Ե. Զախարյանի՝ աշխատանքից ազատված որդին ամենահարուստ դատավորներից էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Արտակ Զախարյանն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում կարողացել է կլորիկ ունեցվածք ձեռք բերել: Հիշենենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի դատավոր որդին ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից:

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. հունվարի 1-ից և չնայած երիտասարդ տարիքին` համարվում էր  Հայաստանի ամենահարուստ դատավորներից մեկը:

Ըստ 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Արտակ Զախարյանը վաստակել է 3 մլն 939 հազար 287 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Նրա հաշվին եղած գումարներն այդ ժամանակ մի քանի անգամ գերազանցել են աշխատավարձի չափը:

2011թ. սկզբին Արտակ Զախարյանն ունեցել է 422 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 412 մլն: Նա ունեցել է նաև 200 հազար դոլար և 200 հազար եվրո, որոնք ամբողջ տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել:

2012թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ 412 մլն դրամը դարձել է 504 մլն դրամ, իսկ արտարժույթով դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել: Միայն աշխատանքի վարձատրության և շահաբաժնի շնորհիվ նա այդ տարի վաստակել էր 100 մլն դրամից ավելի գումար:

2013թ. ընթացքում նախկին դատավորը ձեռք է բերել երկու մեքենա: Երկու մեքենաներից VOLKSWAGEN TOUAREG 4.2 մակնիշի մեքենան տարվա ընթացքում վաճառել է 17 մլն 780 հազար դրամով, իսկ մյուս՝ VOLKSWAGEN TOUAREG 3.6 -ը՝ ձեռք բերել 29 մլն 986 հազար դրամով:

Դրամական միջոցներում չնչին փոփոխություններ են եղել: Մասնավորապես, 504 մլն դրամը դարձել է 479 հազար դրամ, իսկ հաշվետու տարում էլ վաստակել է 22 մլն 460 հազար դրամ:

Նշենք, որ 1998 թ.-ից մինչև 2001 թվականը Արտակ Զախարյանն աշխատել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեում՝ որպես արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ, այնուհետև ավագ տեսուչ։ 2001 թ.  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նշանակվել է որպես քննիչ, իսկ 2005-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում դատախազի օգնական, 2007 թվականին՝ դատախազ:




Լրահոս