ԼՂՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՔԵՍԱԲՈՒՄ Է. ԱԶԱՏԱԳՐԵԼ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը գտնվում է Սիրիայում՝ քեսաբահայերին պաշտպանելու նպատակով:

Նշենք, որ ապրիլի 1-ին Վահան Բադասյանը հանդես էր եկել Քեսաբի հայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձեւավորելու առաջարկությամբ: ԼՂՀ պատգամավորը կոչ էր արել միավորվել եւ մեկնել Քեսաբ. «Մենք գնում ենք մեր բնիկ հայրենակիցներին պաշտպանելու: Նրանք, ովքեր ուզում են հայի եւ Հայաստանի արժանապատվությունը պաշտպանեն, թող միանան իմ կոչին եւ իրենց մասնակցությունն ունենան այս սուրբ գործին»:
Հիշեցնենք՝ Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Հաջորդ օրը երեկոյան Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Ինչեւէ, ԼՂՀ պատգամավորն արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է Քեսաբում եւ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
-Պարոն Բադասյան, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Քեսաբում:
-Ուրեմն` մորթել, կոտորել, այդպիսի բան չկա, այդ ամենը սուտ է: Իրադրությունը վերահսկվում է: Հիմա 28 հայերից մոտ 20-ին տեղափոխել են Թուրքիայի տարածք, իսկ 8 հոգին անհայտ կորած է: Մենք անընդհատ մեր հայ կամավորների հետ գնում ենք հետախուզության եւ ամեն ինչ անում ենք Քեսաբն ազատագրելու համար:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ էին ռուսական լրատվամիջոցները տարածում զազրելի լուսանկարներ, թե մարդկանց մորթում են:
-Դա անհայտ է, թե ովքեր են տարածել, որովհետեւ քեսաբցիների մեծ մասը տեսանյութում կամ լուսանկարներում հայտնված մարդկանց չէր ճանաչում: Դրանք հին կադրեր էին:
-Նշեցիք, որ Քեսաբը կազատագրեք: Արդյոք ուժերը բավականացնո՞ւմ են նպատակն իրագործելու համար:
-Այո, վստահաբար կստացվի, ուղղակի պետք է լավ կազմակերպենք, որ ավելորդ զոհեր չլինեն:
-Մոտ 150 մարդ ցանկություն էր հայտնել միանալ Ձեր կոչին, գալ Քեսաբ եւ պաշտպանել հայերին, իսկ Դուք նշել էիք, թե չեք կարող բոլորին տանել: Ի վերջո, որքա՞ն կամավորներ են այսօր Ձեզ հետ միասին պայքարում Քեսաբն ազատագրելու համար:
-Ժամանակը կգա, կասեմ: Դուք չեք պատկերացնում այդ մարդկանց ոգին, երբ մեզ տեսան զինվորական հագուստով, տեսնեիք նրանց ոգեւորությունը: Ճիշտ այն ոգեւորությունն էր, երբ Արցախի ազատագրման ժամանակ մեր կողքին տեսանք մի քանի սփյուռքահայերի:
-Ինչպե՞ս կգնահատեք քեսաբահայերի տրամադրվածությունը:
-Լավ են տրամադրված: Ցավոք սրտի, այստեղ մի թերություն կա, այստեղի տեղական համայնքի իշխանությունները վախեցած են եւ զենքով պաշտպանվելը սխալ են համարում: Նրանք կարծում են, որ եթե իրենք զենքով պաշտպանվեն, դա կնշանակի, որ դրանով կզայրացնեն մուսուլմաններին եւ դրանով իսկ ամեն ինչ վատ կլինի իրենց համար: Բայց պետք է ասեմ՝ չարաչար սխալվում են, ժողովուրդն այդպես տրամադրված չէ, այլ ընդամենը համայնքային իշխանություններն են այդպես տրամադրված: Չգիտեմ, թե նրանք ինչ կուսակցությունների կողմից են ղեկավարվում, սակայն չեն կարողանում իրենց սկզբունքի մեջ մնան, որ միայն զենքով կարող են հասնել հաջողության:
Դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը Հանրային հեռուստատեսությամբ ասել էր, թե ուրիշ երկրների միջեւ տեղի ունեցող վեճերին մենք չպետք է խառնվենք: Այո, չպետք է ներգրավվենք: Բայց խոսքը ուրիշ երկրների մասին չէ, խոսքը հազարավոր քեսաբցիներին է վերաբերում, այստեղ ցեղասպանության իրագործման հարց կա: Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհն, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին: Ես զարմանում եմ՝ ինչ վիճակի է հասել մեր ավանդական եւ շատ սիրելի կուսակցությունը: Ցավ եմ ապրում: Չեմ ընդունում այն տեսակետը, թե սա մեր գործը չէ, սա ուրիշ երկրների գործն է:
-Իսկ հետաքրքրվե՞լ եք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Սփյուռքի նախարարության կողմից ի՞նչ օգնություն է եղել:
-Անկեծ ասած, այդ հարցով չեմ զբաղվել, լսել եմ, որ կառավարության կողմից օգնություն եղել է, բայց պետք է ասեմ, որ ես դա չեմ նկատել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Տիգրան Սարգսյանը, լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ կամ լրտես, Սերժ Սարգսյանին պահում էր որպես նախագահ, որպեսզի միասին բանկային համակարգով կախման մեջ գցեն Հայաստանն ու հայ ժողովրդին: Դրա վառ ապացույցն են 5 տարվա ընթացքում մի քանի միլիարդ վարկերը, որոնք բարձր տոկոսներով տրվել են Հայաստանին ու ամբողջ ժողովրդին կախման մեջ գցել բանկային համակարգից, եւ որոնց կառավարումը Տիգրան Սարգսյանի եւ Վահրամ Ներսիսյանցի վերահսկողության տակ է:

Տիգրան Սարգսյանի կարողությունը կազմում է 1.6 միլիարդ դոլար, որը պահվում է Ամերիկայում: Քանի որ Երկիր մոլորակը բաժանվում է երկու կեսի եւ նախապատերազմային իրավիճակ է, Ռուսաստանը (հյուսիսային թագավորը) ցանկանում է դուրս գալ դոլարի գոտուց: Ուրեմն՝ պետք է նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից հեռացվեին, այսպես ասած, արեւմտամետ վարչապետերը, ովքեր համագործակցում կամ ծառայում են ՄՎՖ-ին: Դրա վառ ապացույցն է միանգամից հեռացնելը միջինասիական խորհրդային երկրների եւ Հայաստանի վարչապետերին: Քանի որ ռուսների ճնշմամբ հեռացվեց Տիգրանը, Սերժը մնաց առանց արեւմտյան աջակցության: Ուստի՝ Հայաստանում բանկային համակարգի պայթեցում կիրականացվի:
Այսինքն՝ Արեւմուտքը քարտ բլանշ ստացավ Հայաստանում հեղափոխություն կատարելու համար:
Արեւմուտքը Լեւոնի դիրիժորությամբ կսատարի Քոչարյանին՝ Օսկանյանի միջոցով բացահայտելով Սերժի ախմախությունները: Որպեսզի չկրկնվի 2007-ի՝ Լեւոնի վերադարձի նույն սցենարը, Ռոբերտը սպասում է Իլհամ-Սերժ հանդիպմանը: Հանդիպումից հետո նա հանդես կգա որպես «դավաճան Սերժից» երկիրը փրկող «միակ տղամարդը»:
Չմոռանանք, որ Արցախի հարցում Ռոբերտի սկսածն է շարունակում Սերժը: Ինչպես 2007-ին բոլորը համարյա միացան Լեւոնին, այնպես էլ 2014-ին բոլորը կմիանան Ռոբերտին, այդ թվում՝ նաեւ անձամբ խաղավարը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հաշված օրերի ընթացքում Սերժից երես կթեքեն բոլորը՝ թե՛ դրսերում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:
Ինչ վերաբերում է վարչապետի նշանակմանը, նախ՝ այդ նշանակումը Լեւոնին եւ Ռոբերտին չի հետաքրքրում, երկրորդ՝ դրանով Սերժը վերջնականապես հաստատելու է Տեր-Պետրոսյանի ասած ավազակապետությունը: Սերժ Սարգսյանը, չհասկանալով՝ ինչ է գեոպոլիտիկան, այդպես էլ չհասկացավ, որ ո՛չ Լեւոնին, ո՛չ Ռոբերտին, ո՛չ Օսկանյանին հետաքրքիր չէ այս աղջամուղջը, որը քաղաքական դաշտ է անվանվում: Ավելին՝ քաղաքական դաշտում երեւացողներն ընդամենը խաղալիքներ են խաղավարների ձեռքին, ինչպես անձամբ ինքը՝ Սերժը, որին հոյակապ կոմբինացիաներով դարձրին քավության նոխազ:
Հաշված օրեր հետո Հայաստանում կսկսվեն հեղափոխական գործողություններ, որոնք ոչնչով չեն տարբերվի ուկրաինական սցենարից: Դրսի ուժերը փորձելու են պայքարը տեղափոխել ղարաբաղցի-հայաստանցի տարանջատմանը, որովհետեւ բոլորին պետք է Արցախը:
Հայաստանի քաղաքացիները պետք է զգոն լինեն, որպեսզի հերթական անգամ չխաբվեն: Բոլորը պատրաստվում են երրորդ համաշխարհային պատերազմին: Ժամանակներն այնքան ծանր են, որ Հայաստանին զինվոր թագավոր է պետք, որը, ծառայելով Աստծուն ու ժողովրդին, կպաշտպանի երկիրը եւ կընդլայնի նրա տարածքները: Սերժն անձամբ իրեն ու երկիրը կործանումից փրկելու, նորմալ քաղաքականությունից հեռանալու մի ելք ունի…

Ազատամարտի եղբայրության համակարգող ԱՐԱՐԱՏ ԱՍՐՅԱՆ

 

 

 

ԲԼԹ

«Քննարկել ենք նոր իրավիճակում հետագա քայլերը, իսկ թե կոնկրետ ինչ քայլեր ենք նախատեսում, դեռ քննարկման փուլում է»։

Ստեփան Մարգարյան News.am

Քննարկել են քայլերը, բայց այդ քայլերը դեռ քննարկման փուլում են։ Այսինքն՝ եթե դրանք շարունակում են մնալ քննարկման փուլում, ապա ի՞նչն են քննարկել եւ, ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունի այդ քննարկումը… Կարծես թե տրամաբանություն ու իմաստ չկա, բայց եթե հաշվի առնենք, որ խոսքերի հեղինակը ԲՀԿ-ական պատգամավոր է, ով մեկնաբանում է Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան իր համար անհայտ հանդիպումը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Քննարկումը տիպիկ ԲՀԿ-ական ոճի մեջ է, նախագահական ընտրություններից առաջ էլ Ծառուկյանը նման «հապճեպությամբ» էր որոշումներ ընդունում։

 

 

 
«Ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, ով գրեթե 4 տարի արդյունավետ ղեկավարել է Ազգային ժողովը, արդեն 6 տարի է, ինչ ԱԽ քարտուղարն է»:

Հեղինե Բիշարյան News.am

Թե ինչպես Արթուր Բաղդասարյանը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին չափից դուրս շատ սատարելու արդյունքում դարձավ ԱԺ նախագահ, մենք լավ հիշում ենք, հիշում ենք նաեւ, թե ինչպես չկարողացավ մնալ իր տեղում եւ «նեղացած» վիճակում դարձավ ժամանակավոր ընդդիմություն, հետո էլ հանկարծակի եւ շատ արագ ընդդիմությունից վերածվեց ԱԱԽ քարտուղարի: Այնպես որ, շատ լավ էլ կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարչապետ կարող է լինել ՕԵԿ նախագահը։ Նաեւ, եթե այդ մասին ազդակներ ուղարկողը Հեղինե Բիշարյանն է, կարող ենք պատկերացնել, թե ինչպես այդ դեպքում կվերաբերվի ՕԵԿ-ն իրեն քննադատող լրատվամիջոցներին։

 

 

 
«Մեր երկրի նախագահը երեկ բոլորին իրենց տեղը դրեց ու ասեց, որ մեր երկիրը կուսակցական երկիր ա։ Ով որ ուզել ա, նա պետք է հաղթի ու վերջ»։

Աշոտ Աղաբաբյան 1in.am

Եթե մարդ իր ղեկավարած կուսակցությունում ունենա Աշոտ Աղաբաբյանի նման անդամներ, այլեւս քաղաքական հակառակորդների եւ լուրջ ընդդիմախոսների կարիք էլ չի ունենա, որովհետեւ նման կուսակիցներն իրենց ելույթներով արդեն իսկ կզրոյացնեն իրենց ղեկավարի վարկանիշը։ Մյուս կողմից էլ՝ Գալուստ Սահակյանի օլիգարխ աներձագը հնարավոր է՝ որդեգրել է նաեւ իր փեսայի գործելաոճը եւ օգնում է նրան՝ իր ֆունկցիաները կատարելու հարցում, այն է՝ Սերժ Սարգսյանի մեսիջները փոխանցելը։ Այս դեպքում սա հստակ մեսիջ է, որ Սերժ Սարգսյանի նպատակն է ստեղծել դե ֆակտո միակուսակցական բռնապետություն։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս