«Իմ միսիան կատարել եմ». 51 տարի համատեղ ապրելուց հետո ամուսինը սպանել է կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

51 տարի կնոջ հետ համատեղ ապրելուց հետո 76-ամյա Ռոբերտ Թադևոսյանը սպանել է նրան՝ ասելով. «Իմ միսսիան կատարել եմ»:

Armlur.am-ը քրեակատարողական վարչությունից տեղեկացավ, որ Ռոբերտ Թադևոսյանը, այն բանից հետո, երբ մոտ 2 տարի առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Թադևոսյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից և պատժից, և նրան տեղավորել էին հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում, նշանակվել էր հարկադիր բուժում, ԱՆ ՔԿՀ դեռևս չի տեսափոխվել:

Տեղեկացնենք, որ 2012-ի հուլիսի 9-ին Երևանի Շահումյան 4-րդ փողոցի (Ախպարաշեն) թիվ 66 տան բնակիչ այդ ժամանակ 74-ամյա Ռոբերտ Թադևոսյանն իր «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանույշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել է:

Ռ. Թադեւոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Թադևոսյանի եղբայրն է: Նա որսորդների միության անդամ է և հրացանը ձեռք է բերել հենց այդ հիմքերով: Ամուսիններն ունեին 3 երեխա. 2 տղաներն այժմ գտնվում են Գերմանիայում, իսկ աղջիկն ամուսնացել և բնակվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Սպանված Սիրանույշն այդ օրերին էր վերադարձել Գերմանիայից. նա տղաներին հյուր էր գնացել: Դեպքից մեկ տարի առաջ Ռոբերտը նորից խանդի հողի վրա կնոջը խոհանոցային դանակով 3 անգամ հարվածել էր: Այդ դանակահարությունից հետո պարզվել էր, որ Ռոբերտը հոգեկան խնդիրներ ունի: Կինը, սակայն, ոստիկանությունում չէր բողոքել և խնդրել էր ամուսնուն բաց թողնել:

Ինչպես ավելի վաղ ամուսինները պատմել էին «Ժողովուրդ» օրաթերթին, նրանք վերջին 5 տարվա ընթացքում շարունակ վիճաբանել են, և մշտապես մեղավոր կողմը եղել է Ռոբերտը: Ըստ հարևանների պատմածի՝ ժամանակին Ռոբերտն իր տան մի հատվածը վաճառել է հարևանին, որն ունի 25 տարեկան մի տղա՝ Հովիկ անունով: Եվ Ռոբերտը մշտապես կասկածել է, թե իր կինն այդ երիտասարդի հետ է կապված:

Իսկ Ռոբերտի մշտական «խանդի թիրախ» 25-ամյա Հովոն վիճակն այսպես էր ներկայացրել. «Ոչ մի բան չեմ կարող ասել: Ավելի ճիշտ, չեմ ուզում խոսել այդ մասին: Ես ոչնչից տեղյակ չեմ: Միայն կարող եմ ասել, որ լուրջ չեմ վերաբերում այդ մարդու մեղադրանքներին»: Սպանված տիկնոջ հարևաններից մեկն էլ հիշել էր, որ նշված տան ապրանքները մյուս տուն տեղափոխելիս, ապրանքների մեջ տեսել են երեք լվացքի մեքենա, բայց Սիրանույշը ձեռքով էր լվացք անում: «Խեղճ կինը տանջվեց այդ մարդու ձեռքին»,- նշել էին հարևանները:

Ձերբակալվելուց հետո Ռոբերտը հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար. «Իմ միսիան կատարել եմ»: Այսինքն` իր միակ նպատակն իրականացրել է՝ կինն այլեւս կենդանի չէ: Դատարանն ապացուցել էր այն հանգամանքը, որ ամուսնական առաջին տարիներից ի վեր Ռոբերտը մշտապես կասկածել է կնոջը դավաճանության մեջ, իսկ դեպքի օրը խոհանոցում նկատելով, որ նախօրեին մնացած ճաշը չկա, կնոջը հարցրել է, թե ուր է ուտելիքը, սակայն վերջինս արհամարական ձևով պատասխանել է նրան՝ ասելով, թե նա ով է, որ նրա համար ճաշ պատրաստի: Ռոբերտ Թադևոսյանն առանց որևէ բան ասելու, բարկացած իջել է տան կիսանկուղային հարկում գտնվող իր արհեստանոց ու, վերցնելով որսորդական իր հրացանը, բարձարացել է երկրորդ հարկ: Սիրուշ Հաջաթյանն ամուսնու ձեռքին տեսնելով հրացանը՝ փորձել է շրջանցել նրան և տանից դուրս գալով՝ դիմել փախուստի, սակայն այդ ընթացքում ոտքը դիպել է դռանը և նա վայր է ընկել: Ամուսինը մոտեցել է կնոջը, իր մոտ եղած հրացանով մեկ անգամ կրակ է արձակել նրա ուղղությամբ և կինը մահացել է: Դրանից հետո Ռոբերտ Թադևոսյանը հրացանը պահել է իր արհեստանոցում և անմիջապես մեղայականով ներկայացել ոստիկանություն:

Նշենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը նշեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ ամիսներ առաջ Ռոբերտ Թադևոսյանը երևացել է իրենց գյուղում, որտեղ էլ գտնվում է վերջինիս բնակարանը:

Ընտանեկան դժբախտության այս դեպքը ևս ավարտվեց բռնարար ամուսնուն հոգեպես անառողջի բնութագիր տալով: Սակայն կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք հոգեպես անառողջ մարդը կարո՞ղ էր ավելի քան հինգ տասնամյակ ապրել մի մարդու հետ, ում յուրաքանչյուր քայլն իրեն զայրացնում է: Առավել կասկածելի է այն, որ հոգեպես անառողջ ամուսինը խոստովանել էր, թե ինքը չի զղջում, և «իր միսիան ավատրված է»:

Տաթև Հարությունյան




Լրահոս