24 տարի առաջ օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանն իրավական տեսք տալու փորձ։

Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։

Սրանով անկախության հիմքերը ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։

1990թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991թ. օգոստոսի14-ին: Ապա 1991թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:




Լրահոս