ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը կարդաց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը` Տիգրան Առաքելյանին դատապարտել ազատազրկման 6 տարի, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով: “Ժողովուրդ”-ը զրուցել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի հետ:
-Հայտարարեցիք, որ Դուք համաձայն չեք վճռի հետ եւ բողոքարկելու եք: Եթե Ձեր այդ բողոքն էլ մերժեն, ի՞նչ քայլերի եք դիմելու:
-Մենք պատրաստվում ենք բողոքարկել Վերաքննիչ դատարան, անկախ Վերաքննիչ դատարանի որոշումից՝ մենք շարունակելու ենք այդ գործընթացը, սպառելու ենք մեր բոլոր պետական ատյաններն ու դիմելու ենք Եվրադատարան:
-Նշել եք, որ այս վճիռը քաղաքական պատվեր է, ըստ Ձեզ՝ ո՞ւմ կողմից է այդ պատվերը, եւ ինչո՞ւ հենց ՀԱԿ ակտիվիստների դեմ:
-Սա քաղաքական պլան է, որն իրագործում են այս իշխանությունները, սա առանձին պատվեր չէ ինչ-որ մեկի նկատմամբ, իշխանությունների կողմից իրականացվող ծրագիր է: Իսկ պատվիրատուն Բաղրամյան 26-ում իրեն նախագահ համարող անձնավորությունն ա՝ Սերժիկ Սարգսյանը: Այս քայլով ուզում է իր ռեժիմը պահպանել` վտանգ ներկայացնող քաղաքացիներին ճնշելու, հնարավորինս վախեցնելու մեթոդներով:
-Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը վախենո՞ւմ է ՀԱԿ երիտասարդներից:
-Սերժիկ Սարգսյանը վախեցած է ոչ միայն ՀԱԿ երիտասարդներից, այլեւ յուրաքանչյուր երիտասարդից,  որը դուրս է գալիս փողոց ու պատրաստակամություն է հայտնում պայքարել Սերժիկ Սարգսյանի ռեժիմի դեմ: Ուղղակի մենք այս տարիների ընթացքում եղել ենք պայքարի առաջին շարքերում, եւ իմ կարծիքով՝ դա է պատճառը, որ մեր դեմ նման վճիռ են կայացրել, որով ուզում են ցույց տալ, թե այդ երիտասարդներին, որոնք 5 տարի անընդմեջ պայքարում են առաջին գծում, սենց ենք անելու, պատկերացրե՛ք՝ ձեզ հետ ինչ է լինելու: Կամ չփորձեք դուք էլ վճռական լինել հարցերում, քննադատություն հնչեցնել իշխանության հասցեին:
-Ի՞նչ է անում Հայ ազգային կոնգրեսը Ձեզ համար, միշտ նման դեպքերում ստորագրահավաք է կազմակերպվում, ակցիաներ են իրականացվում: Գո՞հ եք ՀԱԿ-ի վերաբերմունքից:
-Կոնգրեսն այն ուժն է, որի ներկայացուցիչն եմ ես, որն իր ամբողջ ռեսուրսով պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու: Այդպիսի հարցն ուղղակի ծիծաղելի է, չի կարելի գոհ կամ դժգոհ լինել, ես ուղղակի գիտեմ, որ մենք Կոնգրեսով թիմ ենք, կուռ թիմ ենք, ու Կոնգրեսն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու է, որ իր ոչ մի անդամ, իր ոչ մի մասնիկ չդառնա այս ռեժիմի զոհը: Ու նման հարց լինել չի կարող` մենք գոհ ենք ՀԱԿ-ից, թե ոչ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս