«Եռյակի» հավաքներին գնացողներին արթնացնելու համար եմ «ոչխար» անվանել. Անի Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ համացանցային իր ակտիվ գրառումները, համարձակ հայտարարությունները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ արթնացնել մեր ժողովրդին:

Հիշեցնենք, որ Անի Զախարյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ այն մարդիկ, ովքեր կգնան «եռյակի» հանրահավաքներին, «ոչխարներ» են:

«Մեկնաբանությունը հստակ է և գալիս է խորքային ժամանակներից՝ սկսած 1991 թվականից, երբ մեր անկախությունը հռչակվեց: Թվում էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ամեն ինչ աներ, որ մեր հասարակության անկախության գիտակցության մակարդակը մեծանար: Տնտեսության, ինքնիշխանության, գիտության զարգացման համար պետք է ամեն ինչ աներ,- նշեց Անի Զախարյանը: – Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ պայքար էր մղում Գիտությունների ազգային ակադեմիան փակելու համար: Հետաքրքիր է՝ առանց գիտության՝ ինչպե՞ս կարող էր տնտեսությունը զարգանալ: Գիտությունն անկախության հռչակումից ի վեր հետընթաց ապրեց: Առանց զարգացած գիտության՝ տնտեսական զարգացվածությունը բացառվում է»:

«Վերջերս դաշնակներն էլ հայտարարեցին, որ Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք 1994 թվականին ստորագրել է մի պայմանագիր, որը պարզապես ի չիք էր դարձնում առանձին ազգային տնտեսություն ունենալու հույսերը: Հստակ է ամեն ինչ. այս մարդը պարզապես դրսի մարդկանց կողմից նշանակված մեկն էր, ով եկել է Հայաստան՝ մեր երկիրը կործանելու նպատակով»,- ասաց Անի Զախարյանը: Վերջինս նշեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծ հայրենասեր է, քանի, որ սատարում է «ազգի դավաճան» Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Գագիկ Ծառուկյանը, ով արդեն առաքյալի դերակատարություն է ստանձնել, ևս երկիրը տանում է կործանման: Ես մարդկանց արթնացնելու, իրենց իրավունքներին ծանոթացնելու համար եմ «ոչխար» անվանում: Միգուցե, այդ ամենից հետո նրանք սթափվեն»,- եզրափակեց «Նոր քաղաքական մշակույթ»-ի ղեկավարը:




Լրահոս