Վրաերթի ենթարկված 4-ամյա երեխայի վրայով անցել է մեկ այլ մեքենա. ահասարսուռ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի, ինչի հետևանքով 2010 թ. ծնված Հարություն Մովսիսյանը տեղում մահացել է, իսկ 1984 թ. ծնված Գևորգ Մովսիսյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացանք, որ կատարվում է քննություն:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ տուժողներ հայրն ու անչափահաս որդին օրերս էին տեղափոխվել Բալահովիտ գյուղ և այնտեղ բնակարան վարձել:

Ականատեսների փոխանցմամբ` երեքհոգանոց այս ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Կինն ու ամուսինը Աբովյանում են աշխատում:

Վթարից րոպեներ առաջ երեխան անսպասելիորեն թողել է մոր ձեռքը, վազելով անցել է ճանապարհը, առջևից ընթացող մեքենան հարվածել է նրան և նետել մյուս մայթ: Այդ պահին էլ մեկ այլ մեքենա է մոտեցել և անցել երեխայի վրայով: Երեխայի հետևից վազող հայրը վրաերթի հետևանքով վնասել է ոտքը:

4-ամյա Հարությունը տան միակ երեխան էր:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկողը Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ է: Գյուղապետ Սերոբ Միքայելյանը հայտնեց, որ 25-ամյա Գագիկ Խաչատրյանը ողջ գյուղում և ընկերական շրջապատում հարգված և սիրված անձնավորություն է, ով հոր մահից հետո մանկուց աշխատել է ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով:

«Հայրը վաղուց է մահացել` երիտասարդ տարիքում: Իրենց ողջ գերդաստանը, ողջ ընտանիքը օրինակելի և մարդասեր մարդկանցով է լցված: Եղբայրն էլ վերջերս է ամուսնացել: Գագիկը դեպքից հետո երեխային շտապ տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն: Ինքը խղճից թույլ մարդ է: Նույնիսկ վախենում եմ պատկերացնեմ` ինչ վիճակում է  հիմա գտնվում»,- հայտնեց համայնքապետը` հավելելով, որ Գագիկի ընտանիքի անդամները հողագործությամբ են զբաղվում` գիշեր-ցերեկ աշխատելով` ընտանիքի կարիքները հոգալու և գոյատևելու համար:

Գյուղապետը հայտնեց նաև, որ հանդիպել է թե՛ տուժողի, թե՛ Գագիկի հարազատների հետ, և երկու կողմն էլ դժբախտությունն է սգում: Սերոբ Միքայելյանի խոսքերով` այս պահին երեխայի հարազատները նույնիսկ բողոքելու մասին չեն մտածում, քանի որ վիշտը մեծ է և անդառնալի: Թեպետև, ինչպես վստահեցրեց գյուղապետ Ս. Միքայելյանը, Գագիկը չի խուսափի պատասխանատվություն կրելուց. մեղքի զգացումը նրան հանգիստ չի տա:

«Խղճից թույլ տղա է: Սա մեծ կորուստ է, մահ կա: Անգամ պատիժ կրելուց հետո էլ Գագիկն իրեն ողջ կյանքում չի ների: Որքանով ես եմ նրան ճանաչում, եվ ողջ գյուղն էլ նույնն է ասում, այս դեպքը նրան հանգիստ չի տալու»,- շարունակելով խոսքը` նշեց համայնքապետը:

Հ.Գ. Տեղի ունեցած դժբախտության մեջ, թերևս, մեղավորներ և անմեղներ պետք չէ փնտրել: Կորուստն անդառնալի է, վիշտը` մեծ: Մեղավոր է վարորդը, թե հետիոտնը, նույնպես պետք չէ քննարկել:

Տաթև Հարությունյան




Լրահոս