ՓՄՁ-ն իշխանության հիմնական սպառնալիքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները ստիպված եղան արդեն երկրորդ անգամ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում անցած տարվա հունիսին կատարված փոփոխությունները, սակայն ակնհայտ է, որ նրանք ուղիներ են փնտրում իրենց մոտեցումն առաջ տանելու համար: Ուստի հարց է ծագում՝ ինչո՞վ է այդքան կարեւոր տասնյակ հազարավոր ձեռներեցների դժգոհության առիթ դարձած մոտեցումը, եւ ի՞նչ խնդիր են ցանկանում լուծել ՀՀ իշխանությունները:

Ինչպես հայտնի է՝ նորամուծության իմաստն այն է, որ բոլոր տնտեսվարողները պետք է փաստաթղթավորեն իրենց շրջանառությունը, հակառակ դեպքում նրանք շրջանառության հարկ վճարողից կդառնան ավելացված հարկ վճարողներ, հետեւաբար նրանց ապրանքները մեխանիկորեն կթանկանան 20 տոկոսով, այսինքն՝ կարճ ժամանակում դուրս կմղվեն շուկայից: Պաշտոնապես այս մոտեցումը ներկայացվում է իբրեւ խոշորների ստվերի դեմ պայքարին միտված քայլ: Բայց Հայաստանի խոշոր տնտեսվարողները մոտ 40 պաշտոնյա-օլիգարխներ են, որոնք տվյալ դեպքում այդ մոտեցման հիմնական հեղինակն ու առաջ տանողներն են: Այսինքն՝ խոշորների դեմ պայքարելու մասին պնդումները, մեղմ ասած, ծաղրածույություն է:

Նշված 40 պաշտոնյա-օլիգարխները վերահսկում են Հայաստանի տնտեսության մոտ 80 տոկոսը: Դրա մեջ են մտնում նաեւ տարբեր տեսակի ապրանքներ՝ սննդամթերքից մինչեւ շինանյութ, վաճառող կրպակները եւ փոքր խանութները, սննդամթերք ու տարբեր տեսակի այլ ապրանքներ արտադրող փոքր ձեռնարկությունները: Վերջիններս վաղուց արդեն գործում են իրենց պարտադրված խաղի կանոններով. ապրանքաշրջանառության մեծ մասն իրականացնում են առանց փաստաթղթավորման, առանց ՀԴՄ կտրոններ տալու, եւ այսպես շարունակ: Նրանք գործնականում խոշորների ապրանքներն իրացնող են, ոչ ավելի, իսկ որ ամենակարեւորն է՝ ձեռներեցների այս խավը ընտրությունների ժամանակ հիմնականում հնազանդություն է դրսեւորում, քանի որ նրանցից յուրաքանչյուրի գլխին մահակ կա կախված, եւ որ պահին ցանկանա հարկային ծառայությունը, նրանց ունեցվածքը ձեռքներից կխլի:

Իսկ ՇՀՄ օրենքի դեմ բողոքողները մի ընդհանրություն ունեն. նրանք հիմնականում այն ձեռներեցներն են, որոնք տարբեր տեսակի խառն ապրանքներ են ներկրում Էմիրաթներից, Թուրքիայից եւ Չինաստանից: Նրանց թվում են նաեւ ոսկու արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող փոքր եւ միջին ձեռներեցները: Ձեռներեցների այս խումբն իր ապրանքը ներկրում է բացառապես ՀՀ իշխանությունների սահմանած խաղի կանոններով, սակայն առանց օրենքի էական խախտումների: Նրանք պահպանում են նաեւ շուկայի ստվերային կանոնները, ասենք՝ զգուշացված են, որ բջջային հեռախոսներ չպիտի ներկրեն, չեն անում, նրանց զգուշացրել են, որ իրենց ապրանքներն այս-այս բեռնափոխադրող ընկերությունների միջոցով պետք է ներկրեն, այդպես էլ վարվում են, ու այսպես շարունակ: Այս ձեռներեցները, որոնք Հայաստանի տնտեսության մոտ 20 տոկոսն են զբաղեցնում, միշտ կարողացել են այնպես անել, որ հնարավորինս անկախ լինեն: Այսինքն՝ մուծում են իրենցից պահանջվող գումարները, իսկ մնացած եկամուտն իրենցն է, եւ ոչ ոք չի կարող նրանցից խլել:

Թվում է, թե այս խումբը ՀՀ իշխանություններին չպետք է մտահոգի, ի վերջո, տնտեսության մեջ նրանց տեսակարար կշիռը շատ փոքր է, բայց փոխարենը նրանք մեծ թիվ են կազմում: Ինքնուրույն ձեռներեցների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց թիվը 400 հազարից ավել է (Հայաստանի զբաղվածների թիվը մոտ մեկ միլիոն 200 հազար է):

Հայաստանում տեղի ունեցած վերջին մի քանի ընտրությունների փորձը ցույց է տալիս՝ այս զանգվածն ի վիճակի է խառնելու ՀՀ իշխանությունների հաշվարկները: Նրանց վրա ազդեցության արդյունավետ լծակներ, որպես այդպիսին, չկան. ո՛չ հարկայինից, ո՛չ քրեական հեղինակություններից առանձնապես չեն ընկճվում: Մինչ ՀՀ իշխանություններին հաջողվել է ընտրությունների արդյունքները վերահսկողության տակ պահել բացառապես կառուցվածքային ընդդիմության բացակայության շնորհիվ: Սակայն նույնիսկ նման պայմաններում 2013 թվականի նախագահական ընտրությունների օրինակը ցույց տվեց, որ ձեռներեցների այս խումբը ՀՀ իշխանությունների համար առավել քան վտանգավոր է, եւ կարող է վառոդի դերակատարում ունենալ:

Իշխանության պահպանման համար օդ ու ջրի պես հարկավոր է, որ մինչեւ հաջորդ համապետական՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունները, ՀՀ իշխանությունները կարողնան վերահսկողության տակ վերցնել ձեռներեցների այս խմբին՝ նրանց դարձնելով հարկայինից ու ոստիկանից վախվորած մնացած փոքր ձեռներեցների պես:

ՀՀ իշխանություններին առայժ չի հաջողվում այս խնդիրը լուծել, քանի որ անհրաժեշտ իրավական լծակի դեմ հակազդեցությունը դեռեւս շատ ուժեղ է: Սակայն մեկ հաջողություն ՀՀ իշխանությունները կարողացան արձանագրել՝ իրենց ոչ իշխանական թեւին՝ ԲՀԿ-ին, գործուղեցին ձեռներեցների մոտ: Այս գործընթացի հետագա ուղին դեռ տեսանելի չի, բայց եթե այն հաջողվի, ապա իշխանությունները կկարողանան բզկտել ձեռներեցների բողոքի գործողությունները, այնուհետեւ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը կմշակեն եւ կյանքի կկոչեն խնդրի լուծման միջանկյալ տարբերակ, որը միանգամից հարցն օրակարգից չի հանի, բայց ժամանակի ընթացքում այն մեծամասամբ կլուծի՝ առնվազն զգալի պակասեցնելով ինքնուրույն ձեռներեցների թիվը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս