ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ սերիալների մեծամասնությունը դաստիարակչական բնույթ չի կրում,  հասկացել են մեզանից շատերը, սակայն կա մի հոծ զանգված, որ դեռ շարունակում է ուշադիր հետեւել սերիալներին` բաց չթողնելով եւ ոչ մի սերիա: Պարզվում է՝  Հայաստանում կա երիտասարդ ակտիվիստների մի խումբ, որը բացարձակապես դեմ է ամեն տեսակ վատորակությանն ու նույնիսկ բողոքի ձայն է բարձրացնում հեռուստասերիալներում ցուցադրվող բռնությունների դեմ:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման եւ գենդերային հավասարության ջատագովման առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալների սյուժեի եւ բովանդակության նկատմամբ:
Ահա թե ինչ հաղորդագրություն էին նրանք տարածել. «Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 եւ ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականն ու ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:
Այս առիթով հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, կազմակերպվում է խոշոր հանրային միջոցառում»:

Ակցիայի մասին ավելի մանրամասն զրուցեցինք «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար ԱՆՆԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:
-Ինչո՞ւ հենց այդ սերիալը:
-Ակցիան ոչ թե կոնկրետ «Դժվար ապրուստ»-ի դեմ է, այլ գենդերային հիմքերով բռնություն քարոզող սերիալների, իսկ վիճակագրության համաձայն՝ այն ամենառեյտինգայինն է: Ու քանի որ հենց այս սերիալում կանանց դեմ բռնություններն անհամեմատ մեծ տոկոս են կազմում, որոշեցինք հենց դրան էլ անդրադառնալ:
-Ի՞նչ է սպասվում այդ բողոքի ակցիայի ժամանակ:
-Միջոցառման ընթացքում հրապարակվելու են «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի՝ մեր կողմից իրականացված ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:
-Արդյոք նման միջոցառումները կշարունակվեն:
-Մեր վերջնական նպատակն այն է, որ հեռուստատեսությամբ անընդհատ չտեսնենք ծեծի, բռությունների ենթարկվող, լացող, ընկճված կանանց, որովհետեւ դա շատ սխալ դերային մոդել է, ու տպավորություն է ստեղծվում, թե հայ կինը միայն այդ կերպարում է հանդես գալիս մեր հասարակությունում:
Այնինչ այդ նույն սերիալներում կարելի է ներկայացնել մասնագիտական հաջողություններ ունեցող կնոջ կամ կնոջ, որն ընտանիքում է ու չի ծեծվում: Պետք է փորձել եթերից մաքրել բռնություն քարոզող ցանկացած բան՝ լինի դա սերիալ, թե այլ հաղորդում:
-Ձեր ՀԿ-ն զբաղվում է կանանց իրավունքներով, արդյոք Ձեր կազմում կան տղամարդիկ:
-Անկեղծ ասած, ստեղծվել է կանանց աջակցությամբ, բայց հիմա արդեն ունենում ենք տղամարդ կամավորներ: Եթե ուզում ենք հաջողության հասնել, տղամարդկանց օգնությունն անհրաժեշտ է: Կարծում եմ՝ խելացի եւ ինտելեկտով տղամարդն ինքն էլ չի ուզենա իր կողքին ընդունել մի կնոջ, ում համար ծեծը, բռնությունը կամ լացը նորմալ երեւույթ է: Տղամարդիկ իրենք էլ են գիտակցում գենդերային հավասարության կարեւորությունը:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայ կնոջ դերակատարությունը մեր հասարակության մեջ:
-Երկու սեռն էլ ունեն իրենց դերակատարությունը, իսկ ինչ վերաբերում է նրանց իրավունքներին, ապա հասարակության մեջ պետք է դրանք հավասար լինեն: Սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանը դեռեւս հեռու է այդ հավասարությունից, ինչը առաջին հերթին գալիս է գենդերային հավասարության սխալ ընկալումից: Բոլորին թվում է` գենդերային հավասարությունն ինչ-որ վատ բան է, որը խարխլելու է մեր ընտանիքները, այնինչ դա առողջ ընտանիք ունենալու ամենաառաջին գործոնն է:
-Իսկ ո՞ւր մնաց մեր հայկական ավանդական ընտանիքի մոդելը, որտեղ հայ կինը խոնարհ է, իսկ տղամարդը՝ կարգադրողի դերում:
-Ես եւ մեր ՀԿ-ի անդամները չենք ընդունում այդ մոդելը, չեմ էլ կարծում, որ մեր մշակույթն այդ մոդելն է քարոզում, ու որեւիցե մեկին բռնության ենթարկելը մշակույթի մասնիկ պետք է լինի: Բայց դա չի նշանակում, որ մեկնումեկը պետք է ավելի խոնարհ ու ենթակա լինի եւ չունենա այդ նույն հնարավորությունները, ինչ հակառակ սեռի ներկայացուցիչը միայն գենդերային կամ սեռային պատկանելության պատճառով: Մենք վերցրել ենք մեր ավանդույթների ամենավատ հատվածները, դրանք վերածել կարծրատիպերի ու դարձել դրանց զոհերը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս