ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աբովյան-Թումանյան խաչմերուկում

Հավանաբար, չդիմանալով երեւանյան այս տապին, նույնիսկ լուսացույցներն են տապալվում գետնին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա` ավտոմեքենան հարվածել է լուսացույցի սյանը ու հեռացել: Տապալված լուսացույցը մեծ անհարմարություն է պատճառում ե՛ւ անցորդներին, ե՛ւ երթեւեկությանը:

 

 

ՀԱՐՑ. Աշխատում եմ առեւտրական կազմակերպությունում: Այս տարվանից վարչությունը կրճատել է իմ արձակուրդը մինչեւ 24 աշխատանքային օր, այն դեպքում, երբ անցյալ տարի ինձ տրամադրվել էր 29 օր: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք վարչության որոշումը օրինական է:

Կարինե Միրզոյան (34 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159 հոդվածի՝ աշխատողների ամենամյա վճարվող արձակուրդը պետք է լինի 28 աշխատանքային օրից ավելի: 160 եւ 161 հոդվածներով առանձին կարգի աշխատողների համար նախատեսված են շարունակական եւ լրացուցիչ արձակուրդներ մինչեւ 35 օր, բացառիկ դեպքերում մինեւ 48 օր, այդ թվում, օրինակ, ոչ նորմավորված աշխատանքային օրվա դեպքում:
Այդպիսի արձակուրդի տրամադրման տեւողությունը եւ կարգը որոշվում է կոլեկտիվ պայմանագրերում եւ այլ արձանագրություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն: Եթե լրացուցիչ հնգօրյա արձակուրդը ձեզ է տրամադրվել ՀՀ ԱՕ 160 եւ 161 հոդվածներով նախատեսված պատճառներից մեկի հիման վրա եւ Ձեր պայմանագրի պայմանները մնացել են անփոփոխ, ապա Ձեզ լրացուցիչ արձակուրդից զրկելն անօրինական է:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում եթե մեզ դիմող քաղաքացին կարծում է, որ իրեն անօրինական են զրկել իր լրացուցիչ արձակուրդից, ապա նա կարող է հանգիստ դիմել աշխատանքի տեսչություն եւ վստահ լուծել առաջացած արձակուրդային խնդիրը։

 

 
ՀԱՐՑ. Մայրս 63 տարեկան է։ Լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, բայց նա շարունակում է աշխատել եւ չի ստանում իր պարտադիր կուտակային կենսաթոշակը։ Խնդրում եմ ասեք, արդյո՞ք նա պարտավոր է կատարել պարտադիր կուտակային վճարներ, թե ոչ։

Լիա Ամիրգուլյան (31 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը: 63 տարեկանը լրանալուց հետո մասնակիցը պարտադիր կուտակային վճար կատարելը դադարեցնելու համար պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Պարտադիր կուտակային վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով: Մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ։
Եթե մասնակիցը չի ներկայացնում պարտադիր կուտակային վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա, կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 տոկոսի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013 թվականի վերջին Հայաստանում թոշակառուների թիվը հասել է 515.340-ի՝ մեկ տարում ավելանալով 7269-ով, իսկ կենսաթոշակների միջին չափը հասել է 29.122 դրամի։ Ի դեպ, ապահովագրության գումարներ վճարողների եւ սոցիալական կենսաթոշակառուների թիվը 2013թ. կազմել է 512.505, որոնցից 306.856-ը կին է եւ 205.649-ը՝ տղամարդ։ Ընդ որում` ապահովագրական եւ սոցիալական վճարումների միջին չափը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 29.114 դրամ։




Լրահոս