Գ. Կոստանյանի աշխատակիցը «տեղափոխվեց» Ա. Հովսեփյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը, ով մեկ այլ հրամանագրով, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը, իսկ մյուս տեղակալն ու զինվորական քննչական գլխավոր վարչության պետը Արմեն Հարությունյանն է, ով մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնից: Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանի հետ, ով հայտարարեց, որ իրենք այսօրվանից արդեն սկսելու են իրենց բնականոն աշխատանքը:

-Պարոն Թամազյան, մշտապես հայտարարել եք, որ Դուք մնալու եւ աշխատելու եք ՀՀ գլխավոր դատախազությունում: Ինչո՞ւ որոշեցիք գնալ ՀՀ Քննչական կոմիտե:

-Ընդամենը մի քանի օր առաջ է ինձ Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկություն եղել, ես էլ ընդունել եմ այդ առաջարկությունը: Ես ասել եմ` հանրապետության նախագահը որտեղ կառաջարկի ինձ աշխատել, ես այնտեղ էլ կհամաձայնեմ աշխատել:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այսքան տարի դատախազությունում աշխատելուց հետո, որոշել եք տեղափոխվել քննչական ոլորտ:

-Ես մինչ այս` 9 տարի աշխատել եմ այլ համակարգում` ոստիկանությունում, 16 տարի աշխատել եմ քննիչ, որից 12 տարին աշխատել եմ` որպես կարեւոր գործերով քննիչ: Այնպես որ քննչական համակարգում աշխատելու երկար փորձ ունեմ: Այսինքն` սա այն հիմքն է, որի վրա կառուցվում է վերնաշենքը, իսկ հիմքը պետք է ամուր լինի, որ վերեւի շենքն էլ կայուն լինի: Այդտեղ քննության լրիվության, բազմակողմանիության, օբյեկտիվության, լիքը խնդիրներ կան, որոնց դեռեւս չեմ ցանկանում անդրադառնալ:

-Կարելի՞ է ասել, որ Դուք նախընտրում եք աշխատել Աղվան Հովսեփյանի հետ, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ դժվար է աշխատելը: Համենայն դեպս` այդպես են ասում նրա հետ աշխատողները:

-Այդպիսի խնդիր չի եղել: Աշխատանքային հարաբերությունները լրիվ նորմալ են, չնայած գիտեք` տարիքային տարբերությունը մեծ է, Հովսեփյանի հետ մենք հասակակիցներ ենք, իսկ Կոստանյանի հետ զգալի տարիքային տարբերություն կա: Այս տարիքային տարբերությունն ինչ-որ տեղ չգիտեմ դուք ինչպես կգնահատեք, բայց աշխատանքային որեւէ լուրջ խնդիր չի եղել, մեր աշխատանքային հարաբերությունները եղել են բավականին առողջ եւ արդյունավետ: Ես այնտեղ սպասարկել եմ մեղադրանքի պաշտպանության ոլորտը ու այդ ոլորտում արդեն զգալի դրական տեղաշարժեր նկատվել են, այս մեկ տարվա ընթացքում: Չհաշված այլ ոլորտները` պետական շահերի պաշտպանություն ու այլն:

-Դատախազությունն արդեն կայացած համակարգ է, իսկ Քննչական կոմիտեն նորաստեղծ մի մարմին է, եւ դեռեւս հստակ չէ, թե այն ինչ գործունեություն է ծավալելու: Կարելի է ասել` Դուք կայացած կառույցից գնում եք անորոշ մի տեղ:

-Ես ձեզ մի բան ասեմ. առաջին հայացքից է թվում, թե շատ նոր կառույց է, որովհետեւ նորը հարաբերական է, այնքանով, որքանով այդ մարմինները ձեւավորվել են Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական ապարատի հենքի վրա: Ճիշտ է, նոր կառույց է, սակայն հենքը բավականին հին է, այնպես որ կազմակերպչական բնույթի զգալի անելիքներ կան:

-Պարոն Թամազյան, կառույցը նոր է կազմավորվում, սակայն հին «դեմքերն» են հիմնականում կոմիտեում աշխատելու: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում:

-Ես ավելի համամիտ եմ նրա հետ, որ պրոֆեսիոնալ կադրերը կարող են իրենց զբաղեցրած պաշտոնում երկար տարիներ աշխատել, հիմա ասենք, եթե քննիչը 20 կամ 30 տարվա քննիչ է, այդտեղ ի՞նչ վատ բան կա, եթե բժիշկը 20 տարվա բժիշկ է, ապա այդտեղ ի՞նչ կա, ինչի՞ համար ենք մենք միայն վատը տեսնում, ինչո՞ւ ենք մենք այդ մարդու ստաժը համարում բացասական հանգամանք, ես համաձայն չեմ դրա հետ: Իհարկե նոր դեմքեր կան այդտեղ, գիտեք նաեւ, որ մի նոր տեղակալ է նշանակված` Ղամբարյան, ով իրավաբանական գիտությունների դոկտոր է, 31 տարեկան երիտասարդ է, փայլուն գիտելիքներով, քրեական դատավարության, սահմանադրական իրավունքի փայլուն մասնագետ:

-Բայց այդ նույն մարդիկ, ովքեր անընդհատ պաշտոնից պաշտոնի են «տեղափոխվում», հասարակության մոտ վստահություն չունեն: Անգամ նշվեց, որ Մարտի 1-ը չբացահայտած խումբն այժմ էլ այլ կառույց է ձեւավորել, որը աշխատելու է նույն կերպ, ինչպես նախկինում: Նման մտավախություն չունե՞ք:

-Սխալ տեղեկություններ են տարածում, եթե դուք նկատի ունեք այդ խումբը ղեկավարողին, ապա նա անյտեղ գլխավոր վարչության պետ էր: Նույնը վերաբերում է մյուս տեղակալին, ով երկար տարիներ Պաշտպանության նախարարության քննչական վարչության պետն էր: Կարծում եմ` որեւէ խնդիր չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս