ՁԵՌՔԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր շարունակ լուրեր են պտտվում, որ Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններից մեկի երիտասարդ ակտիվիստները, ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ստորագրահավաք են կազմակերպում. բախում են գյումրեցիների բնակարանների դռները եւ համոզում ստորագրել այն թղթի տակ, համաձայն որի՝ իբր գյումրեցիները պահանջում են, որ Վարդան Ղուկասյանը դարձյալ՝ 5-րդ անգամ առաջադրի իր թեկնածությունը: Թե ովքեր են իրական նախաձեռնողները, դժվար չէ կռահել:
Պատահական չէ, որ երբ Վարդան Ղուկասյանը հանդիպման էր հրավիրել ՀԿ ներկայացուցիչներին, ասում էր, որ գյումրեցիները «խեղդում են իրեն, բռնել են կոկորդը, թե անպայման առաջադրվի»: Հիմա փորձ է արվում պատրանք ստեղծել, որ իսկապես գյումրեցիները պահանջում են, որ Գյումրիում վերստին իշխի ղուկասյանական կլանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւս նման խումբ է ստեղծվել: Գյումրեցիներին համացանցի միջոցով էլ փորձում են տեղեկացնել՝ որ թաղամասում են հավաքվելու, եւ որտեղ է հնարավոր միանալ խմբին՝ կազմակերպվելիք ակցիաներին մասնակցելու համար: Տեղի ունեցած գործընթացը իսկապես խեղկատակություն է, որովհետեւ քիչ կլինեն գյումրեցիներ, իհարկե եթե հաշվի չառնենք Ղուկասյանի մերձավոր շրջանակներին, որ բողոքի ձայն կբարձրացնեն, ակցիաներ կանեն, թե հետ բերեք մեր քաղաքապետին:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից փորձեցինք ճշտել, թե ովքեր են ստորագրահավաքի իրական նախաձեռնողները, ինչու են բախում գյումրեցիները դռները…
Ալեքսանովը վերջին շրջանում բոլոր հարցերին նույն կերպ է արձագանքում. «Ճիշտն ասած, երեկ աշխատանքի չեմ գնացել, չգիտեմ»: Տպավորություն է ստեղծվում, որ աշխատակազմի ղեկավարն օրեր շարունակ չի ներկայանում աշխատանքի: Ամեն դեպքում, Ալեքսանովը հավելեց, որ լուրջ չի համարում երիտասարդների կողմից նման նախաձեռնությունը, եւ որ Վարդան Ղուկասյանը դժվար թե հույսը երիտասարդների վրա դնի:
Մեր մյուս հարցերին՝ կապված քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի շուրջ պտտվող տեղեկությունների հետ, նա արձագանքեց, որ ինքը որեւէ բան չի կարող ասել, որովհետեւ ոչինչ չգիտի եւ հորդորեց այդ հարցերն ուղղել Սպարտակ Ղուկասյանին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս