ՁԵՌՔԴ Ե՛Տ ՏԱՐ ՎԱՆՈՅԻ ԱՆՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի թեման այսօր դարձել է ամենաշատ քննարկվող հարցը: Այս թեմայի մասին խոսում են շատ-շատերը՝ գրեթե առանց բացառության. խոսում են հասարակական-քաղաքական շրջանակները, խոսում են պարզապես հասարակ քաղաքացիները:
Այն, որ Վանոյի վերադարձի հասարակական պահանջ կա, ակնհայտ է: Դեռ ավելին, այս պահանջը եղել է մշտապես՝ Վանոյի հեռանալու առաջին իսկ օրից սկսած, որովհետեւ Վանոն ուրիշ էր, եւ ուրիշ էր նաեւ Վանոյի տեսակը: Արդեն 12 տարի է՝ Վանոն հարկադիր տարագրության մեջ է. Վանոն քաղաքական հալածյալ է: Ընդ որում, նա եղավ այս ռեժիմի կողմից առաջին հալածվողը: Սա պատահական չէր. 1998թ. հեղաշրջումից հետո Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգը հաշվեհարդարների իր շարքը սկսեց նրանից, քանի որ Վանոն լուրջ վտանգ է ներկայացնում սրանց համար, որովհետեւ Վանոյի ներկայությունն արդեն իսկ անհարմարություն էր պատճառում «հայրենիքը իրենց համար յոնջայի դաշտ դարձրած նախիրի համար»: Եվ ուրեմն՝ Վանոյի վերադարձը չունի այլընտրանք: Վերադարձը՝ իր հայրենիք, այն պետություն, որի ստեղծման ու կայացման ակունքներում կանգնած է նա:  
Միայն թե, օգտագործելով Վանոյի վերադարձի թեման, այսօր ոմանք նրա անունը դարձրել են մատի փաթաթան եւ նրա անվան տակ փորձում են հյուսել մանր-մունր քաղաքական ինտրիգներ, երբեմնի զինակից ընկերներին պախարակել, իշխանության քաղաքական հակառակորդներին չեզոքացնել՝ չզլանալով ձեռքի հետ էլ ցուցմունք տալ հենց Վանոյի դեմ: Կրկին ենթատեքստը մեկն է. հարվածել ու վարկաբեկել ՀՀՇ-ին, ՀԱԿ-ին՝ օգտագործելով Վանոյի անունը: Բավական է հետեւել, թե ովքեր են խոսում Վանոյի անունից, շահարկում այդ անունը, ովքեր են տիրաժավորում ու տարածում այն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: 1998թ. հետո շատերը քաղաքական գործիչ դարձան հենց ՀՀՇ-ին հայհոյելու շնորհիվ, ու հիմա կրկնվում է նույնը: Իսկ Վանոյի խոսքերով ասած. «Ամրապնդվել ըստ ամենայնի եւ միջոցների մեջ խտրություն չդնելով: Բացարձակ անպատկառությամբ: Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլեւ առանց տարրական ամոթի զգացման»:
Պարզ է նաեւ այս ամենի ենթատեքստը. նախ՝ սեպ խրել Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի հարաբերությունների մեջ: Բայց որ ամենակարեւորն է՝ հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե Տեր-Պետրոսյանը չի ցանկանում Վանոյի վերադարձը: Ու որպեսզի այս թեզը համոզիչ հնչի, գործի է դրվում մեկ այլ ոճ. տարածել տեսակետ, թե իշխանությունների «հախից կարող է գալ» միայն Վանոն, իսկ Տեր-Պետրոսյանը գնալով զիջում է դիրքերը, եւ այդպես շարունակ: Միայն թե՝ դա անել մսխելով Վանոյի անունը, այդ քաղաքական կապիտալը: Մի խոսքով՝ վրա է հասնում հերթական խառնակության ժամանակը:
Հ.Գ. Մի փոքր նախապատմություն. ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն անկեղծացել ու պատմել էր՝ 2011թ. գարնանը, երբ առավել քան լարված էր ներքաղաքական վիճակը, երբ շարունակում էին բանտերում մնալ քաղբանտարկյալները, իսկ Հայ ազգային կոնգրեսը բավական մեծաքանակ հանրահավաքներ էր անցկացնում, մարտի 31-ին նախագահականում ԱԺ պատգամավորներից մեկը Սերժ Սարգսյանին առաջարկել էր ՀՀ անկախության 20-ամյակի համատեքստում ներում շնորհել Վանո Սիրադեղյանին, կարճել նրա դեմ հարուցված քրեական գործն ու հնարավորություն տալ վերադառնալ: Ս. Սարգսյանն իրեն հատուկ անվճռականությամբ ո՛չ մերժել էր առաջարկը, ո՛չ էլ հավաստիացրել, որ այդ քայլին կգնա: Ու հավանաբար նրա խորհրդատուները կրկին «մեյդան» են բերել այս թեզն ու սեպտեմբերին սպասվելիք զարգացումներից, քաղաքական վերադասավորումներից, նախագահական ընտրություններից առաջ փորձում են շեղել հասարակական ուշադրությունը: Իհարկե, ձեռքի հետ էլ լուծելով Կոնգրեսին հերթական անգամ հարվածելու ծրագիրը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս