ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՄ Է ԵՂԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ

2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: «Վիկիլիքսի» ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումները: Հատկանշական է, որ Բրայզան Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է նաեւ երկրորդ անգամ, որի ընթացքում Սարգսյանն ուշագրավ մեսիջներ է փոխանցել ընդդիմությանը: Հետաքրքիր ընթացք է ունեցել նաեւ Քոչարյանի հետ զրույցը. վերջինս մարտի 1-ին տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

Այսպես՝ Բրայզայի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը ցավով է արտահայտվել մարտի 1-2-ին իր կառավարության իրականացրած գործողությունների մասին՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ չխնայելով Տեր-Պետրոսյանի հասցեին: Նա նկատել է, որ ողջ մեղավորությունն անձամբ Տեր-Պետրոսյանի վրա է, եւ հատկապես շեշտել է մարտի 1-ին տեղի ունեցած գործողությունները, որ «գծագրվել ու պլանավորվել են Տեր-Պետրոսյանի թիմի կողմից»: Քոչարյանի պնդմամբ՝ ցուցարարների թիվը եղել է ոչ ավելի, քան 10-11 հազար: Ըստ էության, Քոչարյանն այս հանգամանքով փորձել է արդարացնել իր ծավալած բռնությունները: Այդուհանդերձ, եթե անգամ հրապարակում 10-11 հազար մարդ հավաքված լիներ, իշխանությունը ոչ մի իրավունք չուներ դիմահար կրակ արձակելու հրահանգ տալ: Ավելին՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել ձերբակալել ու պատժել բոլոր մեղավորներին: Հետաքրքիր է, որ Բրայզան անմիջապես հակադարձել է Քոչարյանին՝ նկատելով, որ իր տպավորությամբ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի հեղինակությունը նվազեցնելու համար, ով հայությանն ու միջազգային հանրությանը համոզելու կարիք ունի այլեւս:
Փենինգտոնն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես հստակեցրել է, թե իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ինքը վերցնում է իր վրա, եւ եթե որեւէ մեղադրելու բան կա, ապա թող հե՛նց իրեն մեղադրեն: Հարկ է արձանագրել, որ Քոչարյանն այս խոսքերով ցույց է տվել, թե ով է իրականում կանգնած իրավիճակի սրելու թիկունքում: Ավելին՝ այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել նաեւ Մարտի 1-ի սպանությունների համար, քանզի, ըստ նրա, միայն իրեն պետք է մեղադրել: Ըստ այդմ, սույն փաստաթուղթը կարող է համարվել Քոչարյանի՝ մարտի 1-ի առնչությամբ տված առաջին ցուցմունքը: Բրայզան հայտնել է իր տեսակետը, թե Հայաստանի իշխանության կողմից նման գործողությունների շարունակականությունն է՛լ ավելի է մեծացնելու լարվածությունը: Ի պատասխան` Քոչարյանն իր անհամաձայնությունն է արտահայտել՝ պնդելով, որ եթե կառավարությունն ամուր մնա իր դիրքերում, ապա ընդդիմությունը շուտով կնահանջի:
Երկօրյա այցի ընթացքում Բրայզան Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է երկրորդ անգամ՝ առանձնազրույց ունենալով նրա հետ: Փենինգտոնը տեղեկացնում է, որ այս անգամ Սարգսյանն ավելի հանգիստ է եղել: Վերջինս նկատել է, որ կա՛մ արտակարգ դրությունը, կա՛մ էլ ցույցերի արգելանքի քաղաքականությունը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Տեր-Պետրոսյանը չի դադարեցնի փողոցային պայքարն առնվազն մինչեւ իր երդմնակալության արարողությունը: Նման համաձայնության դեպքում Սերժ Սրագսյանը խոստացել է վերացնել լրատվական շրջափակումը, չեղյալ հայտարարել արտակարգ դրությունն ու բանակցել ընդդիմության հետ: Այսպիսով` Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է պատասխանատվություն վերցրել լրատվական համատարած շրջափակման, արտակարգ դրության հաստատման եւ ընդդիմության հետ երկխոսության ձախողման համար:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանին պատասխանատվության կանչելու խնդրին՝ Սարգսյանն իր հստակ անհամաձայնությունն է արտահայտել՝ նկատելով, որ դա աղետ է լինելու Հայաստանի համար: Նա նկատել է, որ Տեր-Պետրոսյանին ձերբակալելն այն միակ հարցն է, որին ինքը կընդդիմանա Քոչարյանի առաջ: Բրայզան «ազդված» Սարգսյանի մոտեցմամբ` նրան խորհուրդ է տվել դառնալ համազգային առաջնորդ, մերձենալ քաղաքացիական հասարակությանը, դադարեցնել քաղաքական հակառակորդների ձերբակալությունները, վերականգնել լրատվական ազատությունները եւ իրավական հետաքննություն սկսել նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են ընտրական խախտումներին ու կեղծարարություններին: Սարգսյանը խոստացել է, որ իր միակ խնդիրն է լինելու մեղավորներին պատժելը, թեպետ, ինչպես տեսանք, իրականում նա պատժեց միայն իր դեմ ըմբոստացողներին:
Ս. Սարգսյանի կարծիքով ժողովուրդը հիմնականում դժգոհում էր իշխանություններից, քան աջակցում Տեր-Պետրոսյանին: Նա նաեւ ընդգծել է, թե ինքը շատ լավ է հասկանում, որ Քոչարյանը մեծ վնաս է հասցրել իր լեգիտիմությանը: Մարտի 1-ի արունալի իրադարձությունների գնով նախագահի աթոռին տիրացած Սարգսյանը պնդել է, թե ինքը ձգտում է քաղաքացիական հասարակություն կառուցել իր եղանակով: Ամփոփելով նկատենք, որ այսօր արդեն ականատեսն ենք, թե ինչպիսի քաղաքացիական հասարակություն է կառուցել Սերժ Սարգսյանը` աղքատ, ենթարկվող, հարստահարվող:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՓՈՂԸ ԿՈՒՇԱՆԱ՞

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեռեւս հակված չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի 42 միլիոնանոց հայցը բավարարել:

Այս տարվա փետրվարի 27-ին նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան՝ իր դեմ մահափորձի գործով երեք ամբաստանյալներ Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Էպոսագետ Վարդան Սեդրակյանից 42 մլն դրամ բռնագանձելու հիմքով: Ըստ Հայրիկյանի՝ մահափորձի հետեւանքով իր առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում պետք է արվի: Ի դեպ, Հայրիկյանը դատարանին հայտնել է, որ գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, ինչպես նաեւ՝ հետագա հնարավոր բուժման ծախսերի վրա, որի կարիքը նա ունի:
Երեկ դատարանում պետք է հրապարակվեր շուրջ 8 ամիս քննվող գործի վճիռը, եւ հստակեցվեր՝ արդյո՞ք Պարույր Հայրիկյանին «հասնում էր» պահանջված 42 միլիոն դրամը, թե ոչ: Սակայն գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց նորից սկսել գործի քննությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով գործի քննության վերսկսման փաստին, ասաց. «Այդ գործով ես չեմ հետաքրքրվում: Կա փաստաբան, եւ ես նրան վստահում եմ: Ինձ չի մտահոգում, թե ինչու է դատավորը որոշել նորից գործի քննությունը սկսել»:
Հավելենք, որ մինչ այս գործով քննությունը շարունակվում է, ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի հարազատներն արդեն հայտարարել են, որ իրենք ոչ մի բան չունեն տալու Հայրիկյանին, իսկ, ահա, Վարդան Սեդրակյանի կինը դեռեւս սպասում է վճռին, որից հետո կիմանա իր անելիքները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ. մարտի 28-ին Հայրիկյանի բուժման նպատակով նրան հատկացրել էր 20,5 մլն դրամ (մոտ 50.000 դոլար): Ինչը, ըստ էության, ԱԻՄ առաջնորդին չի բավարարել: Նա ամբաստանյալներից էլ է ցանկանում «քամել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՔԱՇՔՇԵԼ ԷՐ ՈՒ ԾԼԿԵԼ
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում նորմալ աշխատանքային առօրյա է, ու լուրերը, թե այնտեղ 29-ամյա հովիվը խուճապ է առաջացրել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Armlur.am-ին հայտնել է Քուչակ գյուղի ղեկավար Հովիկ Ամիրյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած արտառոց դեպքին:
Հիշեցնենք՝ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ 29-ամյա Սեւակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գեւորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը: Վ. Գեւորգյանը ծառայություն կատարելիս է եղել Ապարանի ջրատարի պահակակետում, երբ Ս. Իսպիրյանը մտել է պահակակետ եւ թիկունքից հարվածել Վ. Գեւորգյանին: Նրանց միջեւ տեղի էր ունեցել քաշքշուկ, եւ այդ պահին Ս. Իսպիրյանը հափշտակել էր ատրճանակը ու դիմել փախուստի: Համայնքապետի փոխանցմամբ՝ Իսպիրյանի ընտանիքն անասնապահությամբ է զբաղվում, իսկ ինքը՝ Սեւակ Իսպիրյանը, ամուսնացած չէ եւ հանգիստ բնավորությամբ անձնավորություն է: «Ոստիկանությունը վնասազերծել է Սեւակ Իսպիրյանին: Այս պահին ամեն բան նորմալ է, հանգիստ է: Թե ինչու է նա վերցրել ոստիկանի զենքը, պատկերացում չունենք»,- ասել է գյուղապետը եւ հավելել, որ նշված ոստիկանին չի ճանաչում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Սեւակ Իսպիրյանը ձերբակալված է:

 

ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆՆԱԽԱԳԱՀ ՉՈՒՆԻ
Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիան ղեկավարում էր մարզպետ Արմեն Ղուլարյանը: Սակայն նրան պաշտոնանկ արեցին: Հիմա Ղուլարյանը ՀՀ քաղաքաշինության փոխնախարարն է: Իրավիճակի հետեւանքով կարելի է ասել՝ ֆեդերացիան անտերության է մատնված: Շախմատի մարզիչներից ոմանք «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մարզի պատանի շախմատիստներին տարբեր մրցումների ուղարկելու, մարզում առաջնություններ կազմակերպելու հարցերում խնդիրներ են առաջանում: Ու դրանք ի զորու է լուծելու բացառապես մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը:
Տեղեկացնենք, որ այս տարվա մայիսի 15-ից Տավուշի մարզպետ է նշանակվել Հովիկ Աբովյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե երբ եք նշանակվելու մարզային ֆեդերացիայի նախագահ, մարզպետ Աբովյանը պատասխանեց. «Առաջիկայում փոփոխություն կկատարվի, եւ ես կգլխավորեմ շախմատի Տավուշի մարզային ֆեդերացիան»:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս