ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Նորից ակտիվացել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները։ Եվ հերթական անգամ որպես նրան փոխարինող հիշատակվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի անունը։

Ըստ այդ նույն խոսակցությունների՝ Հասմիկ Պողոսյանի համար էլ արդեն պաշտոն է գտնվել՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Վերոնշյալ խոսակցությունների իսկությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն, որի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, ուստի այդ խոսակցությունները չեն մեկնաբանում։ Իսկ ինչ վերաբերում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնին, ապա այդ պաշտոնի համար նախարարությունը մրցույթ է հայտարարել։ Մրցույթի պայմաններից է, մասնավորապես, մշակութաբանություն, արվեստաբանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու, մանկավարժություն եւ հոգեբանություն, արվեստի կառավարում (մենեջմենթ), թատերագիտություն, երաժշտագիտություն մասնագիտություններից որեւէ մեկի առկայությունը (հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարը մասնագիտությամբ կենսաբան է-Ռ.Թ.)։ Թեկնածուն պետք է ունենա թատրոնի զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն: Լրացուցիչ պայմաններից են առնվազն երկու օտար լեզուների իմացությունը, ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողությունը, ինչպես նաեւ, օրինակ, տրամաբանելու եւ տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացությունը:
Վերջում նշենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է, եւ հենց այդ օրվա վերջում մեզ կտեղեկացնեն, թե ովքեր են հայտ ներկայացրել։ Իսկ մրցույթը կայանալու է 2014 թվականի ապրիլի 4-ին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՈՐՊԵՍ ԲՈՒԺՔՈՒՅՐ

Մարտի 15-ին՝ Անի-Քրիստիի ծննդյան օրը, տեղի կունենա երգչուհու նոր՝ «Hey You» տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին այդ օրը մենահամերգով հանդես կգա «Ալեքս» թատրոնում՝ նշելով նաեւ բեմական գործունեության 15-ամյակը: «Ստեղծագործական պոռթկում». այսպես է բնորոշել երգչուհին իր կյանքի ներկա վիճակը: «Իմ դեպքում միշտ էլ այդպես է եղել. կամ շատ լուռ եմ, կամ՝ չափից դուրս աղմկոտ»,-BRAVO.am-ին ասել է Անին:
«Hey You»-ի երաժշտության հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, խոսքերն Անիինն են, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը: Սյուժեի մասին խոսելիս, Անին նշել է, որ չի կարծում, թե հանդիսատեսին այն սովորական կթվա, քանի որ հանդես է գալու բուժքրոջ կերպարում:

 
ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սոնա Շահգելդյանը անակնկալ է պատրաստել նորապսակների համար՝ շարունակական բնույթ տալով իր՝ «Հարսի Շոր» երգին: Երգչուհին ներկայացրել է «Նորապսակներ» երգը, որի երաժշտության հեղինակը Մարինե Մխիթարյանն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Երգի գործիքավորումը կատարել է Միքայել Մալյանը, իսկ մտահղացումը եղել է հենց Սոնայինը:

 
ՀԱՄԵՐԳԸ ԿԱՅԱՑԱՎ

Մարտի 9-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Պատրիսիա Կաասի մենահամերգը: Ծրագիրը ներկայացված էր ժամանակակից արվեստի, լուսային նոր որոշումների ու հենց երգչուհու անզուգական կերպարների համադրմամբ: Էդիտ Պիաֆի անմահ երգերը նոր գործիքավորումներ էին ստացել՝ համալրվելով Կաասի վառ, ուրույն ձայնով: Ավելացնենք, որ Պ. Կաասը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ միշտ երազել է համերգով Հայաստան գալ, բայց վստահ չի եղել, որ ճանաչված է հայ հանդիսատեսի շրջանում: Սակայն գերազանց ընդունելությունը ցրել է աստղի բոլոր կասկածները: Երգչուհին ընդգծել է, որ ընդունելությունն այնքան ջերմ է եղել, որ հիմա մտածում է եւս մեկ համերգով Հայաստան այցելելու մասին:

 
ՇԱԿԻՐԱՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾ

Երգչուհի Շակիրան 10 միլիոն դոլար է ծախսել աղքատների դպրոցի համար: Նա վերջերս դարձել է Latino ամսագրի շապիկի դեմքը եւ իր հայրենիքում դպրոց է բացել աղքատ երեխաների համար: Գումարը վերցվել է երգչուհու բարեգործական հիմնադրամից: Նոր ուսումնական հաստատությունը զբաղեցնում է շուրջ 8 հազար քառակուսի մետր տարածք: Դպրոցը նախատեսված է 1700 աշակերտի համար:

 




Լրահոս