ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ ԹՂԹԻ ՀԵՏ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կազմակերպած հանրահավաքներին չի գնում, բայց դրա փոխարեն զբաղված է իր ընտրողների հետ հանդիպումներով:

-Պարոն Մարգարյան, ԲՀԿ խմբակցությունը եռյակի շրջանակներում մարզային այցելություններ է իրականացնում, հանրահավաքներ հրավիրում: Դուք, լինելով ԲՀԿ խմբակցության անդամ, ինչո՞ւ չեք մասնակցում այդ հավաքներին:
-Նման որոշում ԲՀԿ խմբակցությունում չի կայացվել, եթե խմբակցությունում որոշում կկայացվի, որ պատգամավորները եւս պետք է գնան այդ հանդիպմանը, ապա կգնանք, բայց մեր խմբակցությունում նման որոշում չի եղել:
-Այսինքն` այդ հարցը թողնվել է Ձեր հայեցողությա՞նը:
-Այո:
-Ստացվում է` Դուք չե՞ք ցանկանում մասնակցել հանրահավաքներին:
-Որ ուզենայի` կգնայի: Պետք է իմանամ՝ որտեղ է, պետք է ինձ տեղեկացնեն:
-Բայց եռյակի անդամները հրապարակել են հանրահավաքների ժամանակացույցը, նաեւ` պարբերաբար այդ մասին լրատվամիջոցներով տեղեկացվել է:
-Առանձնապես այդպես չեմ հետաքրքրվում, որ լրատվամիջոցներից տեղեկանամ, թե որտեղ են:
-Փաստորեն, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու են Ձեր խմբակցության ներկայացուցիչները հանրահավաքներ անցկացնում:
-Ոչ թե չի հետաքրքրում, այլ նմանատիպ բաները որոշվում է խմբակցությունում: Ու եթե պետք է լինում, որ պատգամավորները մասնակցեն, ապա մասնակցում են:
-Իսկ գոնե հեռվից հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ են ԱԺ 3 ոչ իշխանական ուժերը փողոց դուրս եկել:
-Մասամբ: Ես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եմ, ես, որպես պատգամավոր, իմ ժամանակի մեծ մասը ծախսում եմ իմ ընտրողների հետ հանդիպումների վրա:
-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ձեր ընտրողների հետ:
-Վերջին անգամ՝ երեկ (կիրակի), դրանից առաջ` նախորդող օրերն էլի հանդիպումներ եմ ունեցել՝ Շենգավիթի, 3-րդ մասի տարածքում: Եթե ձեզ հետաքրքիր է՝ կարող եմ հրավիրել, եկեք դուք էլ մասնակցեք այդ հանդիպումներին: Այնպես չէ, որ միտինգ եմ հավաքում, գնում եմ հանդիպում եմ մարդկանց հետ: Տեղյակ պահեմ նաեւ ձեզ, որ ես այդ տարածքում եմ ծնվել ու այդ տարածքում եմ ապրում:
-Իսկ ի՞նչ հիմնախնդիրներ ունեն Ձեր ընտրողները, ինչպե՞ս եք նրանց օգնում:
-Բազում խնդիրներ կան, բազում առօրյա խնդիրներ: Եթե հնարավորություն ունենում եմ՝ օգնում եմ, ու նաեւ ձեզ ասեմ՝ եթե մի պատգամավոր նույն տարածքից 3 անգամ ընտրվում է, երեւի թե արժանիքներ ունի, չէ՞:
-Հոկտեմբերի 10-ին եռյակը համապետական հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում, հնարավո՞ր է այդ ժամանակ մասնակցեք:
-Եթե որոշում կայացվի, որ պետք է մասնակցեմ, իհարկե կմասնակցեմ, եթե որոշում չկայացվի, ապա այդ դեպքում կմտածեմ:
-Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին հրահանգի, որ գնան մասնակցեն հանրահավաքին, այդ դեպքում նո՞ր մասնակցեք:
-Ասեմ ձեզ, որ պարոն Ծառուկյանը չի ասում՝ գնացեք, ժողով է կայանում ու այդ ժողովի ընթացքում, դեմոկրատ սկզբունքներով… որոշվում է` մենք պետք է գնանք, թե չպետք է գնանք: Ու, ընդհանրապես, եթե որոշում չի կայացվում պետք է գնանք, թե ոչ, ապա այդ դեպքում մարդիկ ազատ որոշում են. եթե ցանկանում են՝ գնում են, եթե ոչ՝ ուրեմն չեն գնում:
-Ձեր խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, խնդրում եմ ասեք, արդյո՞ք Դուք եւս դեմ եք այդ բարեփոխումներին:
-Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ եւ կասեմ կողմ եմ, թե դեմ: Իսկ խմբակցության «դեմ»-ը որտեղի՞ց է երեւում:
-Իրենց հարցազրույցներում, ելույթներում, այս օրերին` նաեւ հանրահավաքային հարթակներից են Ձեր գործընկերները հայտարարում, որ դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Փաստորեն` Դուք նաեւ դրանի՞ց տեղյակ չեք:
-Ես կոնկրետ փոփոխությունների մի փուլին եմ տեղյակ, այսինքն, որ պետք է պառլամենտական հայեցակարգ լինի: Պառլամենտական, թե նախագահական` ես էլ ասում եմ, նայած, թե որ կողմից կնայես: Ես ողջունում եմ թե՛ պառլամենտականը, թե՛ նախագահականը, պարզապես պետք է փաթեթը բերվի, որպեսզի ես ասեմ: Ես նաեւ իրավաբան եմ, ինձ շատ հետաքրքիր կլիներ այն ուսումնասիրել: Եթե հիմքերն այնպես լինի, որ պառլամենտականն ավելի լավ կլինի մեր երկրի համար, ՀՀ-ի ապագայի համար, ապա ես կողմ կլինեմ պառլամենտականին: Ես էլի եմ կրկնում` ոչ թե կողմ եմ կամ դեմ եմ, այլ ուզում եմ այն ամբողջությամբ տեսնել, օդի մեջ չեմ ուզում խոսել, ես ուզում եմ աշխատել թղթի հետ:

 

 

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՁԵՌՔԸ ՍԵՂՄԵԼԸ ՆՈՐԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ

«Ժողովուրդ»-ն օրերս գրել էր, որ կիրակի օրը Արագածոտնի մարզի Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա 1714-րդ խաչն է տեղադրվելու: Նշել էինք նաեւ, որ այս անգամ խաչի քավորը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է: Նախօրեին Ապարանում էին գտնվում հայրենի էլիտայի ներկայացուցիչները՝ նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ովքեր, կարծես թե, եկել էին Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Աղվան Հովսեփյանին ջերմագին բարեւելու, մի քանի րոպե նրա աչքին երեւալու եւ գնալու համար:

Նշենք, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը մեծ միջոցառում էր կազմակերպել: Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանը բազմամարդ էր: Նախ՝ անցյալ տարվա խաչի քավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտունեցի Հակոբ Հակոբյանը տեղադրվելիք նոր խաչը հանձնեց Ա. Երիցյանին: Այնուհետեւ 18 կգ ծանրություն ունեցող խաչը օրհնվեց եւ տեղադրվեց Մեծ խաչի վրա:
Միջոցառմանը ներկա էին խաչի քավոր, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ներկաների թվում էին նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտունեցի Հակոբ Հակոբյանը, նույն խմբակցության անդամներ Վրեժ Մարկոսյանը, Կորյուն Նահապետյանը, Մնացական Մնացականյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ռուբեն Սադոյանը, Սամվել Ալեքսանյանը, Ալիկ Պետրոսյանը, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանն ու նրա որդին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Գաղտնիք չէ, որ ապարանյան միջոցառումներին մշտապես մասնակցել են այն չինովնիկները, ովքեր ծնունդով Ապարանից են, բայց այս անգամ, կարելի է ասել, «կարգը» փոխվել էր: Երբ «Ժողովուրդ»-ը փորձում էր պարզել, թե ներկաներն ինչ կապ ունեն միջոցառման հետ կամ ում հրավերով են եկել, ամեն մեկը հիշում էր, որ իր հարազատներից մեկը ծնունդով ապարանցի է: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եւս ամեն կերպ փորձում էր բացատրություն գտնել իր ներկայության համար ու մեզ հետ զրույցում ասաց, որ իր մայրական կողմը Ապարանից է:
Հասկանալի է, որ այս միջոցառման բազմամարդությունը մեծապես պայմանավորված էր Աղվան Հովսեփյանի նոր նշանակմամբ, եւ այն լավ առիթ էր, որպեսզի հայրենի չինովնիկները եւս մեկ անգամ Աղվան Գառնիկիչի ձեռքը սեղմեին եւ ընդգծեին իրենց հիացական վերաբերմունքը Հովսեփյանի գործունեության հանդեպ: Սակայն, չնայած ներկաների բարձր տրամադրությանը, եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի միջոռացումը բնականոն ընթացք ունենար: Անձրեւի պատճառով հայրենի պաշտոնյաները մատաղը համտես անելուց հետո շատ արագ հեռացան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս օրերին խիստ զբաղված է ԱԺ 12 հանձնաժողովների «դասավորությամբ»: Քանի որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ցանկանում է բոլոր հանձնաժողովներում ապահովել համապատասխան թվով ձայներ, որպեսզի այնտեղ էլ քվեարկությունների ժամանակ խնդիրներ չունենան:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀԿ-ն զբաղված է ԱԺ տնտեսական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները եւ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը «ուժեղացնելու» գործով: Այս օրերին Վահրամ Բաղդասարյանը մի ՀՀԿ-ականին տանում է մի հանձնաժողով, մյուսին «բերում» այլ հանձնաժողովից, որպեսզի ՀՀԿ-ի համար անցանկալի նախագծերը դրական եզրակացություն չստանան՝ մեծ օրակարգ մտնելու:

 

ՖՈՒՏԲՈԼ ԿԽԱՂԱՆ
Ուրբաթ օրը՝ ժամը 17.00-ին, «Հրազդան» մազադաշտում հայրենի օրենսդիրները որոշել են ֆուտբոլ խաղալ լրագրողների հետ: Կազմակերպիչները ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներն են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մրցույթին մասնակցելու են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը, Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), Կարեն Ավագյանը, Շիրակ Թորոսյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից մասնակցելու է Արծվիկ Մինասյանը: Տեղեկացանք նաեւ, որ այս շաբաթ ու կիրակի պատգամավորները մարզադաշտում մի լավ մարզվել են, որպեսզի հիմնական խաղի ժամանակ իրենց «ցույց տան»:

 

ԿԱՐԾԻՔ ՉՈՒՆԻ
Ուրբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հանդիպել են: Նրանց հանդիպման մանրամասների մասին հստակ տեղեկություն չկա, ընդամենը մի քանի խոսք, թե ինչ մտահոգություներով են կուսակցության ղեկավարները միմյանց հետ կիսվել: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց պատգամավորից պարզել, թե ինչու է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ ու երկրի ապագային առնչվող ի՞նչ հարցեր են քննարկել: Սակայն Ս. Դեմիրճյանն անընդհատ պատճառաբանում էր, թե շատ զբաղված է, իսկ երբ տեղեկացավ, թե ինչ հարց ենք ցանկանում ուղղել, հայտարարեց, թե ավելացնելու ոչինչ չունի: Ստացվում է, որ Ս. Դեմիրճյանն իր անձնական տեսակետը չունի իր իսկ մասնակցությամբ կայացած հանդիպման մասին: Ի դեպ, նկատենք, որ Դեմիրճյանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խնամին դառնալուց հետո մի տեսակ փոխվել է եւ ավելի չխոսկան դարձել:

 




Լրահոս