«ՍՓՅՈՒՌՔԸ ԿՈՊԵԿ ՉԱՐԺԵ ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգիչ, ազգային հայրենասիրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը համոզված է, որ Քեսաբի դեպքերը ցեղասպանության շարունակությունն են։ Այն Կիլիկիայի վերջին հայաբնակ քաղաքն է, եւ թուրքերը ցանկանում են ամեն ձեւով հայերին տեղահանել։ «Ինչքան էլ մենք մեզ խաբենք, ասենք՝ շուտով Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, միեւնույն է, ցեղասպանությունը թուրքերի մոտ շարունակվում է մինչ օրս։ Քրիստոնյա հային, իրենց ձեւով ասած, գյավուրին վերացնելը նրանց համար եղել եւ մնում է կյանքի նպատակ»,- համոզված է մեր զրուցակիցը։

-Ըստ Ձեզ, մեր իշխանությունները, Սփյուռքը ժամանակին արձագանքեցի՞ն, արեցի՞ն ամեն ինչ՝ կանխելու այդ նոր ցեղասպանությունը։
-Օրինակ՝ Սերժ Սարգսյանը լավ խոսեց, ասաց, որ երեք անգամ Քեսաբի ժողովրդին տեղահանել են, վերջինը՝ հիմա։ Կարծում եմ՝ էլի չի ստացվելու. Քեսաբն արդեն ազատագրվում է սիրիական զորքերի կողմից։ Մեր կառավարությունն էլ իր վրդովմունքը հայտնեց։ Սփյուռքահայերն էլ գլուխ են բարձրացրել, օրինակ՝ Լոս Անջելեսում շատ մեծ ցույց է անցկացվել թուրքական դեսպանատան առաջ, Վաշինգտոնում՝ նույնպես։ Կանադայում, այլ գաղթօջախներում էլ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, եւ բոլորը տեսան, որ հայերը ոտքի կանգնեցին, պահանջեցին… Այդ ամենի արդյունքում, օրինակ, Գերմանիայի պատգամավորները հայտարարությամբ Թուրքիային նախատեցին, ՆԱՏՕ-ին էլ զգուշացրեցին, որ այդ ամենի ետեւում կանգնած է Թուրքիան։
-Ընդհանրապես պետք է գաղթօջախներն ամրացնե՞լ, թե՞ փորձել բոլորին հայրենիք բերել։
-Չպետք է մոռանալ, որ մենք ունենք կորուսյալ Հայաստան։ Գիտենք, որ Արեւմտյան Հայաստանի այդ հողատարածքի վրա այսօր թուրքն ու քուրդն են բնակվում, բայց մենք, ուզենք թե չուզենք, պիտի պայքարենք այն վերադարձնելու համար։ Դա մեր իդեալն է։ Հենց հայ երեխան ծնվում է, բերանը լեզու է առնում, նա պիտի իմանա, որ ունի կորուսյալ հայրենիք։ Քեսաբն էլ կարելի է դրա մի մասը համարել, որն այսօր արաբների ձեռքում է։ Ատրպատականն էլ պարսիկների ձեռքում է, ու, չնայած այսօր նրանց հետ հարաբերությունները լավ են, բայց էլի Հայաստան է, չէ՞, Ուրմիա լճի շրջակայքը, Նախիջեւանը, Գանձակը կամ Ախալքալաքը…
-Գուսան Հայկազունն ասում է, որ Եվրոպայում արդեն երկրորդ սերունդը մայրենին մոռանում է, շատ են խառն ամուսնությունները, այսինքն՝ կորցնո՞ւմ ենք սփյուռքը։
-Նրանք ցեղասպանություն տեսած մարդկանց թոռներն ու ծոռներն են եւ իրենց պապերից, ընտանեկան դաստիարակությունից ժառանգել են, որ ունենք կորուսյալ հայրենիք։ Հային հայ պահելու ուղղությամբ հայ համայնքների, կուսակցությունների կատարած գործունեությունը թե՛ դպրոցներում, թե՛ այլուր, զգալի է։ Բայց գլոբալիզացիայի եզրում կանգնած ենք, եւ ոչ միայն Եվրոպայում, հեռավոր սփյուռքում են ձուլվում, այլեւ մերձավոր սփյուռքում (մասնավորապես Ռուսաստանում), նույնիսկ մեր հողի վրա։ Այստեղ ընտանիքներ կան, որոնց համար հայերենը երկրորդական լեզու է. խոսում են ռուսերեն եւ անգլերեն։ Բայց բոլոր դեպքերում սփյուռքը սնվում է հայրենիքից, հայրենիքը պիտի ամեն ինչի պատասխանը տա, ու եթե չկարողանանք Հայաստանը պինդ պահել եւ սխալ քայլեր կատարենք, սփյուռքը կոպեկ չարժե առանց հայրենիքի։
-Եթե Քեսաբում խաղաղություն հաստատվեց, որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը։
-Ես մտավախություն ունեմ, որ Քեսաբից հեռացած 4 հազար հայերից ոչ բոլորը կվերադառնան այնտեղ. ինչպես գրեթե միշտ, կարող է վախենան ու չվերադառնան Սիրիա։ Բայց նաեւ կարծում եմ՝ լեռնցի ժողովուրդ են, այդքան բան գիտակցում են։ Կուսակցությունների, մանավանդ Դաշնակցության ազդեցությունը պետք է մեծ լինի։ Բեյրութում նույն բանը եղավ, եւ Դաշնակցությունը կազմակերպեց ինքնապաշտպանությունը։ Դա պետք է արվի նաեւ Քեսաբում։ Փախչելով ո՞ւր կհասնենք։ Բրյուսելում մի քրդի հետ վիճեցի։ Նա ասաց. «Լավ, հարգում ենք քեզ էլ, քո մտքերն էլ, գիտենք՝ պապդ մշեցի է, համարում ենք նաեւ, որ դրանք ձեր հողերն են, պատմական Հայաստան է եղել, բայց, ասենք, ցեղասպանությունը ճանաչվեց, հողը վերադարձվեց, ձեզնից քանի՞սն են գալու այնտեղ ապրեն։ Հարցրեցի. «Որ հիմա դու այնտեղ ապրում ես, Թուրքիա՞ է, թե՞ Հայաստան»։ Ասաց՝ Թուրքիա է։ Եզրափակեցի՝ էն ժամանակ թող լինի Հայաստան, մենք էլի ձեզ հետ կապրենք։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

 

Ըստ միջազգային ու նաեւ տեղական լրատվամիջոցների, «Եվրատեսիլ» -ում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի եւ Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ «լեզվակռիվ» է սկսվել այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել է «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»: Նա նաեւ Կոնչիտային խորհուրդ է տվել կողմնորոշվել` իրականում կի՞ն է, թե՞ տղամարդ։

Արամը քննադատաբար է արտահայտվել գեյ-հանրության վերաբերյալ ընդհանրապես։ Նա մասնավորապես ասել է. «Երբ Երեւանում անցնում եմ Կոմայգու մոտով, արագացնում եմ մեքենայիս ընթացքը։ Ես չեմ ապրում այդ կյանքով, եւ կարեւոր չէ, թե աշխարհը ինչպես է զարգացել կամ հետընթաց ապրել։ Ինձ համար այս ամենն անընդունելի է»։ Իհարկե, նման խոսքերի տակ կարող է ստորագրել ցանկացած նորմալ տղամարդ, բայց այլ հարց է, թե դա ինչպես կընդունվի եվրատեսիլյան հանրության կողմից։
Իսկ ահա Կոնչիտան Արամի Mp3-ի խոսքերին բավականին յուրօրինակ պատասխան է տվել: «Ինձ թվում է, թե Արամը կուզենար, որ ես կին լինեի, բայց ես կարող եմ նրան ասել, որ կանացի կերպար ունեմ բեմում, իսկ դրանից դուրս ես ալարկոտ երիտասարդ եմ եւ մտադիր չեմ փոխվել»։ Ապա «երիտասարդը» դիմել է Արամ Mp3-ին. «Եթե դուք հասկանալու խնդիր ունեք, ես ուրախ կլինեմ նստել ձեզ հետ եւ առավել մանրամասն դա բացատրել: Դատելով ձեր հոմոֆոբիական մեկնաբանություններից` դուք ունենք այդ զրույցի կարիքը»:
Այս յուրահատուկ երկխոսության, հատկապես Արամ MP-3-ի ասածների մասին մեր խնդրանքով կարծիք հայտնեց «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը, ով անցյալ տարի «Եվրատեսիլ»-ում ներկայացնում էր Հայաստանը։ «Ամեն մարդ իր կարծիքն ունի, մենք էլ մեր կարծիքն ենք ունեցել, դրանից երբեք չենք ամաչել ու ասել ենք այն, ինչ մտածել ենք։ Եթե Արամն իր կարծիքն ունի եւ չի ամաչում իր կարծիքից, դա նորմալ է, կարծում եմ, որ բոլորն էլ այդպես պետք է վարվեն»։ Իսկ այդ ամենը ի՞նչ ազդեցություն կունենա եվրատեսիլյան քվեարկության վրա, դրանից մեր երգիչը կշահի՞, թե՞ կտուժի։ «Ճիշտն ասած, չգիտեմ. դա այնպիսի հարց է, որ արտիստին կամ երաժշտին, կարծեմ, չի վերաբերվում»,-ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Արամ MP-3-ի երգին, ապա Գոռ Սուջյանն այն հավանում է. «Շատ լավ երգ է»։ Մենք հիշեցրեցինք, որ երգը կարող է շատ լավը լինել, բայց եվրատեսիլյան բեմին, ճաշակին հարմար չլինել։ ««Եվրատեսիլ»-ին հարմար կամ ոչ հարմար լինելու մասին ոչինչ չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ասել եւ ասում եմ, որ երգն ինձ դուր է եկել, ես այն շատ եմ հավանում»,-նշեց երգիչը։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ՝ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Երգիչ Գեւորգ Բարսամյանն առողջական խնդիրների պատճառով տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Օրերս նա դուրս է գրվել հիվանդանոցից եւ անմիջապես շտապել ձայնագրման ստուդիա: Երգիչը կյանքի նախկին ռիթմին կվերադառնա մոտ մեկ ամսից, թեեւ այս ընթացքում կշարունակի ձայնագրություններն ու ակումբային աշխատանքը: Նրա նոր տեսահոլովակի նկարահանումները փոքր-ինչ կհետաձգվեն: Նոր երգը, որի հիման վրա նկարահանվելու է տեսահոլովակը, կոչվում է «Իմ աղջիկ», խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է:

 

 

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՆՈՐ ԱԼԲՈՄԸ

Մայքլ Ջեքսոնի մահից հինգ տարի անց հայտնի է դարձել, որ մայիսի 13-ին թողարկվելու է աշխարհահռչակ երգչի նոր՝ «XSCAPE» ալբոմը, որն իր անվանումը ստացել է համանուն երգի շնորհիվ: Ստեղծագործությունը գրել են Մայքլ Ջեքսոնն ու Ռոդնի Ջերքինսը: Ալբոմում ընդհանուր առմամբ ներառվելու է ութ նոր կոմպոզիցիա:

 




Լրահոս