«Ուրիշ մարդ նման բան չէր անի». չորս երեխաների մոր սպանության առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական վարկածի՝ 47-ամյա որդու և 51-ամյա դստեր կողմից սպանվել է նրանց 85-ամյա մայրը՝ Կրուպսկայա Փիրլազադյանը, ում գյուղում Լենա են անվանում:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Բամբակաշատի ղեկավար Արբակ Եղիազարյանը, սպանված կնոջ դուստրն ու որդին ամուսնացած չեն: Իսկ լուրերը, թե նրանք հոգեպես անառողջ են, իրականությանը չեն համապատասխանում: Գյուղապետի փոխանցմամբ՝ Լենայի դուստրն առողջ է, իսկ որդին տարիներ առաջ բուժում է ստացել, սակայն վերջերս նրա մոտ կրկին ցնցումներ են նկատվել:

«Խոսակցություններ կան, որ երեխաներն են սպանել: Անկեղծ ասած, չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Քննություն է ընթանում: Տեսնենք՝ ինչ կպարզվի: Սպանվածը, բացի այս զավակներից, ունի ևս մեկ դուստր ու որդի, ովքեր այստեղ չեն, դրսում են ապրում: Իրենք էին գումար ուղարկում, օգնում, որ հարազատները կարողանան ապրել: Իսկ այդ աղջիկն ու տղան չեն աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: Վերջինս վստահեցրեց, որ կնոջ սպանության մեջ ուրիշ ոչ մեկին պետք չէ կասկածել, քանի որ գյուղը փոքր է, և ցանկացած օտարի ներս մտնելու մասին բոլորը տեղեկանում են: Իսկ մեր այն դիտարկումը՝ հնարավոր է, որ ինչ-որ մեկը մահափորձ է իրականացրել գողություն կատարելու նպատակով, գյուղապետը ևս բացառեց: «Ուրիշ մարդ այդպիսի բան չէր անի: Բացառվում է: Շատ հնարավոր է, որ այդ կինը բնական ճանապարհով է մահացել»,- եզրափակեց Արբակ Եղիազարյանը:




Լրահոս