ԿՐԱԿՈՑ «ԶՈՆԻ ՔԱՋԻ»` ԶՈՔԱՆՉԻ ՏԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանը (ՎԴ) մեղադրող կողմի բողոքի հիման վրա բեկանել է Արարատ Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռը եւ կրկին ուղարկել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Այլ կերպ ասած` ՎԴ-ն գտել է, որ հոր «բաջանաղին» հրազենային կրակոցով վիրավորած Արարատին պետք է դատել ոչ թե դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, այլ սպանության փորձի համար:
Նախաքննական մարմինը քրգործը հարուցել է սպանության փորձի հատկանիշներով, իսկ հետո այն լրացրել եւ 37-ամյա Ա. Բաղդասարյանին ավելի խիստ մեղադրանք է առաջադրել` հանրորեն վտանգավոր եղանակով (34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով) մահափորձ կատարելու համար:
Ըստ քրգործի նյութերի` ամեն ինչ սկսվել է երկու «բաջանաղների»` Վազգեն Բաղդասարյանի եւ Միհրան Գրիգորյանի զոքանչի տան պատմությունից. վեճի առարկան եղել է այն, թե նրանցից ում անունով պետք է անվանափոխվի տունը: Եւ ահա 2010-ի հուլիսի 15-ին երկու «բաջանաղների» միջեւ հեռախոսով նույն թեմայի շուրջ հայհոյախառը բուռն վեճ է ծագել, եւ Վազգենի երկու որդիները` Սերգեյն ու Արարատը, որոշել են հաշիվ պահանջել հոր քենակալից: Հեռախոսավեճի հարցերը պարզաբանելու նպատակով Արարատի կրտսեր եղբայր Սերգեյն ու Միհրան Գրիգորյանը պայմանավորվել են իրենց մեկական ընկերների հետ մեքենաներով հանդիպել Երեւանի Նոր Արեշի «Սառնաղբյուր» սրճարան-գարեջրատան դիմացի հատվածում: Ժամը 23:30-ի սահմաններում Միհրանն ու Սերգեյը հանդիպել են նշյալ վայրում, քննարկել հարցը, միմյանց հասկացել եւ որոշել գնալ Բաղդասարյանների տուն: Մինչ մեքենան նստելը` Միհրանը գնացել է Սառը ջուր ցայտաղբյուրից ջուր խմելու:
Ըստ մեղադրական եզրակացության` նույն հեռախոսավեճի պատճառով Միհրանին սպանելու նպատակով անհայտ ավտոմեքենայով «Սառնաղբյուր»-ի դիմացի հատված է գնացել Արարատը՝ իր հետ վերցնելով հրազենային գնդակով լիցքավորված, իրեն պատկանող «TO3-34EP» տեսակի 12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը: Հասնելով դեպքի վայր ու իջնելով ավտոմեքենայից՝ շուրջ 4,5 մ հեռավորությունից կրակել է Միհրանի վրա: Ըստ նախաքննական մարմնի` Արարատը սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ անմիջապես հավաքվել են մարդիկ, Սերգեյ Բաղդասարյանն անհապաղ տուժողին տեղափոխել է հիվանդանոց, եւ բժշկական շտապ միջամտության շնորհիվ փրկվել է Միհրանի կյանքը: Այդ պատճառով էլ մեղադրանքը որակվել է որպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մահափորձ:
Մինչդեռ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ մեղադրանքը պետք է վերաորակվի 112 հոդվածի` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը` մի քանի հանգամանքներ հաշվի առնելով: Նախ՝ տուժող Միհրանն իր ցուցմունքում նշել է, որ Արարատի հետ միշտ գտնվել է բարիդրացիական հարաբերությունների մեջ: Դեպքի օրը, երբ Սառը ջուր աղբյուրի մոտակայքում տարաձայնությունները հարթելուց հետո որոշել են բոլորով գնալ Վ. Բաղդասարյանի տուն, ինքը մոտեցել է, որ ջուր խմի: Այդ պահին կուրացնող լույսերով դեպի իրեն է եկել արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որից իջած մի անձ զենքը հանել ու անմիջապես կրակել է: Այդ ամենն այնքան արագ է եղել, որ տուժողը չի հասցրել տեսնել մեքենայի մակնիշը եւ իրեն կրակող անձին: Իր՝ վայր ընկնելուց հետո առաջինը օգնության է հասել Սերգեյը, հետո մոտեցել է նաեւ Արարատը: Տուժողը նաեւ հայտնել է, որ կրակոցի պահին իր շուրջը եւ ընդհանրապես այդ վայրը մարդաշատ չի եղել, Արարատի կողմից իրեն կրակելու վերաբերյալ առաջին անգամ լսել է կնոջից, ում հայտնել էին ոստիկանության աշխատակիցները: Ըստ տուժողի` Արարատն իրեն վնաս պատճառելու առիթ չի ունեցել:
Ամբաստանյալ Արարատ Բաղդասարյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալ:
Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը տուժողին դիտավորությամբ, հրազենային կրակոցով առողջությանը ծանր, կյանքի համար վտանգ սպառնացող մարմնական վնասվածք է հասցրել: Ապա նշել է, որ Արարատի գործողություններն ուղղված չեն եղել տուժողին կյանքից զրկելուն. նա հրազենից կրակելուց հետո գտնվել է դեպքի վայրում, եւ չի եղել որեւէ խոչընդոտ` հանցագործությունն ավարտին հասցնելու եւ տուժողին կյանքից զրկելու, եթե, իհարկե, Արարատն ունենար նման մտադրություն: Բացի դա, ըստ տուժողի ցուցմունքի, երբ ինքը վիրավորվելուց հետո բացել է աչքերը, իր գլխավերեւում իրեն օգնողների մեջ տեսել է Արարատին, իսկ իրեն հիվանդանոց է տարել ամբաստանյալի եղբայր Սերգեյը… Այսինքն՝ սպանելու դիտավորություն չկա. եթե Արարատը ուզենար սպանել` կսպաներ, քանի որ հրացանը երկփողանի էր, կարող էր երկրորդ կրակոցն արձակել, խոչընդոտող էլ չկար:
Մինչդեռ, ըստ քրդատօրի 34-րդ հոդվածի` հանցափորձն ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը կամ անգործությունն է, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եւ եթե այն ավարտին չի հասցվել հանցավոր անձի կամքից անկախ հանգամանքներով: Բացի դրանից, տուժողը նշել է, որ Արարատի հետ նախկինում գտնվել է բարիդրացիական հարաբերությունների մեջ եւ չի հավատում, որ նա ցանկություն է ունեցել սպանել իրեն: Միաժամանակ դատարանը գտել է, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ա. Բաղդասարյանի կատարած արարքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով որակելու համար, քանի որ այդ պահին դեպքի վայրում այլ մարդիկ չեն եղել, կրակոցի ուղղությունն էլ եղել է դեպի անմարդաբնակ հատվածը: Հետեւաբար դատարանը Ա. Բաղդասարյանի գործողությունը վերաորակել է եւ դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով եւ համաներման ակտով պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ քառորդով: Սակայն մեղադրողը պահանջել է խիստ` իր առաջադրած մեղադրանքին համարժեք պատիժ: ՎԴ-ն բավարարել է բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս