԵՐԸ

Որքան ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարողանում է հաջողությամբ ձախողել իրեն վստահված աշխատանքները, այնքան գնահատվում է բարձրագույն իշխանության կողմից: Երեկ նա Սերժ Սարգսյանի հետ նույն պատվիրակության կազմով մեկնել է Չեխիա:

Հիշեցնենք, որ «ՀՀ բնապահպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը»: Իսկ որքանո՞վ է պետական քաղաքականություն մշակող Արամ Հարությունյանը պաշտպանում պետության շահերը:
Բերենք ընդամենը երկու օրինակ. Արամ Հարությունյանն իր գործունեության ընթացքում հասցրեց Սեւանա լիճը վերջնականապես պատել գարշելի տեսարաններով, հնարավորինս վերացրեց լողափերը՝ լճի ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքներ չկատարելով: Տպավորություն է, որ Սեւանա լճում մաքրվում են միայն այն հատվածները, որոնք պատկանում են այս կամ այն գործարարին կամ պաշտոնյային: Իսկ թե ինչ գործունեություն է ծավալում 2010-ին շուրջ 380 հազար եվրո արժեքով գնված «Վոթեր մաստեր» տեխնիկան, որը պետք է Սեւանի ափերը «պլպլացնելու» աստիճան մաքրեր, այդպես էլ անհասկանալի է մնում: Մինչդեռ այդ օրերին նախարարության մեծ ու փոքր պաշտոնյաները հավաստիացնում էին, թե Սեւանի փրկությունը կախված է այդ տեխնիկայից: Այսօր այն անհետացել է, ինչպես պղպջակ: Բացի այդ՝ վերացման եզրին են նաեւ Սեւանի ավանդական ձկնատեսակները:
Երկրորդ օրինակն Արարատի մարզի ջրօգտագործման խնդիրն է, որով զբաղվում է Արարատի մարզի ոստիկանությունը: Ու թեեւ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրելու գործառույթը բացառապես նախարարինն է, այնուամենայնիվ, ոստիկանները դեռ Արամ Հարությունյանին չեն հրավիրել հարցաքննության: Նրա փոխարեն առավել ցածր կարգավիճակ ունեցողներն են օրումեջ հարցաքննության կանչվում՝ հաճախ անտեղյակ ցուցմունքներ գրելով:
Բայց միայն սրանք չեն Արամ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված ակնհայտ ձախողումները: Պարզապես նա կարողանում է իր մեղքը բարդել ենթակաների վրա՝ մշտապես ջրից չոր դուրս գալով:
«Ժողովուրդ» օրաթերթը «ջրային սկանդալի» մասով ՀՀ բնապահպանության նախարարին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին հարցաշար էր ուղարկել: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ բնույթի հարցերի մասին է խոսքը, բերենք ընդամենը մեկ օրինակ: «Խնդրում եմ տրամադրել 2003 թվականից մինչեւ 2013 թվականը՝ ըստ տարիների, քանի՞ հորատման անցքերի թույլտվություն է տրվել ԲՆ-ի կողմից, եւ ի՞նչ քանակությամբ ջուր է բացթողնվում այդ հորատանցքերից: Ի՞նչ սկզբունքով են թույլատրվում հորատանցքեր բացել»: Շուրջ մեկ ամիս հարցաշարը նախարարության տարբեր բաժիններով պտտեցնելուց հետո՝ նախարար Հարությունյանն ի վերջո հրահանգեց չպատասխանել մեր հարցերին: «Ի պատասխան 2013թ. դեկտեմբերի 23-ի Ձեր գրության՝ հայտնում եմ, որ Ձեզ հետաքրքրող տվյալները պարբերաբար հրապարակվել են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրություններում եւ պաշտոնական կայքում, որտեղից էլ կարող եք օգտվել»,-2014-ի հունվարի 20-ին ահա այսպիսի պատասխան ենք ստացել ԲՆ-ից:
Հավատալով պատասխանի անկեղծությանը՝ ուսումնասիրեցինք նախարարության պաշտոնական կայքէջը՝ անհրաժեշտ տեղեկություններ հայտնաբերելու համար, եւ պարզվեց, որ ջրօգտագործման մասին վերջին տեղեկությունը, որն առկա է, վերաբերում է 2011-ին (տե՛ս լուսանկարը): Այսինքն՝ նախարարությունը 2012-ի եւ 2013-ի տվյալները թաքցնում է: Նախարարի այս արարքի մեջ հանցածին էլեմենտներ կան, քանի որ ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 33.2 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»:
Բացի այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 278 հոդվածը՝ «ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԹԱՔՑՆԵԼԸ», եւս պատիժ է նախատեսում մարդու համար կենսական նշանակություն ունեցող տեղեկությունը թաքցնելու համար: «1. Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երեւույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով…
2. Նույն արարքները, որոնք`
1) կատարվել են պաշտոնական դիրքն օգտագործելով… պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:
Հուսանք՝ ՀՀ ոստիկանությունն այս դրվագը չի շրջանցի: Իսկ մեր հետաքննությունը շարունակվում է: Հաջորդիվ կներկայացնենք ԲՆ-ին ուղղված հարցաշարը՝ տալով դրանց համար պատասխաններ՝ ստացված արդեն «Ժողովուրդ»-ի աղբյուրներից:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ԲԱՆԱԿԻ ՍՊԱ Է

Հայոց բանակի 22-ամյակի առթիվ ամեն տարի շրջանառվում են այն պաշտոնյաների ու պատգամավորների անունները, որոնք բանակում չեն ծառայել: Ոմանք այդ փաստի հրապարակումը սրտին մոտ են ընդունում, իսկ որոշների համար էլ միեւնույն է, թե ինչ կհրապարակվի իրենց մասին:

Այդ համատեքստում արդեն Նիկոլ Փաշինյանը տվել է իր բացատրությունն առ այն, որ համաձայն այդ տարիների օրենսդրության՝ ինքը չպետք է զորակոչվեր բանակ, քանի որ երկու եղբայրներն արդեն ծառայել էին բանակում: Հետեւաբար իրեն իրավունք չունեին զորակոչելու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց նաեւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Սովետական միության ժամանակ երկրի խոշորագույն որոշ բուհեր ունեին ռազմական ամբիոն, որտեղ ռազմական դասընթացներ եւ ռազմական գործողություններ էին սովորեցնում հեռակա կրթությանը զուգահեռ: Նման ամբիոններ ունեին բժշկական համալսարանը, ԵՊՀ-ն եւ պոլիտեխնիկը: Ավարտելուց հետո 2 ամիս զորահավաք էին անում (պոլիտեխնիկը, իմիջիայլոց, զորահավաք անցկացնում էր), որից հետո ուսանողներին շնորհվում էր սպայի աստիճան: Եվ այդ տարիներին հարյուր հազարավոր ուսանողներ բանակ չէին զորակոչվում, դա այդ տարիների օրենքն էր, եւ մեր պատգամավորներից շատերը՝ մեր հասակակիցները, նման ձեւով են անցել կյանքի այդ փուլը: Ես ավարտել եմ պոլիտեխնիկը, կոչումով լեյտենանտ եմ, անցել եմ ուսմանը զուգահեռ: Դա համարվել է ծառայություն: Այնպես որ, ես բանակի սպա եմ: Կարծում եմ՝ իմ գործընկերներից շատերն այս տեղեկությունը գիտեն: Առնվազն ծիծաղելի է դրա մասին հրապարակելը:
-Բայց Ձեր կենսագրության մեջ այդ փաստն ընդգծվա՞ծ էր:
-Ինչպե՞ս նշված չէ, գրված է սպա: Առանց ծառայած սպա լինո՞ւմ է: Չեմ ցանկանում ամեն ինչում միտումներ փնտրել: Երեխաներ են եւ անփորձ բաներ են արել:

Թ. Մ.

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 5-ը անցկացվում է Ջիբրալթարի ավանդական խոշոր «օփենը», որին մասնակցում է Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսեսյանը: Նրանից բացի՝ հանդես են գալիս հայ շախմատիստներ, որոնք այլ երկրներ են ներկայացնում (բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, նրա համերկրացի, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, նորվեգահայ Երազիկ Խաչատուրյանը): Առաջին տուրում հայ շախմատիստներից միայն Սերգեյ Մովսեսյանին է հաջողվել հաղթանակ տոնել, իսկ մյուսները պարտություն են կրել։
«Tradewise Gibraltar Chess Masters»-ն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ նախատեսելով 10 տուր, իսկ մրցաշարին մասնակցում են այնպիսի ուժեղագույն գրոսմայստերներ, ինչպիսիք են՝ Մայքլ Ադամսը (Անգլիա), Մաքսիմ Վաշիե Լագրավը (Ֆրանսիա), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Դավիդ Նավարան (Չեխիա), Նայջել Շորթը (Անգլիա), Լի Չաոն (Չինաստան), Ալեքսեյ Դրեեւը (Ռուսաստան):

 

ՍԿԱՆԴԱԼ 

Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU) հայտարարել է, որ երեք բիաթլոնիստ՝ Ռուսաստանից եւ Լիտվայից, չեն անցել դոպինգ ստուգումը։ IBU-ն արդեն այդ մասին տեղեկացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեին, եւ մարզիկները հեռացվել են ցանկացած մրցումների մասնակցությունից։ Նրանց անունները չեն հրապարակվում, միայն հաղորդվում է, որ երկու սեռի ներկայացուցիչ էլ կա. նախնական հետաքննության փուլում, ըստ համաշխարհային հակադոպինգային գործակալության կանոնագրքի, նման բան չի թույլատրվում։ Ի դեպ, հաստատելու համար, որ մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել կամ չեն հայտնաբերվել արգելված դեղամիջոցներ, պետք է վերցվի նաեւ Բ նմուշը։ Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, դա կլինի ռուս բիաթլոնիստների երկրորդ խոշոր դոպինգային սկանդալը վերջին հինգ տարվա ընթացքում։ 2008թ. արգելված դեղամիջոցներ էին հայտնաբերվել Ալբինա Ախատովայի, Եկատերինա Յուրեւայի եւ Դմիտրի Յարոշենկոյի օրգանիզմում։ Նրանք որակազրկվեցին երկու տարով:

 

ՄԱՐՏԻ 1-ԻՆ՝ ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ

Գերմանիայում հունվարի 28-ին կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (46-3, 26 նոկաուտ) եւ այդ տիտղոսի նախկին տիրակալ Արթուր Աբրահամի (38-4, 28 նոկաուտ) մամուլի ասուլիսը: Նրանք անդրադարձել են մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգում կայանալիք մենամարտին, որը երրորդը կլինի նրանց միջեւ:
Արթուր Աբրահամը մասնավորապես նշել է. «Անհամբերությամբ եմ սպասում մենամարտին: Մարտի 1-ին կանեմ ամեն բան՝ չեմպիոնական տիտղոսս վերադարձնելու համար»: Հիշեցնենք, որ 33-ամյա Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս