ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՄՁ-ՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Վերջին տարիներին փոքր եւ միջին ձեռնարկությունները տարբեր խնդիրների պատճառով կա՛մ շարունակում են փակվել, կա՛մ էլ իրենց բիզնեսը տեղափոխում այլ երկիր, որովհետեւ այնտեղ առաջարկվող պայմաններն ավելի հարմար են ու ձեռնտու: «ՓՄՁ զարգացման կենտրոն» հկ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը ահազանգում է երկրում հազարավոր փոքր ու միջին արտադրամասերի փակման մասին` նշելով, որ ՀՀ կառավարությունը, չնայած ՓՄՁ զարգացման մասին մշտական ճառերին, որեւէ ռեալ քայլ չի անում դա կանխելու համար:

Քնարիկ Մալխասյանի խոսքով՝ հայ գործարարներն աշխատասեր են, հնարամիտ ու կազմակերպված: Մեր զրուցակցի տվյալներով՝ գործարարների գերակշիռ մասը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն. «Այնտեղ առաջարկվող պայմաններն ավելի հարմար են ու ձեռնտու: Եվ կարճ ժամանակահատվածում սկսում են բարգավաճել: Իսկ մեզ մոտ այս հարցը բավականին սուր է դրված»:
Վերջերս ՀՀ կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունումից հետո վնասով աշխատող ձեռնարկություններն արդեն խնդիրներ ունեն: Բանն այն է, որ նախկինում դրանք շահութահարկ էին վճարում, եւ եթե շահույթը չնչին էր` իրենք գրեթե հարկ չէին վճարում: Բայց այս օրենքի կիրառվելուց հետո ձեռնարկությունը, անկախ շահույթ ունենալուց, պետք է հարկ վճարի` կախված շրջանառության չափից: Բացի այդ, արտագաղթի եւ աղքատության պատճառով նվազեց նաեւ մարդկանց գնողունակությունը, արդյունքում փոքր բիզնեսը հայտնվեց անհավասար մրցակցության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 18-ին տեղի էր ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Վարչապետը նշել էր, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչեւ 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաեւ բոլոր գործարքների փաստաթղթավորում: Սակայն վարչապետին զարմացրել էր այն, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: Մինչդեռ ՓՄՁ-ների ներկայացուցիչներն ավելի ճիշտ են գտնում, որ շրջանառության հարկը մնա 3,5 տոկոս, բայց իրենց փաստաթղթերի առումով չանհանգստացնեն:
«Համարյա բոլոր ոլորտներում փոքր բիզնեսի հարկը ավելացավ մոտավորապես 20-30 տոկոսով: Բոլորն էլ դժգոհում են, բայց ինչքան էլ բարձրաձայնում ենք այդ հարցի մասին, միեւնույն է՝ սայլը տեղից չի շարժվում: Մեզ մոտ աճել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք իրենց ձեռքն են վերցնում փոքր բիզնեսի ոլորտները: Օրինակ` Երեւանում կան սուպերմարկետներ, որոնք հենց ներսում արտադրում են ե՛ւ հացը, ե՛ւ կիսաֆաբրիկատները, ե՛ւ աղցանները, ե՛ւ այլն: Մինչդեռ նախկինում դա անում էին փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Խմորեղենի, աղցանների փոքր արտադրություններ կային, բայց հիմա դրանք էլ չկան»:
Մեր զրուցակիցը պնդում է, որ արդյունաբերության եւ դեղագործության ոլորտում փակվող արտադրամասերի թիվը հասնում է հազարի: «Պետք է հակամրցակցային ինչ-որ մի կետ մտցնել օրենսդրության մեջ, որպեսզի փոքր բիզնեսը կարողանա խոշորի հետ միաժամանակ գոյություն ունենալ: Իսկ եթե այսպես շարունակվի, ապա խոշոր բիզնեսն ունենալով նյութական մեծ միջոցներ, ավելի ու ավելի կընդլայնի իր բիզնեսը: Իսկ փոքր բիզնեսն ինչպե՞ս գոյություն պահպանի. ստիպված փակվում է: Եվ հարց է առաջանում. ինչպե՞ս ընտանիքդ պահես: Այս վիճակում հայտնված մարդն առաջին հերթին մտածում է երկրից հեռանալու մասին»,-նկատեց տիկին Մալխասյանը:
Նա աշխատանքի բերումով շատ է հանդիպում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների, որոնք ավելի շատ մտահոգվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատելաոճից, հարկային օրենքներից, մրցակցության հետ կապված խնդիրներից:
Ք. Մալխասյանի կարծիքով՝ ՓՄՁ-ների փակմանը նպաստող կարեւոր պատճառներից է էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումը. «Հիմա էլ արդեն խոսում են ջրի սակագնի բարձրացման մասին: Այդ բոլոր գործոններն էլ մեծ ազդեցություն ունեն: Շատերն իրենց սեփական միջոցներն են ներդնում, որպեսզի կարողանան բիզնեսը շարունակել` սպասելով ինչ-որ դրական փոփոխությունների: Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ Հայաստանից մարդկանց հեռանալու պատճառով պահանջարկը նվազում է, եւ իրենք էլ չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը»:
Զրույցի ավարտին «ՓՄՁ զարգացման կենտրոն» հկ-ի նախագահը նշեց, որ իրացման ծավալները փոքրացնելու հետ մեկտեղ շատերը կրճատումներ են արել: «Դրա համար էլ երիտասարդները հեռանում են մեր հանրապետությունից եւ մեր երկիրը դառնում է ծերերի երկիր: Չկարծեք, թե իրենք երջանիկ են, որ արտերկրում են գործում: Իրականում այդպես չէ: Միայն ստիպված են, քանի որ չեն կարողանում այլեւս հանդուրժել այս երկրում տիրող անարխիան, ապօրինությունները, անարդարությունը: Հզոր է այն երկիրը, որն ունի զարգացող տնտեսություն: Ցավոք, մեզ մոտ այդպես չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՄԱՐԶԻՉ ԷԼ ՈՒՆԵՑԱՆՔ

