ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՋԱՏԱՐ
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին համարում է իր գլխավորած ակումբի իսկական առաջատարը: «Յուրայի բարձր կարգը որպես ֆուտբոլիստ ենթակա չէ քննարկման: Նա իսկական առաջատար է ինչպես մեր թիմում, այնպես էլ Հայաստանի հավաքականում: Սակայն կարծում եմ` նա դեռ ապացուցելու բան ունի եւ կշարունակի աճել»,-նշել է Մուսլինը:

ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ
3-ամյա Հարվեյը տարօրինակ հիվանդություն ունի: Ցերեկային լույսը կուրացնում է նրան, եւ նա ստիպված է հատուկ ակնոց կրել, որն օգնում է տեսնել: Ծնողները փակ են պահում տան վարագույրները, որպեսզի Հարվեյը կարողանա տեսնել իրենց դեմքերը: Նրանք ստիպված են մթնեցնել ամեն ինչ, որպեսզի երեխան կարողանա տեսնել: Հարվեյը դնում է իր ակնոցը, երբ արթնանում է եւ կրում է այն մինչեւ քնելը:

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2013թ. մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի հավաքականի հետ: ՀՖՖ-ի եւ Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ ստորագրվել է պայմանագիր Երեւանում Հայաստան-Թուրքմենստան ընկերական հանդիպման անցկացման մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրել են նաեւ 2004թ. ապրիլի 24-ին: Այդ խաղում Հայաստանի թիմը Արա Հակոբյանի խփած գոլի շնորհիվ հաղթել էր նվազագույն հաշվով:

ԱՄԵՆԱԹԱՆԿՆ ԵՆ
Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալներն ամենաթանկն ու ամենածանրն են խաղերի պատմության մեջ: Օլիմպիական մեդալների պատրաստման համար օգտագործվել է ութ տոննա ոսկի, արծաթ եւ պղինձ, որոնք բերվել են Մոնղոլիայից եւ ԱՄՆ-ի Յութա նահանգից: Պեկինի օլիմպիական խաղերի հետ համեմատած` ոսկու եւ արծաթի գինը բարձրացել է երկու անգամ: Լոնդոնի մեդալները կշռում են 410 գրամ, իսկ Պեկինիինն ընդամենը 200 գրամ էին:

ՍԽԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ ԽՍՀՄ նախկին երկրներին ընդգրկելով Ռուսաստանի կազմի մեջ: Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանի մասին տեղեկատվությունում որպես ծննդավայր նշված է Հայաստանը, իսկ որպես տարածաշրջան` Ռուսաստանը: Ալոյանից բացի, սխալ տեղեկատվություն է հրապարակվել նաեւ ձյուդոյիստ Արսեն Գալստյանի եւ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի ծննդավայրի վերաբերյալ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս