«ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆԵՐԻ» ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Աննա Մայիլյանն այն կարծիքին է, որ մեզ մոտ ազգային մշակույթն անտեսելու միջոցով ազգային անվտանգությունը կորցնելու վտանգը բավական հրատապ է եւ կախված է մեր ժողորդի գլխին: Ուստի նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ այս բնագավառը պետք է միշտ լինի պետական ուշադրության կենտրոնում:

-Դուք հայ ազգային երգարվեստը ներկայացրել եք ամենատարբեր երկրներում: Օտարներն ինչպե՞ս են բնութագրել այն, ի՞նչն են ընդգծել, եւ ի՞նչն է նրանց հրապուրել:
-Մեծ սիրով կատարում եմ նաեւ հնագույն, դասական, ռոմանտիկ եւ արդի համաշխարհային երաժշտություն: Իսկ հանդիսատեսը մեր ազգային երգն ամենուրեք ընդունում է մեծ հարգանքով, զարմանքով եւ սիրով:
-Մի ժամանակ ամերիկուհի կոմպոզիտոր Լաուրա Կամինսկին Ձեզ խորհուրդ էր տալիս մեկնել ԱՄՆ՝ ջազ վոկալ ուսումնասիրելու նպատակով, սակայն Դուք գերադասեցիք ծառայել ազգային մշակույթին: Չե՞ք փոշմանել այդ հնարավորությունը բաց թողնելու համար: Եվ արդյո՞ք հայրենիքում գնահատեցին այդ «զոհաբերությունը»:
-Լաուրա Կամինսկին ինձ մոտ բավական լավ ջազային երգեցողության հնարավորություններ էր նկատել: Սակայն ես նախընտրեցի դրանով չզբաղվել, քանի որ ջազի ոլորտում անելիք չունեի. իմ գործը հայ ազգային մշակույթին ծառայելն է: Սա զոհաբերություն չէ, այլ այն է, ինչ պետք է անի յուրաքանչյուր գիտակից եւ ազգանվեր արվեստագետ: Ծառայել քո մշակույթի զարգացման գործին, նշանակում է իմաստավորել սեփական կյանքը:
-Հայաստանում էստրադա, փոփ, 6/8 ժանրերի երաժշտության ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչները մշտապես քննադատությունների թիրախում են, իսկ ահա դասական, ազգային երաժշտություն կատարողները համեմատաբար զերծ են դրանցից: Այնպիսի տպավորություն է, որ այս ոլորտներում բոլորը կատարյալ են գործում…
-Փոփ ժանրերը, այսինքն՝ հանրամատչելի երաժշտությունը գտնվում է հանրային լայն ուշադրության ներքո, ուստի ենթարկվում է հանրային լայն քննարկման, իսկ դասական արվեստը նեղ ուշադրության կենտրոնում է եւ մատնվում է ավելի նեղ մասնագիտական քննադատության: Մյուս կողմից՝ փոփ ժանրերի մեջ կան տեսակներ, որոնք չունեն ազգային մշակույթին ծառայելու նպատակ, մնայուն արժեքներ չեն եւ նպաստում են ազգային մշակույթի զարգացման խաթարմանը: Սրանք չի կարելի հավասար հարթակի վրա դնել ազգային մշակույթի այն տեսակների հետ, որոնց շնորհիվ ստեղծվել եւ շարունակվում է պահպանվել մեր ազգային դիմագիծը:
-Ձեր հարցազրույցներում հաճախ եք շեշտում ազգային անվտանգությունը կորցնելու վտանգը: Արդյո՞ք այն այդ աստիճան հրատապ է եւ կախված է մեր ժողովրդի գլխին:
-Այո՛, մեր ազգային մշակույթը հենց մեր երկրի անվտանգության կարեւոր զենքերից է: Այս առումով պետք է տարվի հմուտ ռազմավարություն եւ այս բնագավառը պետք է միշտ լինի պետական ուշադրության կենտրոնում: Մեկ-մեկ սոցիալական կայքերում հայտնաբերում եմ այնպիսի նյութեր, որոնք ինձ ուղղակի հունից հանում են եւ չափազանց մտահոգում: Կան երաժիշտներ ու նույնիսկ որոշ «վաստակավոր արտիստներ», որոնք Youtube-ում տեղադրում են իրենց խրախճանքները եւ «համատեղ ելույթները» թուրք եւ ադրբեջանցի «երաժիշտների» հետ: Սա ուղղակի զարհուրելի մի փաստ է:
-Ասում են՝ Դուք ծնունդների, հարսանիքների եւ նմանատիպ խնջույքների չեք մասնակցում, քանի որ դրանց ժամանակ կարող է անորակ երաժշտություն հնչել: Այդ կերպ ստացվո՞ւմ է հաշտ մնալ ինքներդ Ձեզ եւ շրջապատի հետ:
-Ես մասնակցում եմ խնջույքների, եթե գիտեմ, թե ուր եմ գնում, ինչ մարդկանց միջավայրում եմ լինելու: Եթե այն ինձ նեղացնում է, հոգնեցնում եւ խանգարում հոգեկան հանգստությանս, ապա շատ հանգիստ լքում եմ այդ հավաքույթները՝ հաշտ մնալով ինքս ինձ հետ, իսկ թե ինչ կասեն մյուսները, այդքան էլ կարեւոր չէ:
-Ձեր ուսանողների շրջանում ի՞նչ ընդհանուր, տարածված տենդենցներ եք նկատում, նախ՝ ուրախալի, ապա՝ մտահոգիչ:
-Շատ երջանիկ եմ, որ դասախոս եմ, քանի որ իմ դասարանում փայլուն երիտասարդներ են ուսանում: Կարեւորը, որ նրանք հասկանում են՝ որտեղ են սովորում եւ ինչի համար: Իսկ մտահոգիչն այն է, որ այսօր կոնսերվատորիան ավարտած երիտասարդ երգիչը հայտնվում է խնդիրների մի մեծ աշխարհում, որը բոլորը չէ, որ կկարողանան հաղթահարել: Մասնագիտական աշխատանք գտնելու անհայտ հեռանկարը. սա է հիմնականում բոլորին մտահոգում: Բայց ես բացատրում եմ, որ աշխատանքի ու համառության շնորհիվ կարելի է հասնել նպատակին:

 

 

 

 
ՄԱՆԱՐՅԱՆԻ ԱՅՐՎԱԾ ԺԱՊԱՎԵՆՆԵՐՆ ՈՒ ՄՈՌԱՑԱԾ ԱՎԱՐՏԸ

«Ախր քո տեղը Հայաստանը չէր, որ ասում եմ՝ Թեհրանից միանգամից Փարիզ պետք է գնայիր, ճիշտ եմ ասում, էլի, Շառլ Ազնավուրը ո՞նց արեց… Քեզ էստեղ էդպես էլ չգնահատեցին, էլի»,-փոքր-ինչ զայրացած պահերին Արման Մանարյանին ասում է իր կինը՝ Լիդա Հարությունյանը, ով ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ կինոռեժիսոր ամուսինն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել իր մի քանի կարեւոր նպատակներ:

Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ, օրինակ, ժամանակին, երբ Արման Մանարյանը դեռ երիտասարդ ռեժիսոր էր եւ արդեն հասցրել էր վայելել «Տժվժիկ» ֆիլմի հաջողությունը, ձեռնամուխ էր եղել մեկ այլ՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի՝ «Արտիստ»-ի հիման վրա ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
«Արդեն ֆիլմի կեսը նկարահանել էր, իսկ Սովետական Հայաստանում կազմված հատուկ հանձնաժողովը կինոնկարը դեռ չտեսած՝ հավանություն չէր տվել դրան, եւ որոշվել էր այն փակել: Արմանն այդ առթիվ բողոքել էր Մոսկվայում, իսկ նրան պատասխանել էին, որ հանձնաժողովը ոչ թե ֆիլմի, այլ իր դեմ է գործում: Արմանը Մոսկվայից եկել էր Հայաստան, որպեսզի վերցներ մատերիալն ու նկարահանումները շարունակեր Ռուսաստանում, այնինչ՝ եկել էր հայրենիք եւ ինչ տեսներ… Ֆիլմի ժապավենն այրված էր…»,-հուզմունքով պատմում է ռեժիսորի կինը:
Նրա խոսքով՝ Խորհրդային Միությունում ժամանակին չէին թողնում, որ Մանարյանը ոտքը դուրս հանի. «Հիշում եմ՝ Ֆրանսիայում հայկական ֆիլմերի ցուցադրություն պետք է լիներ, «Հայֆիլմ»-ում որոշել էին, որ Արմանի միանգամից երեք ֆիլմեր՝ «Տժվժիկը», «Կարինեն», «Հեղնար աղբյուրը» պետք է ներկայացվեին այնտեղ: Սակայն ամուսինս այդպես էլ չգնաց այդ ցուցադրությանը, քանի որ Սովետմիությունում վախենում էին, որ նա էլ հետ չի գա»,-մեկնաբանեց կինը:
Տիկին Լիդան, սակայն, ամենաշատն ափսոսում է ամուսնու անավարտ մուլտֆիլմի համար. «Երբ Արմանը վթարի էր ենթարկվել եւ արդեն վատառողջ էր, ասաց, որ մտածել է, թե ինչպիսին է լինելու մուլտֆիլմի ավարտը, մյուս առավոտյան, սակայն, ոչինչ արդեն չէր հիշում»,-ափսոսանքով պատմում է տիկին Լիդան՝ փարատվելով այն հանգամանքով, որ որոշակի կաղապարների մեջ անգամ իր ամուսինը կարողացել է մի ամբողջ ժառանգություն թողնել՝ մնալով հայ կինոյի պատմության մեջ:
