Վերահսկիչ պալատին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք. Իշխան Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում սկսվեց Մոլդովայի, Հայաստանի և Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահների աշխատանքային հանդիպումը:

Հաջորդ օրը ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր՝ երկկողմ և եռակողմ համագործակցության ոլորտում: «Վերահսկիչ պալատներին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք, մենք ավելի շատ պետք է օգնենք, որպեսզի կառավարությունը, գործադիր և օրենսդիր իշխանության թևերը կարողանան բյուջեի պլանավորումից մինչև ծախսային մասը ճիշտ ճանապարհ անցնել»,- իր ելույթում նշեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Լատվիայի ՎՊ նախագահ տիկին Կրումինան անհրաժեշտ համարեց իրենց կուտակած փորձը հաղորդել գործընկերներին, որպեսզի ավելի խորը արմատավորվեն ԻՆՏՈՍԱԻ սկզբունքներն ու արժեքները:

Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանն անդրադարձավ համատեղ ստուգումների գաղափարին՝ այն համարելով սկզբունքային՝ հատկապես իրենց երկրների միջև գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ոլորտում:

Այցի շրջանակներում պարոն Զաքարյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղավ հայկական եկեղեցում, ծանոթացավ կիրակնօրյա դպրոցի ավանդույթներին:

ՎՊ նախագահի այցը Մոլդովա կավարտվի դեկտեմբերի 17-ին:




Լրահոս