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 18։00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կկայանա Ռուսաստանի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Երեկ առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Ռուսաստան:

Հավաքականի հետ Կրասնոդար է մեկնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, 62-ամյա Բեռնար Շալանդը, ով իր պաշտոնական պարտականությունները կստանձնի Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումից հետո: Նա 2001-2007 թվականներին մարզել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, որը երկու անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Ի դեպ, մարտի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել հավաքին հրավիրված ֆուտբոլիստների եւ նոր գլխավոր մարզչի առաջին հանդիպումը: Հայաստանի հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել շվեյցարական «Lematin» թերթին, որտեղ, մասնավորապես, նշել է, թե իր հետ ՀՖՖ-ից կապվել են փետրվարի 23-ին։ Իսկ համաձայնագիրը նա համարել է ռիսկային.«Այն գործելու է «Եվրո-2016»-ի ընթացքում, իսկ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականի հայտնվելու դեպքում, որը ՀՖՖ-ի նախագահի հիմնական նպատակն է, պայմանագիրս կերկարաձգվի: Իսկ այդ խնդիրը չկատարելու դեպքում պիտի հավաքեմ ճամպրուկներս, ընդ որում, առանց փոխհատուցում ստանալու»: Այսպիսով` ՀՖՖ նախագահը կոնկրետ առաջադրանք է տվել գլխավոր մարզչին, հույս ունենանք, որ Հայաստանի ընտրանին վերջապես կհայտնվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
Վերադառնալով Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը՝ նշենք, որ, ինչպես եւ ենթադրել էինք, մեր հավաքականին նախապատրաստել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը։
Եվ վերջում ներկայացնենք հավաքականի կազմը։ Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան։ Պաշտպաններ՝ Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան։ Կիսապաշտպաններ՝ Գեւորգ Ղազարյան, Արտակ Դաշյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիցելլի, Հենրիխ Մխիթարյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան, Աղվան Պապիկյան։ Հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Ադամյան։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 
ՌԵԿԵՏ ԶԻՆՎՈՐԻՑ

Երեւան քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Ալբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2012թ. դեկտեմբերի վերջերին իրեն ստելու կապակցությամբ հայհոյանքներ է տվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մարտիկյանի հասցեին, ապտակել նրան եւ կատարել շորթում` Մարտիկյանից սպառնալիքով պահանջելով 45 հազար դրամ: Բացի այդ, 2013թ. հուլիսի 22-ին նա նույն եղանակով Ա. Մարտիկյանից պահանջել եւ ստացել է 13 հազար դրամ: Այնուհետեւ 2013թ. օգոստոսի 11-ին նա Ա. Մարտիկյանից պահանջել է նույն օրն իր համար հայթայթել 60 հազար դրամ, կամ օգոստոսի 14-ին իրեն տալ 300 ԱՄՆ դոլար: Հաջորդ օրը` օգոստոսի 12-ին, Ա. Մարտիկյանի կողմից մերժվելու պատճառով բռնություն է գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Իսկ օգոստոսի 14-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի մոտ, պահանջված գումարը տալուց հրաժարվելու կապակցությամբ, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, Ա. Հայրապետյանը խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ծեծի է ենթարկել Արթուր Մարտիկյանին` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով, 182 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 2 դրվագով` 182 հոդվածի 1-ին մասով: Ալբերտ Հայրապետյանը նախկինում դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը Ալբերտ Հայրապետյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր` փաստաբանի հետ խորհրդակցելով: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, նաեւ հաշվի առել, որ ամբաստանյալը նախկինում հանցանքը կատարել է անչափահաս տարիքում եւ ռեցիդիվը գնահատելիս նախկին դատվածությունը, որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, հաշվի չի առել: Դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Հայրապետյանին մեղավոր ճանաչել առաջադրված բոլոր հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի, 2 ամիս ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս