ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏՆ «ԸՆԿԱԾ Ե՞Զ» Է

Փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում որոշվել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ դա հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն է. «Չնայած բազմաթիվ պարզաբանումներ եղան, սակայն շարունակվում են հարցերը, թե արդյոք գազի կալորիականությունը փոխվել է»: Դրանից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել էր ստեղծել հանձնաժողով, որը կպարզի այդ հարցերի պատասխանները: Հանձնաժողովի ստեղծման աշխատանքների շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ռ. Նազարյանի հետ:

-Պարո՛ն Նազարյան, գազի կալորիականության ստուգման նպատակով հանձնաժողովի ձեւավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք Դուք մասնակցելու եք հանձնաժողովի աշխատանքներին:
-Ես ինքս խնդրեցի, որ մենք էլ անպայման լինենք, հիմա` մեզ կընդգրկեն հանձնաժողովի կազմի մեջ, թե չեն ընդգրկի, ես չեմ կարող վստահաբար ասել: Բայց եթե հիշում եք, վարչապետն ինձ արձանագրային հանձնարարություն տվեց, որպեսզի ես առաջարկություն ներկայացնեմ, թե իմ պատկերացմամբ ովքեր կարող են լինել հանձնաժողովի կազմում: Ես արդեն գրավոր ներկայացրել եմ իմ պատկերացումները եւ առաջարկություն եմ ներկայացրել, թե ում կուզենայի այդ հանձնաժողովի կազմում տեսնել:
-Իսկ ովքե՞ր են ներկայացվել այդ ցուցակում:
-Կան մի 4-5 հասարակական կազմակերպություններ, որոնք անընդհատ այդ հարցը բարձրացնում են: Կան գերատեսչություններ եւ նախարարություններ, որոնք գտնում եմ, որ պետք է պարտադիր լինեն` մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի նախարարությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ են լինելու, ու նաեւ առաջարկել եմ, որպեսզի լինի Հանրային խորհուրդը: Բացի այդ, առաջարկել եմ, որ տեղական արդյունաբերողներից լինի ներկայացուցիչ ու նաեւ մեր գործարարների միությունից, որովհետեւ ես մշտապես իրենց հետ հանդիպում եմ ու իրենք այդ հարցն անընդհատ բարձրացնում են: Ես էլ ասում եմ՝ էսքան բիզնեսմեն մարդիկ եք, ասում եք՝ միլիարդավոր վնասներ եք կրում, 25 հազար դոլար արժի էդ մի շարժական լաբորատորիան, հավաքվեք մի հատ գնեք, երբ, որտեղ պետք է ձեր գործի համար համոզվեք, չափեք, եթե սխալ է, դատի տվեք եւ ձեր վնասների փոխհատուցումը պահանջեք:
-Կառավարությունն ինչպե՞ս է արձագանքել Ձեր առաջարկին, համաձայնե՞լ են:
-Կարծում եմ` վարչապետը հստակ համաձայնվեց, որ լինի այդպիսի բան ու հանձնարարությունն էլ այդպիսին էր: Իսկ ես դեռեւս պաշտոնապես չեմ ստացել հանձնաժողովի կազմ, պետք է վարչապետը հաստատի ու մեզ ուղարկեն:
-Հանձնաժողովը նախագահ ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
-Ինձ թվում է հանձնաժողովը կղեկավարի Էկոնոմիկայի նախարարությունը, փոխնախարարի մակարդակով: Բայց չգիտեմ` ինչպես կորոշեն: Ի վերջո, այդ հանձնաժողովը կորոշի կալորիականությունը ցածր է, թե բարձր, խաբում է «ՀայՌուսգազարդ»-ը, թե չի խաբում: Ինձ էլ է հետաքրքիր:
-Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, ըստ Ձեզ` հանձնաժողովը իսկապես բացահայտումներ կանի՞:
-Ես ունեմ հետեւյալ ակնկալիքը. որ այդ հանձնաժողովն առաջարկի մի այնպիսի մեխանիզմ եւ տա այնպիսի լուծում… այսօր կա մեղադրանք, չէ՞, թե կալորիականությունը չափում է միայն «ՀայՌուսգազարդ»-ը: Ես էլ ասում եմ` ոչ, կա եւս 4 ընկերություն, որոնք չափում են՝ «Արարատցեմենտ» գործարանը, Երեւանի ջէկ-ը, Հրազդանի ջէկ-ը, որոնք ունեն իրենց սեփական լաբորատորիանները, եւ, իհարկե` «ՀայՌուսգազարդ»-ը, որն ունի շարժական լաբորատորիա, որը ցանկացած մարդու պահանջով ցանկացած տեղ գնում եւ չափում է: Ես ենթադրում եմ, որ գուցե պետությունը բյուջեից գումար նախատեսի մի հատ լաբորատորիա գնենք, որ ինքն էլ 10 օրը մեկ հրապարակի տվյալները: Ու շատ տարբերակներ կան, որ հանձնաժողովի քննարկումների ժամանակ կարող են իրենց լուծումները գտնել:
-Ընդդիմությունը հայտարարեց, որ հանձնաժողովները հիմնակականում «թաղում» են այն, ինչը պետք է բացահայտեն…
-Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց: Ասեմ մի բան. լինում է, որ ընդդիմությունը բաներ է ասում, որ ես, օրինակ, լինելով ՀՀ քաղաքացի, համաձայն եմ, բայց կողքից էլ հազար ու մի անհեթեթություններ են ասում, որ ասենք այն բաները, որոնք տեղին էին ասվել, ստվերում են դրանք, չի կարելի այդպես: Նույն Բագրատյան Հրանտն ասում է` տո անխիղճ պարոն Նազարյան, եթե «ՀայՌուսգազարդ»-ի միջին աշխատավարձը դնեիր 160 հազար դրամ, ապա սակագինը 50-60 դոլարով կնվազեր: Այ ձեր ցավը տանեմ, մի հատ թվաբանություն արեք, ինչու եք ժողովրդին թյուրիմացության մեջ գցում: Ի վերջո, վարչապետ ես եղել, ինչի համար ես նման հայտարարություններ անում, այ ցավդ տանեմ, ամոթ է: Վարչապետ ես եղել` անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ Աժ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի, դու էլ ես վարչապետ եղել, գիտենք:

 

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԱԺ ԷԹԻԿԱՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեռեւս չի ձեւավորվել, քանի որ ԱԺ խմբակցություններն անընդհատ ձգձգում են հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին ընդգրկելու հարցը: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն ընդհանրապես հրաժարվել է իր անդամն ունենալ հանձնաժողովում:

Նշենք, որ ԱԺ արդեն երկու քառօրյա նիստեր են գումարվել, սակայն այդ ընթացքում էթիկայի հանձնաժողովը չի ձեւավորվել: Անգամ այն նախագահ չունի, քանի որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հրաժարվել է ղեկավարել հանձնաժողովի աշխատանքները՝ պատճառաբանելով, որ իշխանություն-ընդդիմություն համամասնությունը հանձնաժողովում խառնված է:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ խմբակցության ներկայացուցիչներից պարզել, թե ինչու ԱԺ էթիկայի հանձնաժողով չեն ներկայացնում իրենց ներկայացուցիչներին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, թե իրենք թեկնածու չեն ներկայացնելու. «Մենք անցյալ նստաշրջանում արդեն հայտարարություն ենք արել այդ մասով»: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք արդեն իրենց թեկնածուին առաջադրել են. «Մոտավորապես 2 շաբաթ առաջ մենք արդեն մեր թեկնածուին ներկայացրել ենք. վերահաստատել ենք Վահան Բաբայանի թեկնածությունը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում առաջադրել են իր թեկնածությունը. «Ասեմ, որ ամենաանհրաժեշտ հանձնաժողովներից մեկն է, քվորում լինելուց հետո հանձնաժողովը սկսելու է իր բնականոն աշխատանքները»: Աժ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը վերահաստատել է Հովհաննես Մարգարյանի թեկնածությունը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, ով նաեւ հանձնաժողովի փոխնախագահն է, ասաց, թե որեւէ տեղեկություն չունի՝ ինչու հանձնաժողովը չի ձեւավորվում:
ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե նախօրեին ՀՅԴ-ն եւս ներկայացրել է իր թեկնածուին ու մոտ օրերս կլինի կարգադրությունը՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դաշնակցությունից այդ հանձնաժողովում ներկայացված կլինի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, դե քանի որ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանն այժմ ԱՄՆ-ում ուսանում է, նրան կփոխարինի Թեւան Պողոսյանը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆԻՍՏ Է ԵՂԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզի ՀՀԿ մարզային կառույցը նիստ է անցկացրել: Նիստին ներկա է եղել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե այդ ինչ նիստ է եղել, որ ԱԺ նախագահն իր ներկայությամբ է պատվել: «Ես տեղյակ եմ, որ այնտեղ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Եղել է սովորական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են ներկուսակցական հարցեր»,-տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահը: Նրա խոսքերով՝ «Հովիկ Աբրահամյանը պետք է ներկա լիներ նիստին, որովհետեւ ինքն այդ մարզի՝ ՀՀԿ կառույցի անդամ է, այդտեղ է հաշվառված»: Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ մարզային կուսակցականների շրջանում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել:

 

ԴԺԳՈՀ ԷԻՆ
Խորհրդարանում երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Սակայն հայ պատգամավորները, մեղմ ասած, գոհ չեն եղել հանդիպումից. վերջիններիս հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ դեսպանն իրենց հարցադրումներին դիվանագիտական արձագանքներով, ըստ էության, չի պատասխանել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատգամավորները, դուրս գալով հանդիպումից, միմյանց հետ զրույցներում չեն կարողացել թաքցնել դժգոհ վերաբերմունքը: «Ժամանակս ափսոս էր, կարող էի ավելի օգտակար գործով զբաղվել»,- երեկ ասել է պատգամավորներից մեկը: «Իսկապես»,- եղել է արձագանքը: Հասկանալի պատճառներով այդ պատգամավորների անունները չենք հրապարակում:

 

ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Երեկ Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի հրապարակման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե կառավարության առաջնային խնդիրն է ՀՀ-ում ազատ տնտեսական միջավայր ձեւավորելը: «Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի առաջնահերթ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձեւավորել ՀՀ-ում: Սա ամենակարեւորագույն խնդիրն է եւ կառավարության համար N1 առաջնահերթությունը»,- ասել է նա: Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով այս պնդմանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իսկ մենք ինչ ենք ասում այսքան տարի, երեւի նա մեր ասածները ուշացած է հասկանում»: Խաչատրյանի խոսքերով՝ ՀԱԿ-ը մշտապես ամենամեծ բացթողումը համարել է ՀՀ-ում տնտեսական մրցակցության բացակայությունը: «Իրենք մեռցրին տնտեսությունը, հիմա ուզում են իրենց դեմքը փրկել, դրսին լսելի լինել ու նման հայտարարություններ են անում: Տրամաբանական կլիներ, որ այս խոսքերից հետո նրանք կոնկրետ գործողությունների դիմեին, բայց վստահ եմ` դա չեն անի»:

 




Լրահոս