ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՐԱՍԱՆԸ` ՈՏՔԻ ՏԱԿ
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կարծիքով՝ այսօրվա սերիալները շատ տգեղ են ու գռեհիկ. «Ասում են՝ շատ բաներ արգելվում է, բայց ես դա չեմ նկատում: Ամեն ինչ հասարակությանը տանում է դեպի տգիտություն, անճաշակություն»: Իսկ դերասանուհի Լալա Մնացականյանի խոսքերով էլ՝ որպեսզի շատ արագ հասցնենք սերունդ փչացնել, ընդամենը պետք է շարունակել տիրող իրավիճակը: «Այն, ինչ հիմա թույլ ենք տալիս, մեր մեղքն է: Բայց հարցը կարելի է լուծել, եթե լինի պետական տեսակետ: Ցանկացած հարցում եթե խառնվում է պետությունը, այն արագ լուծվում է: Չի կարելի ոչինչ արգելել, պարզապես պետք է գտնել ճանապարհներ: Արվեստի ոլորտ մտել ենք վաճառողի հոգեբանությամբ, սպառողի հոգեբանությամբ էլ հայտնվել ենք մշակութային դաշտում: Սերիալ չնկարել չես կարող, բայց մի քանի շտրիխ է պետք դրանք շտկելու համար: Այսօր կրոսվորդ լուծողը սերիալի սցենար գրող է դարձել: Դերասանությունը ոտքի տակ է: Դերասանն էլ նկարահանվում է սերիալում, որովհետեւ թատրոնում ընդամենը 32 հազար դրամ է ստանում»,-ասել է դերասանուհին, որը, ի դեպ, ինքն էլ տեւական ժամանակ նկարահանվում էր  նման սերիալներում:

ԲՀԿ+ՍԵՐԺ=ՍԵՐ
«Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սէֆիլյանը համոզված է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. «Այսօր ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ԲՀԿ-ում որոշումներ ընդունում է Սերժ Սարգսյանը, եւ չարժե այդ կուսակցությանը որպես ընդդիմություն ընդունել, իսկ 2013-ին Սերժ Սարգսյանը կրկին կդառնա նախագահ, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն»։

ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Սամվել Ղուկասյանը: Հիշեցնենք, որ նրա նախորդ պաշտոնակիցը՝ Արմեն Սահակյանը, այդ պաշտոնից ազատվեց այս տարվա մարտի 31-ին: Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ազատման պատճառը ՌՈ Երեւանի կայազորի շենքում զինվորին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպն էր:

ՉՈ՛Ր ՊԱՀԵՔ
Սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը երեկ լրագրողներին ասել է, որ  լողավազան կամ ծովափ գնացած մարդիկ երկար ժամանակ մնում են թաց լողազգեստով կամ նույնիսկ ճանապարհ ընկնում դրանցով, ինչն էլ հանգեցնում է սեռական մի շարք բորբոքային հիվանդությունների առաջացման։ «Եթե լողալուց հետո նորից ջուրը չեք մտնելու, անհրաժեշտ է փոխվել, իսկ հակառակ դեպքում չորանալ արեւի տակ»,-զգուշացրել է բժիշկը:

ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐԸ
Երեկ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ընդհատել է «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, քանի որ նիստի ժամանակ մեղադրյալներից Ս. Հովակիմյանը կտրել է երակները: Դատավոր Մխիթար Պապոյանը հանձնարարել է շտապօգնության մեքենա կանչել, որից հետո  Հովակիմյանին դուրս են բերել նիստերի դահլիճից, սակայն ոչ թե հիվանդանոց են տեղափոխել, այլ հենց դատարանում բուժօգնություն ցուցաբերել:

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել հանրապետությունում «Պատվավոր մայր» եւ «Մայրական սխրանք» կոչումներ սահմանելու՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի օրենսդրական առաջարկին: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ կառավարությունն աննպատակահարմար է համարում Բալասանյանի օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ գործադիրն արդեն իրականացնում է ծնելիության աճը խրախուսելու միջոցառումներ: Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանն իր օրենսդրական նախագծով առաջարկում էր 10 եւ ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «Պատվավոր մայր» կոչում եւ հանձնել մեդալ: Ութ-ինը երեխա ունեցողների համար առաջարկվում էր սահմանել «Մայրական սխրանք» առաջին աստիճանի, 6-7 երեխաների դեպքում` երկրորդ աստիճանի, իսկ 4-5 երեխաների դեպքում` երրորդ աստիճանի կոչումներ, որոնք պետք է նյութական եւ բարոյական աջակցության հիմք դառնային:




Լրահոս