ԵՐՎԱՆԴԻ ԽՆԱՄԻՆ
Երեկ հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան կասկածում են դատապարտյալների միջոցով այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մեջ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր եւ մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից ստացված նամակի եւ քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի գրավոր հայտարարության հիման վրա պարզվել էր, որ 2007 թվականի հունիսի 27-ին Մոսկվայում առեւանգվել էր Ռուբիկ Սիմոնյանը, որի համար պահանջվել էր փրկագին՝ նախ 500.000, ապա՝ 300.000 ԱՄՆ դոլար: Այն ստանալու համար Սամվել Հովհաննիսյանը Մոսկվա էր ուղարկել իր ներկայացուցչին, որը 2007 թվականի հուլիսի 6-ին, հանդիպելով առեւանգվածի հարազատներին, ստացել էր 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական ռուբլի, ինչից հետո Ռուբիկ Սիմոնյանն ազատ էր արձակվել: Սակայն հետագայում մեղադրանքը չհաստատվեց, եւ Սամվել Հովհաննիսյանն ազատ արձակվեց հանցակազմի բացակայության հիմքով:
Սամվել Հովհաննիսյանի անվան շուրջ նաեւ աղմուկ բարձրացավ Արաբկիր վարչական շրջանում կառուցած շենքի կապակցությամբ. նա վաճառել էր բանկում արդեն իսկ գրավադրված բնակարաններ:
Ի դեպ, Սամվել Հովհաննիսյանը ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի նախկին խնամին է: «Ժողովուրդ»-ին հաջողվեց ճշտել, որ Հովհաննիսյանի որդին ԱԱԾ նախկին աշխատակից է, իսկ դուստրը՝ ԱԺ նախկին աշխատող:
ԿԱՐԴԱՐԱՑՆԻ
Երեկ Երեւանում կազմակերպված քննարկման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ուշ թե շուտ Եվրադատարանն արդարացնելու է վրացահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույց, որը պատրաստել էր մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը:
ՇԵՂՈՒՄ ԵՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ իրենց կազմակերպությունը զբաղված է «փողերի լվացման ու հարկերից խուսափելու» մասին տեղեկությունները հերքելով՝ քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու եւ որպես օբյեկտիվ այլընտրանքային լրատվամիջոց ծառայելու փոխարեն: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԱԱԾ-ին շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարեւոր առաքելությունից եւ ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու «Սիվիլիթասի»-ի եւ «ՍիվիլՆեթ»-ի գործունեությունը:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Հունիսի 26-ին՝ ժամը 19-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը Կոնգրեսի հայտը թիվ 71 որոշմամբ ընդունել է ի գիտություն:
ՇԱՏՈՎ ԵՆ
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կարծես թե իրեն ապահով զգալու առանձնահատուկ պահանջ ունի, քանի որ կառավարության նիստերին ժամանում է թիկնապահներով լի երկու մեքենաներով՝ չհաշված իրենը: Ըստ lragir.am-ի՝ նա կառավարության շենք է ժամանում հետնամուտքով եւ նույն կերպ էլ հեռանում. հավանաբար Խաչատրյանը խուսափում է բողոքի ակցիաների մասնակիցների եւ լրագրողների հետ անմիջական շփումից: Նրա՝ մուտքից մինչեւ մեքենա հասնելու գործընթացը հիշեցնում է հոլիվուդյան մարտաֆիլմ: Դուրս գալու պահին թիկնազորից երկու հոգի շտապում են մոտենալ նրան՝ մինչեւ մեքենան ուղեկցելու համար: Այսպիսի շքախմբով կառավարության նիստերին չեն ժամանում նույնիսկ այն պաշտոնյաները, որոնց ղեկավարած գերատեսչությունները անհամեմատ ավելի «մարտական են», էլ ինչ ասենք խեղճ նախարարների մասին, որոնց մի մասը ոտքով է գալիս՝ նիստերին մասնակցելու: