Երբ ընդդիմությանը չեն հետաքրքրում իշխանության գաղտնի գործերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտն ու հանրությունը զբաղված են եռյակի առաջնորդների հանրահավաքային ելույթների քննարկմամբ, կեղծ եւ իրական ընդդիմության տարազանմամբ եւ մասնակի կամ ամբողջական իշխանափոխության պահանջների առաջադրմամբ, Հայաստանի իշխանությունները բարեհաջող կերպով ավարտին են հասցնում երկրի նեոգաղութացման «անշրջելի» գործընթացը: Արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականությունը կքննարկի նոյեմբերի14-ին, ինչից հետո այն սահուն կերպով կվավերացվի հայրենի Ազգային ժողովում:

Այն, որ ԵՏՄ-ի դեմ Հայաստանի որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ չի խոսելու, այլեւս հայտնի է բոլորին, սակայն այն, որ այդ ուժերից եւ ոչ մեկն այդպես էլ լրջորեն չմտահոգվեց, թե այդ ինչ փոխզիջման գնաց Սերժ Սարգսյանը հոկտեմբերի10-ին ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ, անկեղծ ասած` անսպասելի էր: Հիշեցնենք, որ խոսքը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի կողմից արված այն հայտարարության մասին է, թե Հայաստանի անդամակցության հետ կապված վիճահարույց հարցի շուրջ հաջողվել է փոխզիջման հասնել:

Հաշվի առնելով Նազարբաեւի նախորդ հայտարարությունները Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանների հետ կապված՝ դժվար չէ կռահել, թե ինչ բնույթի փոխզիջման մասին կարող էր լինել խոսքը: Դա, սակայն, պարզվեց՝ Հայաստանում որեւէ մեկին չի հուզում: Ոչ իշխանական ուժերի նկատմամբ ամենաբացասական եւ կանխակալ տրամադրվածության դեպքում անգամ դժվար էր հավատալ, որ Հայաստանի ապագայի մասին տարբեր ամբիոններից հուզիչ ելույթներով հանդես եկող կեղծ կամ իրական ընդդիմության ներկայացուցիչները կարող են այդքան անտարբեր լինել այս կարեւորագույն խնդրի շուրջ:

Եվ եթե ոմանք դեռ ակնկալում են, որ ոչ իշխանականներն այդ հարցը կբարձրացնեն ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի` Աժ-ում քննարկման ժամանակ, ապա պետք է արձանագրել, որ դա ընդամենը կարվի «գալոչկայի համար», եւ որեւէ առարկայական նշանակություն այլեւս չի կարող ունենալ: Եվ այս իրավիճակում ամենեւին պետք չէ զարմանալ կամ վրդովվել ռիժկովների, կիսիլյովների, կամ նրանց է՛լ ավելի ճղճիմ մոդիֆիկացիաների` հայկական ազգանվամբ, սակայն անհասկանալի ազգությամբ տարբեր քաղաքագետների հայտարարությունների բովանդակության եւ տոնայնության վրա: Այսպիսի քաղաքական իշխանություն եւ ընդդիմություն ունեցող երկիրն արժանի չէ ավելի հարգալից տոնի:




Լրահոս