Հ.Գ. Դեկտեմբերի 15-ին Արման Մանարյանը նշեց իր 85-ամյակը: Այս առիթով «Ժողովուրդ»-ն ընթերցողներին ներկայացրեց նրա կյանքի մի քանի բացառիկ դրվագ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, հարյուրավոր հայերի մասնակցությամբ դեկտեմբերի 12-ին բացվել է քաղաքի առաջին հայկական եկեղեցին: Panarmenian.net-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ եկեղեցի այցելելու համար հայերը ստիպված էին այլ հավատքի եկեղեցիներ հաճախել կամ էլ ուղեւորվել Շարժա, որտեղ գործում է Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցին:
Հոգեւոր հովիվ հայր Մեսրոպը տեղեկացրել է, որ նորաբաց եկեղեցին կառուցվել է ԱՄԷ իշխանության ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ շինարարության համար տարածքն անվճար է տրամադրվել: Այդ տեղում նաեւ այլ կառույցներ են լինելու, որոնցից մեկը ծառայելու է որպես կիրակնօրյա դպրոցի շենք: Այցելուներից մեկի խոսքով՝ Աբու Դաբիում մոտ հազար հայ է ապրում: Շատերն ամուսնանալու կամ այլ ծեսերի համար ուղեւորվել են Սիրիա, Լիբանան կամ Իրան:
Տարբեր տվյալներով ԱՄԷ-ում մոտ 11 հազար հայ է ապրում: Վերջին տարիներին այդ երկիր Հայաստանից, ինչպես նաեւ՝ Մերձավոր Արեւելքի հին ու խոշոր համայնքներից բազմաթիվ հայեր են մեկնել:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է
Քարդաշյան քույրերից ավագը՝ 35-ամյա Քորթնին, երրորդ անգամ մայր է դարձել: Նա դեկտեմբերի 14-ին իր ամուսնուն՝ Սքոթ Դիսիքին, որդի է պարգեւել: Հետաքրքրական է, որ փոքրիկը ծնվել է զույգի ավագ որդու՝ Մեյսոնի տարեդարձի օրը: Նշենք, որ Քորթնին հղիության ընթացքում բավական ակտիվ կյանքով էր ապրում, նա մշտապես եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, անգամ հասցրել է մերկ վիճակում հայտնվել ֆրանսիական «DuJour» ամսագրում:
Հիշեցնենք, որ Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիքը միասին են 2007-ից:

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԲԵՅՈՆՍԵԻՆ
Հունգարացի երգչուհի Mitsou-ն դատի է տվել Բեյոնսեին, նրա ամուսին Jay-Z-ին ու այս երկուսի պրոդյուսեր Timbaland-ին: Բանն այն է, որ երգչուհին պնդում է, թե Բեյոնսեի՝ 2013-ին թողարկած ալբոմի «Drunk in Love» երգն իր 1995-ին ձայնագրած «Bajba, Bajba Pelem» ստեղծագործության փոփոխված տարբերակն է: Entertainment Weekly-ի փոխանցմամբ՝ հունգարացին պահանջում է, որ երգն այլեւս երբեք չհեռարձակվի:




Լրահոս